Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՌՆ Ի ՎԵՐ



ԼԵՌՆ Ի ՎԵՐՕրերս Երեւանի Շախմատի տանը տեղի ունեցավ «Այսպես դարձանք գերտերություն. Հայկական շախմատի համառոտ պատմություն» գրքի շնորհանդեսը:

Հեղինակներ Գագիկ Մինասյանը եւ Ռաֆայել Չատինյանը գրքում ներկայացրել են հայկական շախմատի զարգացման պատմությունը, հայ շախմատիստների խաղացած ուշագրավ պարտիաների վերլուծություններ, հարցազրույցներ հայ անվանի շախմատիստների հետ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, անվանի գրոսմայստերներ, շախմատի նվիրյալներ:

«Այսպես դարձանք գերտերություն» գրքի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը հեղինակի՝ «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, շախմատի, շախմատիստների մասին բազմաթիվ գրքեր կան տպագրված: Ի՞նչ նպատակով է գրվել այս գիրքը:

– Հիմնական նպատակը հայկական շախմատի պատմությունը ներկայացնելն է, թե ինչպես մենք դարձանք շախմատային գերտերություն: Փառաբանվել է հայ միտքը, հայ հանճարը, ցույց է տրվել, որ բոլորովին էլ պատահական չէր, որ Հայաստանը դարձավ շախմատային գերտերություն. հայ ժողովուրդը բանականության, մտքի ժողովուրդ է, եւ գիտության, մշակույթի տարբեր ասպարեզներում մշտապես էլ հաջողություններ է գրանցել բոլոր ժամանակներում:

Գիրքը սեփական ուժերին ապավինելու, ինքներս մեզ հավատալու, մեզ ճանաչելու և գնահատելու, ժամանակի մարտահրավերները հաղթահարելու, չհուսահատվելու եւ շարունակական հաղթանակներ ձեռք բերելու գաղափարական հենք ունի:

-Հետաքրքիր է՝ Հայաստանում շախմատի մասին առաջին հավաստի տեղեկությունները, հիշատակությունները ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում:

– Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, որտեղ առաջինն է տարածվել այս խաղը: Ոսկեդարի (5-րդ դար) բառապաշարն ամփոփող «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունում ամրագրված է, որ ճատրակ եւ դրա ռամկական՝ սատրանջ-սաթրինջ հոմանիշներն արդեն լայն կիրառություն ունեին Հայաստանում դեռեւս վաղ միջնադարում: Հետաքրքրական, անգամ դիպուկ է նաեւ եզրույթների մեկնաբանությունը՝ խաղ, որում գործում են ռազմի կանոնները:

Ըստ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու՝ Հայաստանում շախմատն սկսել է զարգանալ 9-րդ դարից: 1222թ. Անիում Առաքել Անեցին եւ Մխիթար Կլելկանցին արաբերենից հայերեն են թարգմանել մի երազահան, որի որոշակի հատվածը նվիրված է սատրինճ (ճատրակ) եւ այլ խաղերի մեկնաբանությանը: Գեղեցիկ մի պատկեր էլ հանդիպում ենք Գրիգոր Տղայի (13-րդ դար) բանաստեղծություններից մեկում.

Աշխարհ’ի խաղ անկեալ

Որպես ճատրակ է…

-Շախմատը մտքի խաղ է, մարզաձեւ, արվեստ… Շախմատը դիտարկվում է նաեւ որպես պատերազմների մանրակերտ պատճենը, որպես ռազմարվեստի ուսուցման առարկա:

-Այո՛, շախմատը եղել է նաեւ ռազմարվեստի դասավանդման յուրատեսակ միջոց, որը որպես ռազմական խաղ դիտարկելու ավանդույթը գալիս է հեռավոր անցյալից: Միջնադարի արաբ միապետներից մեկը՝ Խալիֆ ալ Մամունը՝ Հարուն ալ Ռաշիդի որդին, պնդում էր, որ ոչ մի էական տարբերություն չի տեսնում ռազմադաշտում եւ շախմատի տախտակի վրա մղվող կռիվների միջեւ: Արաբ պատմաբան Միսկավեյխն էլ կոչ էր անում ապագա հրամանատարներին սովորել շախմատ խաղի նրբությունները: Հայ զորավարներից շատերն են սիրել շախմատը՝ Անդրանիկը, Դրոն, Նժդեհը, Հովհ. Բաղրամյանը:

1815թ. շախմատը պարտադիր առարկա էր դանիական բանակի ռազմական ակադեմիայում: Ուշագրավ է ակադեմիայի ղեկավարի հիմնավորումը. «Այն խաղը, որ ունի մոտ 72 հազար տարբեր եղանակներ առաջին երկու քայլերը կատարելու համար, չի կարող օգտակար չլինել ապագա սպաներին՝ արագ փոփոխվող իրադրությունում համապատասխան հակաքայլ ձեւավորելու առումով»: Շախմատի դասավանդումը այսօր էլ ներառված է մի շարք երկրների ռազմական ակադեմիաների ուսումնական ծրագրերում: Ի դեպ, հարկ է նշել, որ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ շախմատը դասավանդվում է հանրակրթական դպրոցներում որպես առարկա:

ԼԵՌՆ Ի ՎԵՐԾրագրի նպատակը ոչ այնքան նոր չեմպիոններ պատրաստելն է, որքան օգտագործելը շախմատի առանձնահատկությունները երեխաների մտավոր զարգացման համար : Շախմատը սովորեցնում է մտածել, տրամաբանել, դիտել, նկատել, պատկերացնել, վերլուծել, համադրել, ծրագրել, ի վերջո՝ պաշտպանվել, գրոհել եւ հաղթել: Շախմատն ազնիվ խաղ է, եւ փոքր տարիքից երեխան սովորում է ազնիվ պայքարել, ազնիվ հաղթել, արժանապատիվ պարտվել:

-Հայերս հպարտանալու իրավունք ունենք` շախմատի համաշխարհային թագին տիրացած 16 արքաներից 2-ը մեր հայրենակիցներն են:

-Աշխարհի 9-րդ եւ 13-րդ չեմպիոնները՝ Տիգրան Պետրոսյանը և Գարրի Կասպարովը, համարվում են դարակազմիկ, շախմատային արվեստի բարձրագույն գագաթները նվաճած շախմատիստներ: Ոչ միայն շախմատում, այլ ընդհանրապես մեր պատմության մեջ իր ուրույն հետքն են թողել Տիգրան Պետրոսյանի՝ Երկաթյա Տիգրանի պատմական հաղթանակները (1963թ., 1966թ.): Եթե չլինեին այս հաղթանակները, գուցեեւ չկայանային Հայոց ցեղասպանության 50 -րդ տարելիցի օրերի այն ինքնաբուխ համաժողովրդական բազմահազարանոց ցույցերը, որոնք մեկ անգամ եւս վկայեցին, որ հայ ժողովուրդը չի մոռացել հայոց մեծ Եղեռնի արհավիրքները եւ հետամուտ է լինելու արդար հատուցմանը եւ բռնազավթված հայրենիքի ազատագրությանը:

Տիգրան Պետրոսյանով էլ սկսվեց հայկական շախմատի պատմության «ոսկե դարը»: Հայ շախմատիստները փայլուն էջեր գրեցին հատկապես 1991թ. հետո, երբ մեր հանրապետությունը կրկին ձեռք բերեց անկախություն: Առաջին ոսկե մեդալը Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճեց 1999թ. Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր հավաքականը բրոնզե մեդալներ վաստակեց 2001թ. աշխարհի առաջնությունում, ապա 2002 եւ 2004 թվականներին կայացած համաշխարհային օլիմպիադաներում: «Ոսկե» փուլն սկսվեց 2006 թվականից՝ թուրինյան (2006թ.), դրեզդենյան (2008թ), ստամբուլյան (2012թ.) համաշխարհային օլիմպիադաներում եւ աշխարհի թիմային առաջնությունում (Նիմբո, Չինաստան, 2011թ.) մեր հավաքականը գերազանցեց բոլոր մրցակիցներին՝ հռչակվելով համաշխարհային օլիմպիադաների եռակի եւ աշխարհի չեմպիոն:

Այդպիսով՝ Հայաստանը դարձավ շախմատային հզոր գերտերություն: Եվ եթե Տիգրան Պետրոսյանի փառահեղ զույգ հաղթանակները գեղարվեստական համեմատության մեջ կարող ենք դնել Արարատի երկու գագաթների հետ, ապա Հայաստանի շախմատի ազգային հավաքականի կարեւորագույն չորս ոսկե նվաճումները կարող ենք համեմատել Արագածի չորս գագաթների հետ: Բայց Հայկական լեռնաշխարհը դեռ շատ գագաթներ ունի…

«Այսպես դարձանք գերտերություն» գիրքն ավարտվում է հայոց հանճարի հանդեպ անսահման լավատեսությամբ. «Համաշխարհային շախմատի երկնակամարում շողարձակեց մի նոր գերաստղ՝ ամերիկահայ Սամուել Սեւյանը, ով միջազգային գրոսմայստերի կոչման արժանացավ 13 տարեկանում: Դեռեւս ոչ մի հայ շախմատիստ այս տարիքում չէր հասել նման հաջողության»:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Հոգևոր-մշակութային


01/07/2015