ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱՇԵՆ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ
ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության տեսուչ գնդապետ ՆԵՐՍԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 1989-ի փետրվարին, երբ դեռ դպրոցի զինղեկ էր, կամավորների հետ մեկնել էր Մեղրի՝ զսպելու իրեն Ադրբեջանի մաս հռչակած եւ Զանգելանից օգնություն ստացող Նյուվադիին. «Ագարակում ականանետ էին սարքում, եւ որքան բացատրեցի, որ հրետանավոր եմ եւ ոչ թե տեխնիկ, մեկ է` ապարդյուն. «Արտիլերիստ ես, մեզնից շատ ես հասկանում»: Փողը պատրաստեցինք հորատման աշխատանքներում օգտագործվող քրոմապատ խողովակից: Հենարանը շրջանաձեւի փոխարեն քառակուսի էր, փողը բարձրացնում-իջեցնում էինք ոռոգման ջրի փականներով, իսկ անկյունը որոշում վրայից կախած աշակերտական անկյունաչափով: Տեղակայման ամենահարմար վայրը խորհրդային սահմանապահ դիտակետի կողքին էր: Առավոտյան ժամը 5-ն էր, սրանք հերթափոխ էին կատարում, մենք՝ մեր «անճոռնի ճուտիկը» բերում մարտական վիճակի: Դիմացի ժայռին թուրքերի խոշոր տրամաչափի գնդացիրն էր, որը մեր երկրորդ կրակոցից ցրիվ եկավ: Մի քանի արկ կրակեցինք տնամերձ այգիների մեջ, ու ադրբեջանցիները ներքնաշորերով փախան դիրքերից էլ, գյուղից էլ»:
♦♦♦
1993-ին Մարտակերտի ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ձեռնարկած հակահարձակումը հաջողությամբ զարգանում էր, բայց… արկերը շատ քիչ էին, իսկ ՎԱԼԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԲ զինապահեստներում տեսել էր իրենց չունեցած Դ-1 հրանոթների 152մմ-ոց արկեր. «Գեորգի Գասպարյանն ու Քրիստափոր Իվանյանը, աչքերիս նայելով, ասացին. «Կանոնադրությամբ արգելված է, հրանոթը կփչացնես, ու քեզ իսկույն կգնդակահարենք»: Գնացի Մարտունի՝ Ֆելիքս Պողոսյանի մոտ, որ ԼՂՀ-ում առաջինն էր Դ-30-ից ուրիշ արկերով կրակել: Խնդիրը բացատրեցի, տեղյակ պահելով նաեւ գնդակահարության հեռանկարի մասին: Դ-1-ի արկի պարկուճը Սուրիկի հետ փոխեցինք, ինչ պետք էր արեցինք եւ Դ-20-ով կրակելու համար 60 արկ պատրաստեցինք: Ալաշանում 800 մետրից ուղիղ նշանառությամբ կրակեցինք, վայրկենաչափով որոշեցինք արագությունը, ապա կապվեցինք դիտակետ՝ Վլադիկ Խաչատրյանի հետ ու խնդրեցինք հետեւել պայթյուններին՝ կրակի աղյուսակը կազմելու համար: Բայց պայթյունները չէին երեւում: Ստիպված խփեցինք ու խոցեցինք 12 կիլոմետր հեռվում գտնվող պլանային նշանակետը: Ապա գնացինք ու զեկուցեցինք Իվանյանին: Գեներալն իսկույն թելադրեց արկերի վերաձեւման լաբորատորիայի հաստիքները (15 հոգի մեր դիվիզիոնի կազմում), աշխատանքի տեխնոլոգիան ու անվտանգության կանոնները, տարավ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ հաստատված ետ բերեց: Լաբորատորիայում հավաքեցինք վիրավոր ու հաշմանդամ մարտիկների, եւ այն մինչ օրս էլ գործում է»:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ