Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ՝ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ



ՊԱՏՐԱՍՏ՝ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆԴեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում կայացավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա ամփոփեց անցած տարվա աշխատանքները, ներկայացրեց 2019թ. զինված ուժերի ձեռքբերումները, խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Արտակ Դավթյանն ընդգծեց, որ անցնող տարին աչքի է ընկել բազմաթիվ ձեռքբերումներով և  միջոցառումներով, որոնցից հատկապես կարևոր էր սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացված աննախադեպ լայնամասշտաբ մարտավարական զորավարժությունը: Տարին բավականին հագեցած էր նաև զենք-զինամթերքի, սպառազինության  ձեռքբերման առումով: Կարևոր էին հատկապես ՀՕՊ միջոցներից՝ «ՏՈՐ-Մ2ԿՄ» ՀՕՊ համակարգերի և «ՍՈՒ-30» կործանիչների ձեռքբերմանն ուղղված  աշխատանքները:

Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ընդհանուր առմամբ ԶՈՒ-ում  2019թ. ընթացքում նվազել է հակառակորդի կրակոցներից զոհվածների թիվը: «Սա արդյունք է ոչ միայն փաստացի կրակոցների թվի նվազման, այլ նաև այն լայնածավալ ու հիմնավոր աշխատանքների, որոնք իրականացվել են առաջնագծում անմիջականորեն ջոկ-դասակ-վաշտ օղակներում զինծառայողների հետ մարտական պատրաստության, ինչպես նաև ամրաշինական, ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ: Այս առումով կարևոր է նաև տեխնիկական միջոցներով համալրումը, որն  իրականացվել է առաջնագծում, և որը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել զինծառայողների պաշտպանվածությունը»,- ասաց գեներալ-լեյտենանտը:

Ընթացքի մեջ է նաև ձմեռային զորակոչը, որ 20 տոկոսով արդեն իսկ իրականացվել է, և այս ընթացքում լուրջ բողոքներ ու խնդիրներ չեն գրանցվել:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե կրկին ակտիվացել են խոսակցությունները նախիջևանյան հատվածում հակառակորդի դիրքային առավելությունների վերաբերյալ, շտաբի պետը նկատեց, որ նման տեղամասեր թե՛ մենք, թե՛ հակառակորդն ունի սահմանի տարբեր հատվածներում, սակայն քանակային առումով ՀՀ ԶՈՒ-ն հակառակորդի նկատմամբ մոտ 30-40 տոկոսով ավելի գերիշխող դիրքեր ունի: Ինչ վերաբերում է նախիջևանյան ուղղությանը, շահարկումներ պարբերաբար լինում են, նախկինում ևս եղել են: «Մենք անգամ լրագրողների այցելություն կազմակերպեցինք, որպեսզի տեղում նկարահանումներ կատարեն, տեսնեն իրավիճակը:

Այս պահին սահմանին էական փոփոխություններ չկան: Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում դիրքերի բարելավման առումով որոշակի փոփոխություններ ունեցել ենք, բայց դրանք ոչ ռազմավարական, տեղային՝ մարտավարական նշանակություն ունեն: Այլ հարց է, որ մենք այս ընթացքում լայնածավալ աշխատանք ենք իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի ընդարձակման և զարգացման ուղղությամբ: Սա մեր զորքերին թույլ է տալիս կրճատելով ժամանակը եւ զգալիորեն ավելի սեղմ ժամկետներում իրականացնել զորքերի  տեղաշարժը»,- ասաց ԳՇ պետը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շատ ջանքեր է գործադրում Նախիջևանի համազորային ուժերը հզորացնելու համար: «Սպառազինության, ռազմական տեխնիկայի նմուշներ, որ նախկինում նրանք չեն ունեցել, հիմա ունեն: Բայց մենք էլ միջոցներ ենք ձեռնարկում Նախիջևանի ուժերի սպառազինության գերակայությունը թույլ չտալու համար. հակազդող միջոցներ ենք ձեռնարկում»,- վստահեցրեց Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով ԶՈՒ սպայակազմի համալրմանն ուղղված «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների կրճատմանը՝ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ սա  նպատակ ունի բարձրացնելու ծրագրի գրավչությունը և դիմորդների քանակի ավելացմանը զուգընթաց բարելավելու համալրման որակական ցուցանիշները:

Վերջին տարիներին զենք-զինամթերքի և սպառազինության ձեռքբերման առումով նախապատվությունը տրվում է հայրենական արտադրողներին: Այս առումով գալիք տարվա ընթացքում նախատեսվում է մեծացնել ծավալները, և հավասար պայմանների դեպքում միանշանակ նախապատվությունը կտրվի հայրենական արտադրողներին: Սրա շնորհիվ, մասնավորապես, առավել օպերատիվ են կատարվում տեխնիկայի վերանորոգման աշխատանքները, եւ շահագործող անձնակազմն էլ տեղում է պատրաստվում:

Դրական միտումներ կան նաև զինվորական համազգեստի, ճտքավոր կոշիկների արտադրության ոլորտում, և այս ուղղությամբ շարունակվելու են դրա զարգացմանն ուղղված աշխատանքները:

2019թ. կառավարության և մասնավոր ձեռնարկությունների համատեղ նախաձեռնությամբ զինված ուժերում ներդրված սննդապահովման նոր կարգի մասին ԳՇ պետն ասաց, որ այն իրոք արդյունավետ է, և անձնակազմը դրականորեն է արձագանքում նորամուծությանը: Արտակ Դավթյանը գոհունակությամբ նշեց, որ մինչև եկող տարվա ավարտը ԶՈՒ բոլոր զորամասերում կգործի սննդապահովման նոր համակարգը:

Հանդիպման ավարտին  գլխավոր շտաբի պետը հավաստիացրեց, որ ԶՈՒ-ն իր այս տարվա աշխատանքները հաջողությամբ է ավարտում է՛լ ավելի հզորացած և պատրաստ՝ դիմագրավելու 2020 թվականի բոլոր հնարավոր մարտահրավերներին:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/12/2019