ԹՇՆԱՄԻՆ ՊԵՏՔ Է ՍԱՐՍԱՓԻ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՑ
Զրույց հոգեբան ԵՐԵՄԻԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ
Ծնվել է Ֆրանսիայում, եղեռնից փրկված մշեցիների ընտանիքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի իմաստասիրության եւ «Սենսիեր» համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Հոգեբանություն է դասավանդել Երեւանի պետական համալսարանում: Բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է:
-Պարոն Ալեքսանյան, նախքան մասնագիտական զրույցի անցնելը, պիտի խնդրեմ, որ պատմեք, թե ինչպե՞ս սկսվեցին Հայաստանի հետ Ձեր առնչությունները, եւ ինչպե՞ս ծնվեց զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու միտքը:
-Ես եղեռն վերապրած մշեցու զավակ եմ: Ցավն ու սարսափն այնքան խորն էր, որ ցեղասպանության ականատես սերունդը չէր խոսում ջարդերի մասին, չէր պատմում, թե ինչի միջով է անցել: Ընդամենը մի փոքր տեղեկություն, որ մենք հայ ենք, դարձավ սեփական արմատը, պատմությունն ու հայրենիքը որոնելու խթան: Ես առաջին անգամ Հայաստան եկա երկրաշարժից հետո «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության անդամների հետ: Ֆրանսիայում իմ հիմնած «7 դեկտեմբեր, 88» կազմակերպությունը հումանիտար օգնություն էր ուղարկում Հայաստան, բժշկական սարքավորումներ, դեղորայք, հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում երկրաշարժից տուժած մարդկանց: Այսինքն՝ օգնում էր Հայաստանին, ինչով կարող էր: Դրանից հետո ես տարվա մեծ մասը Հայաստանում էի լինում: Մոտ տասը տարի դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում:
Հայաստանում ապրելով՝ ես բնականաբար տեղյակ եմ երկրի հրատապ խնդիրներին: Բանակի հոգեկան առողջությունն այդ շարքում կարեւորագույնն է: Եվ ահա ես ցանկացա ավելի սերտ ծանոթանալ բանակի ներքին կյանքին եւ իմ մասնագիտական գիտելիքներով օգնել սպայակազմին՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործում:
-Դուք հոգեբանության ո՞ր բնագավառներն եք ավելի հիմնավոր ուսումնասիրել:
-Ես ունեմ բազմաթիվ ուսումնասիրություններ նվիրված մանկական հոգեբանությանը, ընտանեկան եւ աշխատանքային:
-Անվիճարկելի է այն միտքը, որ մեր երկրի զարգացման ու առաջընթացի միակ երաշխիքը մարդկային ներուժն է, մարդկային գործոնը…
-Եվ դա ամենահուսալի եւ կայուն ռեսուրսն է:
-Խորհրդային տարիների «գաղափարախոսական» դաստիարակության բանաձեւը այսօր կարծես թե մերժվում է, իսկ թե ուր են տանում մարդու ազատության դրոշի տակ մեկը մյուսին հաջորդող էքսպերիմենտները, գոնե ինձ համար անհասկանալի են…
-Դաստիարակության խորհրդային փորձը շատ ուսանելի է ու հաջողված, չհաշված որոշ ծայրահեղություններ: Այո՛, հասարակության ապագա անդամի հոգեկան աշխարհի եւ մտածելակերպի ձեւավորումը պիտի լինի ուղղորդված: Իր հերթին, այդ ուղղորդումը պետք է լինի ճիշտ, տրամաբանված եւ չափի մեջ: Մարդուն դաստիարակելու համար նախ պիտի ճանաչես նրա հոգին, նրա ենթագիտակցության բովանդակությունը, որն էլ մարդու վարքի թաքուն, բայց ամենահզոր ազդակներից է: Մենք պիտի հասկանանք, թե ինչու է երեխան մենակյաց կամ ագրեսիվ, ակտիվ կամ անհաղորդ… Ես ստեղծել եմ մի հոգեբանական «խաղ», որը բացահայտում է երեխայի ենթագիտակցության մեջ առկա հույզերը, հակումները, ցանկությունները, տագնապները: Առանց հոգեբանական օգնության նա այդ բեռը քարշ կտա երիտասարդություն, կբերի բանակ, կտանի հասարակություն: Հետո մենք կզարմանանք, թե ինչու աննշան վեճի ժամանակ զինվորը ձեռքը տարավ զենքին…, կամ ինչու աննշան խնդիրը պատճառ դարձավ զինվորի ինքնասպանության:
-Դուք ուզում եք ասել, որ մանկության տարիներին չհաղթահարված հոգեբանական խնդիրները բանակում կարող են դրսեւորվե՞լ…
-Անշուշտ: Որովհետեւ բանակը նոր միջավայր է, որտեղ հայտնվում է զինվորը՝ համայնքում իր տեղը գտնելու պարտավորությամբ, ինքնադրսեւորվելու ջանքով, լարված հույզերի ու ապրումների ֆոնին:
Ինչ վերաբերում է երեխային, նա, անշուշտ, անհատականություն է, եւ պետք է ամեն ինչ անել, որ կարողանա դրսեւորել իր գույները, հակումները, շնորհները: Պետք է թույլ տալ նրան զբաղվել սիրած գործերով, ստեղծագործել, անել, ինչ ուզում է, որովհետեւ սահմանափակումները, պարտադրանքը ծնում են հակազդեցություն եւ ագրեսիա: Մյուս կողմից, երեխային պետք է սովորեցնել կոլեկտիվի անդամ լինելու վարքականոնը: Սա շատ կարեւոր է: Երեխան պետք է կարողանա ենթարկվել համակեցության գրված ու չգրված օրենքներին: Նա պետք է սովորի գիտակցաբար սահմանափակել իրեն, եթե իր ցանկություններն ու վարքը ոտնահարում են մեկ ուրիշի իրավունքները: Բացի դրանից, կոլեկտիվի անդամը մյուս անդամների հանդեպ ունի բարոյական պարտականություններ ու պատասխանատվություն: Սա նույնպես շատ կարեւոր է: Երեխան պետք է սովորի օգնել կողքի մարդուն: Կողքինին հոգս չպատճառելը բավական չէ, պիտի նաեւ վարժվել կողքինի հոգսը կիսելու գաղափարին:
Նաև շատ կարևոր է, որ երեխան սովորի ճանաչել եւ ընդունել աշխարհի բազմազանությունը:
-Այդ գաղափարը դրված է ներառական կրթության հիմքում:
-Եվ շատ ճիշտ է: Երեխան պիտի հասկանա եւ ընդունի իրենից տարբեր երեխաներին՝ մտավոր հետամնացներին, ֆիզիկական արատ ունեցողներին… Եվ կարողանա հարաբերվել նրանց հետ: Նման դաստիարակություն ստացած երեխան բանակում չի փորձի ինքնահաստատվել թույլին ճնշելով, որովհետեւ թույլի հանդեպ ուժեղի պարտականությունը բոլորովին այլ է:
Մենք հաճախ չենք գիտակցում, որ մանկության տարիներին ծնողների, մեծերի սխալ վարքագիծը կարող է կաթիլ-կաթիլ ներքին հոգեբանական խեղումներ առաջացնել երեխայի հոգում, որոնք ավելի հասուն տարիքում լուրջ հոգեբանական բարդությունների պատճառ կդառնան:
Օրերս այգում նստած եմ, մայրը նստած է կողքիս, երեխան խաղում է քիչ հեռու: Չարություն է անում: Մայրը գոռում է՝ աչքերդ կհանեմ: Բռնեցի, մորթելու եմ: Ես տիկնոջն ասացի. «Խնդրում եմ, միանգամից սպանեք, ոչ թե նախ աչքերը հանեք, հետո մորթեք»: Կինը ապշած նայեց ինձ, մինչդեռ ես ընդամենը կրկնել էի իր բառերը:
-Այդ բառերը մնո՞ւմ են երեխայի ենթագիտակցության մեջ:
-Այո՛, մնում են, սարսափ ֆիլմերը, նախատինքները, ճնշումները, ծեծը, վախը… Կա նաեւ սրա հակառակը՝ երբ երեխային ամեն ինչ կարելի է: Նա կարող է վիրավորել, խփել, կոտրել, փչացնել, վնասել, բայց հայրը կամ տատիկը թույլ չեն տալիս, որ երեխան պատասխանատվություն կրի իր վատ արարքների համար: Ու ծնվում է անպատժելիության, կողքինի իրավունքները չհարգելու, պատասխանատվությունից խուսափելու ախտանիշը:
-Իսկ ի՞նչ կասեք բնավորության ու հակումների ժառանգականության մասին:
-Ես չեմ ուզում քննարկել այդ բնագավառը, որովհետեւ ոչինչ չեմ կարող փոխել այնտեղ: Անկախ այն բանից, ժառանգական են մարդու վատ հակումները, թե ձեռքբերովի, մենք պետք է պայքարենք դրա դեմ համակարգված, ունենալով միասնական, հայեցակարգային մոտեցում, ծրագիր՝ ելնելով մեր ազգային առանձնահատկություններից ու խնդիրներից:
Մարդու հուզաշխարհի կերտման մեջ շատ կարեւոր է սիրո գործոնը: Սեր կա բոլորիս մեջ, բայց այն պետք է մշակել, խթանել, բորբոքել, ճիշտ օգտագործել: Այլապես, այն կսպառվի, կհանգչի…
-Ինչպե՞ս խթանել…
-Բազմաթիվ ձեւեր կան: Օրինակ՝ կենդանիների հետ շփվելով, կենդանիների հանդեպ ջերմություն ու հոգատարություն արթնացնելով: Ծերերին օգնելու պատրաստակամություն ներշնչելով: Արվեստի հետ շփումներն ավելի սերտացնելով: Ինձ շատ դուր է գալիս, որ հայ մայրերը իրենց երեխաներին տանում են երաժշտական դպրոց, նկարչության, պարի… Սա շատ օգտակար է: Պետք է խթանել, օգնել, որ երեխան ստեղծագործի՝ բանաստեղծություն գրի, նկարի, երգի… Ոչինչ, եթե լավ չի նվագում կամ սխալ է երգում, կարեւորը՝ արարման, արվեստի հետ շփման ժամանակ հոգում բացվող լույսն է:
-Մի բան հարցնեմ. ես միշտ մտածել եմ, որ երեխային անվերջ մրցակցության մղելը սխալ է: Առհասարակ, ուրիշների հետ համեմատվելը, նրանցից առաջ անցնելու հիվանդագին մղումը խեղում է մարդու հոգին: Ի վերջո, միշտ չէ, որ կարող ես հաղթել կողքինիդ անգամ գերմարդկային ջանքերի գնով: Մարդը՝ երեխան, մեծահասակը, պիտի ընդունեն, որ իրենց կողքին կարող են լինել իրենցից տաղանդավոր մարդիկ: Ու իրենք պիտի հիանան նրանցով, նրանց հաջողություններով, ոչ թե կողքինի տաղանդը մարդկանց մեջ ծնի ատելություն տաղանդավորի հանդեպ ու ինքնամերժում:
-Շատ ճիշտ եք: Արդյոք այդ մրցակցությունը չէ՞ պատճառը, որ մենք փոքրիկ Հայաստանում մեզ բաժանել ենք լոռեցիների ու գյումրեցիների, ղարաբաղցիների ու արտաշատցիների: Նույնիսկ Երեւանի թաղերն են մրցակցում՝ մասիվցիները չարբախցիների դեմ, արեշցիները՝ կենտրոնի… Եվ մեծ ջանքեր են պետք, որ բանակում սրա շորշոփները չդրսեւորվեն:
-Որ, ասենք, շենգավիթցի զինվորները չհարցնեն նորակոչիկներին. «Շենգավիթցի կա՞ ձեր մեջ», ու թեւի տակ չառնեն: Հետո մասիվցիներն էլ մասիվցուն թեւի տակ կառնեն: Հետո, եթե էդ երկուսը վիճեն, այն կվերածվի մասիվցիների ու շենգավիթցիների հակամարտության:
-Երեխայի մեջ ոչ թե պիտի խթանել մրցակցային ոգին, այլ պիտի վերացնել նախանձը: Կարեւոր չէ, թե ինչի են հասել կողքիններդ կամ ինչ են ուզում, մարդը պիտի լսի իր ցանկությունների ձայնը ու գնա իր նախասիրությունների հետեւից: Եթե դու հաճույքով հրաշալի հոդված ես գրում, իսկ ես հաճույքով հրաշալի ճաշ եմ եփում, ոչ ոք չպետք է ինձ ներշնչի, որ ճաշ եփելը թողնեմ ու հոդված գրեմ՝ ինքս ինձ տանջելով, որովհետեւ «հոդված գրելը ավելի պատվելի գործ է»: Պատվելի աշխատանք չկա, պատվելին այն է, ինչ որակով ես անում ու սիրով: Միակ պատվելին անհատի մարդկային որակն է՝ բնավորությունը, վարքը: Մարդուն պետք է սովորեցնել հպարտանալ կոլեկտիվ արդյունքով: Ֆրանսիայի դպրոցներում մի առարկա է դասավանդվում, որը կոչվում է «Ինչպես դառնալ քաղաքացի», այսինքն՝ ինչպես դառնալ գործոն երկրիդ ու պետությանդ համար: Ինչպես ճանաչել պետության շահը ու պաշտպանել այն: Տեսեք, մեր լրագրողները, հասարակական գործիչները, սովորական մարդիկ եթերից, մամուլում, համացանցում, առօրյա բամբասանքի մակարդակով ինչ ապուշություն ասես չեն խոսում բժիշկների մասին…
-Գուցե այդ խոսակցությունները հնարովի չե՞ն…
-Խնդիրն այլ է: Բուժհամակարգի սխալների դեմ պայքարելը բոլոր բժիշկների հանդեպ անվստահության ու հակակրանք ձեւավորելով չի իրագործվում: Դուք նկատե՞լ եք, որ Հայաստանում մարդիկ արդեն վախենում են բժիշկներից:
-Նույնիսկ անեկդոտ կա՝ եթե հիվանդը չի ուզում մեռնել, բժիշկներն անզոր են:
-Նույնը վերաբերում է բանակին: Նկատե՞լ եք՝ որոշ լրատվամիջոցներ որքան պասիվ են զինծառայողների հաջողությունների մասին պատմելիս եւ որքան են ջանադիր, երբ պետք է լուսաբանեն որեւէ դժբախտ պատահար կամ հանցանք, որը կատարվել է բանակում: Սա քաղաքացո՞ւ կեցվածք է:
-Դուք զորամասերից մեկում կամավոր համագործակցել եք հրամանատարի, հոգեւոր սպասավորի եւ այլ սպաների հետ: Ձեզ հնարավորություն է տրվել ուսումնասիրելու զորամասի, այսպես ասած, հոգեբանական վիճակը: Որո՞նք էին առավել հրատապ խնդիրները:
-Բոլոր կոնֆլիկտները՝ մեծ կամ փոքր, առավել խորությամբ ուսումնասիրելու կարիք ունեն: Կոնֆլիկտը ունի հոգեբանական նախապատմություն, որի արմատները շատ խորն են եւ կարող են ձգվել մինչեւ մանկություն, մինչեւ ենթագիտակցության շերտերը: Ենթագիտակցության մեջ թաքնված տեղեկությունների բացահայտմանը նվիրված իմ հոգեբանական «խաղը» կարող է օգտակար լինել բանակին, ու ես պատրաստ եմ այն իրականացնել զորամասերում:
Շատ կարեւոր է նախազորակոչային պատրաստությունը: Նախքան զորակոչվելը ե՛ւ ապագա զինվորը, ե՛ւ նրա ծնողները պետք է ավելի հաճախ լինեն զորամասերում, պետք է շփվեն զինվորների հետ, զրուցեն, գուցե քնեն զինվորական մահճակալներին, ուտեն զինվորական ճաշերը, որ բանակի նիստուկացն ընդունեն ավելի մոտ ու սովորական:
Զինվորի վարքականոնը պետք է շատ վառ ու կուռ լինի: Դուք չե՞ք նկատել, որ մեր բանակը շատ խաղաղասեր է: Հայ ռազմիկը պետք է պատժի, սարսափ ներշնչի թշնամուն: Թշնամին պիտի սարսափի մեր բանակից: Բանակը պետք է ունենա մեկ դիմագիծ: Զինվորի վարքականոնում հայրենասիրությունը չպետք է լինի հովվերգական մի բան, այլ մեր հայրենիքին սպառնացող ուժերը անվերապահ կործանելու խթան:
-Մեր բանակը պաշտպանական բանակ է, մենք ոչ մեկից ոչինչ խլելու, ոչ մեկի վրա հարձակվելու խնդիր չունենք:
-Այս ինչեր եք ասում: Եվ դա ասում եք մեկին, որի պապենական տունը թուրքերը խլել են, հարազատներին կոտորել, տեղահանել են, ոչնչացրել են մի հրաշալի, բազմադարյան մշակույթ, հայրենազրկել են մի ողջ ժողովրդի: Եվ Դուք ինձ ասում եք, որ իմ հայրենիքի բանակը ինքնապաշտպանվող բանա՞կ է…
-Պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:
-Պետք է պատմվածքներ, վեպեր, հոդվածներ գրվեն հզոր, թշնամուն պատժող զինվորի մասին, օպերաներ, ներկայացումներ, ֆիլմեր նկարվեն: Մենք պիտի մոռանանք մեր պարտությունները, պիտի պատմության գզրոցներից հանենք մեր հզոր ռազմիկների սխրանքները, պիտի ուժեղ ու անզիջում նախնիների օրինակով դաստիարակենք զինվորին ու թշնամու սիրտը լցնենք սարսափով: Պիտի ասենք, որ մենք իր հետ իր լեզվով ենք խոսելու: Ավելի դաժան ենք լինելու, ավելի անխնա, ավելի կատաղի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային