ՎԵՐԱԶԻՆՎԵԼ ԵՆ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
Եթե երկիրը զորավոր բանակ չունենա, չի կարող գոյություն ունենալ, իսկ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, և մենք՝ բոլորս պիտի հոգանք հայ զինվորի կարիքները, ստեղծենք բուժօգնության առաջնակարգ պայմաններ, որպեսզի բուժօգնությունը ճիշտ, ժամանակին և արդյունավետ իրականացվի: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այն զինվորի համար, որը սահման է պաշտպանում:
ՎԱՐԴԳԵՍ և ՄԵՐԻ ՆԱՋԱՐՅԱՆՆԵՐ
Ամերիկահայ բարերարներ
Հունիսի 20-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հյուրընկալվել էին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով Երևան ժամանած ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները, ինչպես նաև՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսիսյանի հրավերով բժշկական բարեգործական ծրագրերով Հայաստանում գտնվող բարերար Քրիս Թաշչյանը:
Հատկանշական է, որ նրանց յուրաքանչյուր այցելություն հայրենիք նշանավորվում է ազգանվեր և հայրենաշեն առաքելությամբ:
Հոսպիտալ կատարած այցի շրջանակում բարերարները շրջել են հաստատության բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններրին, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների, ինչպես նաև ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրահանգիչների նախաձեռնած զինվորական հոսպիտալի բժիշկ հրահանգիչների պատրաստման դասընթացի ներկայացուցիչների հետ: Ամերիկահայ հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել վերջին մի քանի տարիների ընթացքում հոսպիտալում կատարված բարեկարգման աշխատանքների կապակցությամբ:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և բժշկական սարքերի, մահճակալների նորոգման ու արդիականացման աշխատանքներով զբաղվող ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, դոկտոր Քրիս Թաշչյանի հետ համագործակցության արդյունքում՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մի շարք բաժանմունքներ վերազինվել են շուրջ 300000 դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրական կառավարմամբ հիվանդանոցային մահճակալներով, զարկերակային վերահսկիչ սարքերով և բժշկական այլ սարքավորումներով, որոնց Հայաստան տեղափոխումը ֆինանսավորել է Քրիս Թաշչյանը:
Բարեգործական մեկ այլ ծրագրով Հայաստանում գտնվող ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանների նախաձեռնությամբ էլ առաջիկայում զինվորական հոսպիտալում կլինեն ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մի քանի մեքենաներ: Վստահեցնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, Նաջարյան ընտանիքի անդամները փաստել են, որ թեև ապրում են Հայաստանից հեռու, սակայն հոգու և մտքի թելերով միշտ կապված են հայրենիքի հետ:
«Եթե երկիրը զորավոր բանակ չունենա, չի կարող գոյություն ունենալ, իսկ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, և մենք՝ բոլորս պիտի հոգանք հայ զինվորի կարիքները, ստեղծենք բուժօգնության առաջնակարգ պայմաններ, որպեսզի բուժօգնությունը ճիշտ, ժամանակին և արդյունավետ իրականացվի: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այն զինվորի համար, որը սահման է պաշտպանում»,- ընդգծել են ամերիկահայ բարերարները:
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Բանակ և հասարակություն