Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԱՄԲՈՂՋ ՄԱՐՄՆՈՎ…



Մարտարվեստի հնագույն դպրոցները գոյություն են ունեցել Ասիական մայրցամաքի շատ երկրներում` Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Թայլանդում: Հին մարտարվեստների հայրենիք է համարվում Հնդկաստանը, թեպետ մինչ օրս վիճում են, թե որ դպրոցն է ավելի հին, եւ որը որից է առաջացել: Կալարի Պայատտու հնդկական մարտարվեստը ամենահինն է համարվում, որը ստեղծվել է մ.թ.ա. 4-րդ դարում, Հնդկաստանի հարավում: Կալարի Պայատտուում չկա «գոտիների», կոչումների, պարգեւների համակարգ, քանի որ նրանում համադրվում է հոգեւոր եւ ֆիզիկական կատարելությունը: Այն ճիշտ վարքի` դհարմայի գիտությունն է, երբ դու «տեսնում ես ամբողջ մարմնով»: Իսկ մարտարվեստների առաջին ուսուցիչը եղել է հզոր Շիվա աստծո աշակերտ Պարաշուրամը:

Հնդկաստանում պատերազմ վարելը զինվորական կաստայի` կշատրիների գործն էր: Կշատրիի վարքականոնը պարտավորեցնում էր նրան ամեն կերպ կատարելագործել առանց զենքի մարտ մղելու հմտությունները: Հնդկական մարտարվեստները Արեւմուտքում այնքան էլ հայտնի չեն, քան Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի մարտարվեստները, սակայն ամենահին տարբեր ոճերը մինչեւ հիմա էլ պահպանվել են Հնդկաստանի առանձին շրջաններում:

Իրական պատմությունը այնքան սերտ է միահյուսված լեգենդի հետ, որ դժվար է որոշել, թե իսկապես երբ է առաջացել այս կամ այն մարտարվեստը: Օրինակ, ըստ մի լեգենդի, 5000 տարի առաջ Հնդկաստանում մի իշխան է ապրել, որը ավելի քան 100 ստրուկ է սպանել` նրանց վրա փորձելով իր հարվածներն ու հնարքները, որոնք նա կենդանիներից էր սովորել: Համաձայն ավանդույթի, նույնիսկ Բուդդան է ուշադրություն դարձրել ինքնապաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ հայտնագործել է հնդկական բռնցքամարտի հազվագյուտ հնարքներ:

Կան հնդկական մարտարվեստի տարբեր ոճեր: Հայտնի են Բենարեսի բռնցքամարտիկները, Փենջաբ նահանգի սիկհ ռազմիկ-նիհանգները եւ այլն: Հարավային Թամիլ Նադու նահանգը սիլաբամ եւ վարմա-կալաի մարտարվեստների հայրենիքն է: Եթե սիլաբամի ռազմիկը վարպետորեն պետք է տիրապետի բամբուկե ձողով կռվին, ապա վարմա-կալաիի մասնագետը շատ լավ պետք է իմանա մարդու մարմնի խոցելի կետերը եւ դրանք ուղղակի սեղմելով` հաղթանակ տանի հակառակորդի նկատմամբ:

Սիկհերի ավանդական մարտարվեստները պարզապես սարսափի էին մատնում անգլիացի գաղութարարներին: Ռազմիկները նիհանգների կրոնական համայնքի անդամներ էին, որոնք երդվում էին մեռնել մարտադաշտում: Նիհանգների փոքր ջոկատի առաջ խուճապահար փախչում էր անգլիացիների լավ զինված կանոնավոր զորքը: Ի դեպ, նիհանգները նկարագրված են Ա.Կոնան-Դոյլի «Չորսի նշանը» վեպում: Սիկհերի զենքերն էին նիզակը, թուրը, տեգը եւ չակրան` նետելու համար նախատեսված մետաղական սուր սկավառակը:

Եղել են նաեւ իրենց հատուկ մահացու հնարքներին տիրապետող վարպետ մարդասպաններ, որոնք լեգենդներում հիշատակվում են որպես տուգ-խեղդողներ` հզոր ու դաժան աստվածուհի սեւ Կալիի երկրպագուների աղանդի ներկայացուցիչներ: Նրանց արվեստը հատուկ նեղ մետաքսե ոլորված ժապավենի օգտագործումն էր, որով խեղդում էին հակառակորդին «արյուն չթափելու» սկզբունքի համաձայն: Այդ ժապավենը կոչվում էր «Ռուքհմալ» կամ «դեղին շարֆ»: Հմուտ ձեռքերի մեջ այն դառնում էր մի սարսափելի զենք: Դարեր շարունակ Հնդկաստանում հազարավոր մարդիկ էին անհետանում: Ինչպե՞ս, ո՞ւր: Ոչ ոք չէր ահազանգում, չէր փնտրում, քանի որ գիտեին` անիմաստ է:

Բայց ահա մի անգամ անգլիացի երիտասարդ կապիտան Վիլյամ Սլիմոնը, հարցաքննելով սպանության համար կասկածվող մի մարդու, նրանից ցնցող խոստովանություն է լսում: Հանցագործն ասում է, որ ինքը տուգ է եւ ծառայում է սարսափելի Կալի աստվածուհուն: Բհանզիգարների (բհանզի` հանգույց, օղակ) կամ տուգերի (տուգ` խաբեբա) մասին դրանից առաջ էլ գիտեին, սակայն նրանց աղանդը համարում էին մյուսներից ո՛չ լավը, ո՛չ էլ վատը:

Մարտական «սեւ Կալի» աստվածուհին չի հրաժարվում արյունոտ զոհաբերություններից: (Նախկինում նրան մարդիկ էին զոհաբերում, իսկ այժմ` կենդանիներ): Մինչդեռ տուգերն ընդունում են միայն մարդկային զոհաբերությունը, իսկ թալանված ավարն էլ նվիրաբերում են աստվածուհու տաճարին` իրենց միայն փշրանքներ թողնելով:

Տուգերի ավազակախմբերը բաղկացած էին լինում 20-30 հոգուց, որոնց մեջ մեկ-մեկ կանայք էին հանդիպում: Սովորաբար տուգերը տարվա մեծ մասը հանգիստ ապրում էին իրենց տներում, հետո մի քանի ամսով անհետանում էին: Կատարելով իրենց «կրոնական պարտքը»` նորից վերադառնում էին ընտանիքի գիրկը:

Բայց կային եւ այնպիսի խմբեր, որոնց անդամները մշտապես քոչվոր կյանք էին վարում: Նրանք ո՛չ տուն ունեին, ո՛չ ընտանիք, ո՛չ զբաղմունք: Ծառայում էին միայն Կալի աստվածուհուն, այցելում ինչ-որ տեղ ջունգլիներում կամ քարայրներում քողարկված նրա տաճարը` թալանվածը նվիրաբերելու:

Աղանդը խիստ օրենքներ էր դավանում, որոնց խախտումը դաժանորեն պատժվում էր: Շատ արգելքներ բացատրություն ու հիմնավորում ունեին, մինչդեռ շատերը լրիվ անհասկանալի էին: Արգելվում էր կանանց սպանել, քանի որ Կալին կին է, ինչպես նաեւ նրանց, ովքեր կով էին տանում` Վիշնու աստծո սուրբ կենդանուն, կամ այծ` Կալիի սուրբ կենդանուն: Բայց թե ինչո՞ւ ձիավորին ձեռք չէին տալիս` դժվար է բացատրել: Տուգերը խնայում էին ճգնավորներին, մուրացկաններին, մետաղագործներին, ատաղձագործներին, կույրերին, բորոտներին, հաշմանդամներին: Չէին հարձակվում նաեւ անգլիացիների վրա: Հավանաբար, վախենում էին, որ հզոր բրիտանական վարչակազմն իրենց հետքը կգտնի: Զոհերի մարմինները թաղում էին: Հենց սա է պատճառը, որ գաղտնիքը բավականին երկար ժամանակ չէր բացահայտվում:

Եվ ամենագլխավորը` արյուն թափել չէր կարելի, սպանել կարելի էր միայն խեղդամահ անելով:

Տուգերը սպանությունն իրականացնում էին այսպես. զոհի թիկունքում հայտնվում էին միանգամից երեք հոգի` մուգ հագուստով եւ դեմքը ծածկող սեւ երեսքողով: Նրանք զոհին բերանքսիվայր սեղմում էին գետնին, մեկը վզին էր հագցնում օղակը /կամ ռուքհմալը/, երկրորդը բռնում էր ոտքերը եւ այնպես պահում, որ նրանք գետնին չկպչեն, իսկ երրորդը բռնում էր ձեռքերն ու ծնկներով մարմինը սեղմում գետնին: Այս ողջ արարողությունը տեւում էր ընդամենը մի քանի վայրկյան, որի ժամանակ խեղդողներն ակնածանքով կարդում էին ծիսական աղոթքը:

Վերջապես վրա էր հասնում արարողության ամենակարեւոր մասը: Զոհին թաղում էին, իսկ տուգերը նստում էին գերեզմանի շուրջը: Առաջնորդն աղոթք էր կարդում` Կալիից խնդրելով պաշտպանություն եւ հաջողություն իրենց բոլոր ձեռնարկներում: Խաղարկվում էր խեղդամահության խորհրդանշական արարողություն, որից հետո առաջնորդը հողի վրա էր ցողում տաճարում օրհնված ջուրը, իսկ մնացածներն ուտում էին «գուր» (միավորման շաքար), որի խոշոր կտորները բաժին էին ընկնում սպանության ակտիվ մասնակիցներին:

Անհայտ է, թե ինչից էր պատրաստվում այդ գուր կոչվածը, որ մարդն ընկնում էր էքստազի մեջ. նրան երեւում էր ինքը Կալին, որի գրկում նա մոռանում էր աշխարհում ամեն ինչ: Այսինքն` հենց Կալիի հետ երազային հանդիպումն էր նրանց ծառայության համար սահմանված պարգեւը: Մի անգամ իրեն զգալով Կալիի գրկում` մարդը հասկանում էր, որ այսուհետեւ իր կյանքի նպատակն է սարսափելի ու սքանչելի աստվածուհու հետ հերթական գիշեր անցկացնելը: Մահը, աղոթքը, դիակների մասնատումը, «միավորման շաքարից» առաջացած արբեցումը եւ ցանկությունը, որ այդ երանությունը կրկնվի նորից ու նորից, մարդկանց դարձնում էր ցմահ ստրուկ, եւ այդ ստրկական հոգեվիճակը երկարաձգելու համար նրանք պատրաստ էին ամեն ինչի: Տարօրինակն այն է, որ այդ խորհրդավոր շաքարը թմրանյութ չէր եւ ֆիզիկական կախվածություն չէր առաջացնում, այլ ներազդում էր միայն հոգեկան աշխարհի վրա:

Անգլիացիների կողմից կտտանքների ենթարկված մի տուգ մի անգամ ասել է. «Ամենաուժեղ ու խելացի մարդուն անգամ գուր տվեք, եւ նա առհավետ տուգ կդառնա: Նա կմոռանա հարստություն, տուն, ընտանիք եւ մինչեւ իր կյանքի վերջին օրերը կծառայի Կալիին եւ կանի այն ամենը, ինչ աստվածուհին կցանկանա»:

Չարաբաստիկ աղանդը բացահայտող կապիտան Սլիմոն հետագայում այս մասին գիրք գրեց` «Տուգերը կամ մեկ միլիոն սպանություն»: Ըստ նրա ներկայացրած տվյալների` 1550-1850թթ. տուգերն ամեն տարի սպանում էին մոտ 7000 մարդ, այսինքն 300 տարում` 2 մլն: Իսկ հանուն ինչի՞: Պարզվում է, որ անաղմուկ խեղդողները, այսպես կոչված, «թագավորական գործ» էին իրականացնում լոկ այն պատճառով, որ Կալին որոշել էր, թե արարիչ աստված Բրահման չափազանց շատ մարդ է ստեղծել եւ հրամայել էր տուգերին աշխարհն ազատել նրանց ավելցուկից:

Համարվում է, որ 1850թ. տուգերի աղանդը դադարեցրել է իր գոյությունը: Բայց 100 տարի հետո էլ` 1950թ., Նագպուր քաղաքում, որտեղ մինչ օրս գործում է Կալի աստվածուհու տաճարը, համարյա ամեն շաբաթ մարդկային զոհաբերություն էր կատարվում: Մինչեւ հիմա էլ, Նագպուրի արվարձաններում հայտնաբերվում են խեղդամահ մարդկանց այլանդակված մարմիններ: Կարծես տուգերը մարտահրավեր են նետում` մենք կանք, եւ մեզ հետ ոչինչ չեք կարող անել: 1985թ., Նագպուրի Կալիի տաճարի շեմին մի տղամարդ սեփական ձեռքերով խեղդում է իր փոքր որդուն:

Գլխավոր տուգերից մեկը Սլիմոնին ասել է, որ խեղդողների աղանդի բոլոր արարողությունները, ներառյալ անաղմուկ խեղդելու գործողությունը, փորագրված են Հնդկաստանի հարավում գտնվող էլլորայի քարանձավի պատերին եւ թվագրում են 4-րդ դարով:

Երբ հարցաքննության ժամանակ Սլիմոնը հարցնում է աղանդի տարիքի մասին, գերի տուգը պատասխանում է. «Ես չգիտեմ տարիքը: Միայն այն գիտեմ, որ ես տուգ եմ, իմ հայրն ու պապն էլ տուգ էին, եւ ես շատերին եմ խեղդել: Եվ քանի դեռ կան իմ երեխաները եւ նրանց երեխաները, մեր հավատը կենդանի կլինի: Այդպես էր առաջ, այդպես կլինի սրանից հետո…»:

Քչերին է հայտնի, որ բռնցքամարտը Հնդկաստանում զարգացած մարտաձեւ է, քանի որ այն շատ չի ցուցադրվում եւ խիստ գաղտնի է պահվում: Ուսուցիչն ինքն է ընտրում աշակերտին` ամիսների ընթացքում նրան ուսումնասիրելուց հետո: Նրանց պարապմունքները սկսվում ու ավարտվում են հետեւյալ խոսքերն արտասանելով.

Ես եկել եմ ձեզ մոտ միայն բութ մատներով,

Ոչ մի այլ զենք ես չունեմ:

Սակայն, եթե իրավունքն ու պատիվը պահանջեն,

Իմ բութ մատներն ինձ կօգնեն:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Հոգևոր-մշակութային


26/10/2011