ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
«Վերջապես մենք կանգնեցինք պատմության ճիշտ կողմում». արդեն բանաձեւի ընդունումից րոպեներ անց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցին կասի Ռոբերտ Մենենդեսը։ 1992 թվականից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ 2006-ից Սենատի անդամն արդեն մի քանի տասնամյակ բաց չի թողնում առիթը, լինի Թուրքիայում եւ Հայաստանում դեսպանների թեկնածության կոնգրեսական լսումներ, թե պետքարտուղարի հետ հարցուպատասխան, որ Ներկայացուցիչների պալատում իր գործընկերներ Ֆրենկ Փալոնի ու Ադամ Շիֆի եւ շատ այլ հայամետ կենգրեսականների հետ, չպահանջի ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հստակեցումն ու չշեշտի իրերն իրենց անուններով կոչելու հրամայականը։ Եվ տասնամյակների անխոնջ պայքարը թիկունքում թողնելու հանգամանքն էր, որ երեք վետո հաղթահարելուց հետո 1-50 համարի բանաձեւի ընդունումից րոպեներ առաջ սենատոր Մենենդեսի կոկորդը սեղմվեց, եւ հուզմունքը հաղթահարելուց հետո նա կարողացավ ավարտել ելույթը։
Այդ հետո նախկին նախագահ Օբամայի ավագ խորհրդական, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան, ցեղասպանագետ Սամանտա Փաուերը ոչ միայն կոչ կանի նախագահ Թրամփին հետեւել Սենատի օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների եւ միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար, այլեւ կհորդորի օրինակ վերցնել Մենենդես մարդուց ու պետական ծառայողից. «Մարդիկ, որ սկսել եք լկտիաբար վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան, որպեսզի տեսնեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի այս տեղի ունենա»,- գրել է Փաուերը։
ԱՄՆ Սենատի որոշումը 3 կետ է ամրագրում.
- Հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը պաշտոնական ճանաչման եւ հիշելու միջոցով,
- Մերժել ԱՄՆ կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ցանկացած այլ ցեղասպանության հետ զուգորդելու ջանքերը,
- Խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի մասին տեղեկացվածությունն ու հասարակական ըմբռնումը, այդ թվում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու ջանքերում ԱՄՆ դերը, ինչպես նաեւ մարդկության դեմ ներկայի հանցագործությունների կանխման համար Հայոց ցեղասպանության օրինակի արդիականության ընկալումը։
ԱՄՆ Սենատի որոշումը եւ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը ամբողջ Կոնգրեսը դարձրին Հայոց ցեղասպանությունը դատապարտող կառույց։
«ԱՄՆ Սենատի որոշումը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է»,– նշեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհի հայության անունից խորը երախտագիտություն հայտնեց այդ նշանակալի օրենքի համար։
«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը հզոր քայլ է»,– արձանագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ամերիկացի սենատորներին ողջունեցին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սենատի վճռական քայլը. «Կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում»:
Ճանաչման ու պահանջատիրության առաջամարտիկներն, իրավամբ, ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններն են, ԱՄՆ Հայ դատի գրասենյակները, Ամերիկայի Հայկական Համագումարն ու մյուս կառույցները։
Նշանակալի էին նաեւ հայտնի անհատների ջանքերը։ Երաժիշտ Սերժ Թանկյանը պատմական հաղթանակ որակեց Սենատի որոշումը եւ իր տատիկի ու պապիկի անունից շնորհակալություն հայտնեց ամերիկացի օրենսդիրներին։
Հուզիչ էր նաեւ լեգենդար երգչուհի, Հոլիվուդի գերաստղ օսկարակիր Շերի գրառումը. «Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»։ Իսկ ամերիկյան ռեալիթի շոուի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, որը նախօրեին սոցցանցերի իր ավելի քան 150 միլիոն հետեւորդներին կոչ էր արել նամակների ու զանգերի տարափով հորդորել ու պահանջել սենատորներից՝ ճանաչելու Հայերի ցեղասպանությունը, բանաձեւի ընդունումից հետո միայն մեկ բառ գրեց՝ այո՜. «Yes!»։
«Հայ զինվոր»