Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԴԻՈԴՊՐՈՑԻ ՆԱՀԱՊԵՏԸ



ՌԱԴԻՈԴՊՐՈՑԻ ՆԱՀԱՊԵՏԸԲավական երկար ժամանակ է, որ ուզում եմ գրել Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցի վաստակաշատ մանկավարժներից մեկի՝ Ալֆրեդ Կարապետյանի մասին, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Երևի հիմնական պատճառն այն էր, որ երես առ երես հանդիպելուց առաջ ուզում էի ավելին իմանալ այդ ալեզարդ,  միշտ ժպտերես մարդու  մասին: Մարդ, որ մի ամբողջ կյանք` երեսունչորս տարի շարունակ, միշտ կոկիկ հագնված, դանդաղ, փոքր-ինչ մտախոհ քայլերով  շտապում է ռադիոդպրոց` դասի: Նա դպրոցի տարբեր սերնդի սաների սիրելին է, ռադիոդպրոցի ոգին, շատերի կարծիքով` խորհրդանիշը:

Ընկեր Կարապետյանը, այսպես են նրան դիմում բոլորը, Կալինինգրադում ծառայելու տարիներին հմտացել է ռադիոկապի մասնագիտության մեջ, ստացել ռադիոտեխնիկ-տեխնոլոգի որակավորում: Հետո ինքնակրթությամբ դարձել է ռադիոկապավորի եզակի և բարձրակարգ մասնագետ:

-Դպրոցի հիմնադրումից մինչ օրս ընկեր Կարապետյանը  դպրոցում է և իր աշխատանքը կատարում է  սիրով ու նվիրվածությամբ:  Նա հավասարապես և՛ լավ մանկավարժ է, և՛ որակյալ կապավոր,- վաստակաշատ կապավորին ներկայացնում է դպրոցի տնօրեն Թամարա Մկրտչյանը:- Նա իր գործում, պատկառելի տարիքը մոռացած, երբեք չի թերանում, երբեք չի զլանում, կարող է առանց տրտնջալու ու հոգնության  պատմել, բացատրել, պարզաբանել… Հավատացե՛ք, պետք եղած ժամանակ նույնիսկ կիրակի օրերին է պարապմունքներ անցկացնում: Ինչպես ինքն է ասում` բանակին պետք են անթերի և օպերատիվ աշխատող կապավորներ:

Ալֆրեդ Կարապետյանն ամենից շատ կարևորում է գործնական պարապմունքները: Տարիների փորձից գիտե, որ  լավ կապավոր են դառնում  ամենօրյա և ամենժամյա քրտնաջան վարժանքի շնորհիվ միայն: Որպես կանոն, նրա աշակերտները ծառայության ընթացքում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, արժանանում վերադաս հրամանատարության գովասանքին և պարգևներին:

Ծառայությունից տուն վերադարձող յուրաքանչյուր զինվոր իր հոգու պարտքն է համարում այցելելու ռադիոդպրոց  և տեսնելու իր սիրելի ուսուցչին, որի դասերը նրան օգնել են ծառայության բոլոր օրերին, ինչը ծերունազարդ ուսուցչի համար իր կյանքի և աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

-Մեր դպրոցի բազմաթիվ հաջողությունների համար (այդ մասին վկայում են բազմաթիվ պատվոգրերն ու պարգևները, բանակի բարձրաստիճան զինվորականների գնահատականները) մենք առաջին հերթին պարտական ենք մեր դպրոցի նահապետին,- ասում է տիկին Թամարան ու  ցույց է տալիս տարիների վաղեմության մի քանի լուսանկարներ:- Այս լուսանկարներում արտացոլված է մեր դպրոցի կյանքը, և ինչպես տեսնում եք, ընկեր Կարապետյանը անբաժան է մեզնից:

Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցը ավանդույթներ ունեցող և ավանդույթներով ապրող դպրոց է: Ամեն նոր սերունդ նախորդի բարի գործի շարունակողն է դառնում: Այստեղ անգամ շրջում են ավանդական դարձած արտահայտություններ, որոնք վաղուց արդեն թևավոր խոսքի արժեք են ստացել: Ամենից տարածվածը, որ կլսեք դպրոցի բոլոր մանկավարժների շուրթերից, հետևյալ արտահայտությունն է. «Մենք տանը տղամարդ ենք տալիս, բանակին`  բարձրակարգ զինվոր կապավոր»:

 

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Բանակ և հասարակություն


01/07/2015