ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ
Barij Dynamic և հարավաֆրիկյան Denel Dynamics ընկերությունները համատեղ ավարտել են «Սեջիլ» տիպի կառավարվող ավիառումբերի համար նշանառման համակարգերի մշակման աշխատանքները։
Դեռևս 2015թ. կնքված պայմանագրի համաձայն՝ նոր համակարգի նախագծման աշխատանքն իրականացվելու է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ արդեն բուն արտադրությունը՝ Միացյալ Արաբական Էմիրություններում։
Համակարգի ներդրումից հետո հնարավոր կլինի խոցել հակառակորդի նշանակետերը արդեն կառավարվող հետագծով։ Խոցման հեռավորությունը կազմում է 25 կմ` հավանական 3 մ շեղումով, լազերային ինքնաուղղորդման գլխիկով տարբերակի և 10 մ իներցիոն GPS ուղղորդման դեպքում։
♦♦♦
Ամերիկայի ռազմածովային ուժերը կնքել են պայմանագիր Electric Boat և Huntington Ingalls ընկերությունների հետ «Վիրջինիա» դասի 9 նորագույն ատոմային սուզանավերի կառուցման համար։ Պայմանագրի գումարը գերազանցում 20 մլրդ դոլարը: Նոր նավերը պետք է փոխանցվեն ռազմածովային ուժերին 2025-29թթ.:
Ամերիկյան ռազմածովային ուժերում այդ նավերին տվել են ոչ պաշտոնական hunter-killer անվանումը, բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերը սպառազինված են լինելու Tomahauk թևավոր հրթիռներով։ Իսկ նավի նորագույն արդիականացված տարբերակը` Block V-ն, քթային հատվածում զինված է երկու թմբուկային արձակման կայաններով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մինչև 7 հրթիռ։ Ըստ հանրաճանաչ Popular Mechanics կայքի՝ սուզանավը ունակ է նաև արձակել ևս 12 հրթիռ տորպեդային խցիկներից։
Սուզանավը նախատեսված է նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների համար, այն կարող է տեղափոխել հետախույզ-լողորդների խմբերի, իսկ քթային հատվածում տեղակայված հիդրոակուստիկ համակարգը հնարավորություն կտա հետախուզական տվյալներ հավաքագրել։
Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ
Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Ռազմական