ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական, ինժեներական և ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ։
Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում. առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։
Բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, որպես գիտաժողովի հիմնական նպատակ, նշել է ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտել է գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտության, որպես գիտական առանձին ուղղությանը, զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով։
Գիտական զեկուցումներով հանդես են եկել գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, տ.գ. թեկնածու, դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ. թեկնածու Ազատ Դավթյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացրել նաև նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Ծավալվել են բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, հնչել կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ:
Գիտաժողովի ավարտին որոշում է կայացվել մշտապես պահել ուշադրության կենտրոնում ռազմարդյունաբերության զարգացման հարցերը և շարունակական դարձնել ՊԱՀՀ-ում նման գիտաժողովների կազմակերպումը: