ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 135 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Սիրելի՛ զինվոր, ես Աշոտն եմ և հպարտ եմ, որ սովորում եմ հերոս Գագիկ Ստեփանյանի` Հեթանոս Գագոյի անունը կրող դպրոցում: Նա էլ ձեզ նման խիզախորեն պաշտպանում էր մեր երկրի սահմանները: Ես ու եղբայրս էլ անպայման զինվոր ենք դառնալու` գաղտնի ջոկատային:
Վստահ եմ, որ եթե թշնամին փորձի հարձակվել մեր երկրի վրա՝ դուք նրան հզոր հարված կտաք ու կոչնչացնեք: Միշտ քաջ եղեք և հզոր:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Գևորգյան Աշոտ, IV բ դասարան
♦♦♦
Մենք բոլորս պաշտպանված ենք մեր զինվորների շնորհիվ: Նրանք կողք կողքի, օր ու գիշեր կանգնած հսկում ու պաշտպանում են մեր երկրի սահմանները: Բոլոր տղաները մեծանում և զինվոր են դառնում, բայց, ես կարծում եմ, որ բոլորս` աղջիկ թե տղա, պետք է միշտ պիտանի լինենք Հայաստանին և պահպանենք այն:
Ես սիրում եմ մեր բանակը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Դալլաքյան Լինա, IV բ դասարան
♦♦♦
Բարև, սիրելի՛ զինվոր: Քո շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Ես շատ եմ ցանկանում, որ պատերազմներ չլինեն: Նաև ես ուզում եմ զինվոր դառնալ և պաշտպանել մեր երկիրը: Ես գիտեմ, որ գիշերները չքնելը դժվար է, դրսում ցուրտ է, բայց դուք խիզախ եք և առանց վախենալու պաշտպանում եք մեր տարածքը: Ես ցանկանում եմ, որ դուք ոչ մի վնասվածք չստանաք: Ես հաճախ եմ լսում, որ պատերազմների ժամանակ երեխաներ և մարդիկ են զոհվում, բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի:
Շնորհավոր քո Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:
Կալիկյան Գևորգ, V բ դասարան
♦♦♦
Հայ զինվորներն ամենահզորն են,
Հայ զինվորներն ամենախելացին են,
Հայ զինվորները մեզ պաշտպանում են,
Մեր սահմաններն անընդհատ հսկում են:
Եթե չլինեին մեր քաջ տղաները,
Չէին լինի մեր անհոգ օրերը:
Հայ զինվորները, մեր զինվորները….
Շնորհակալ եմ ձեզ, մեր զինվորներ: Ձեր շնորհիվ ես և իմ ընկերներն ապրում ենք խաղաղ երկնքի ներքո:
Մերի Գեդոյան, IV բ դասարան
♦♦♦
Բարև, իմ շատ սիրելի զինվոր, քո շնորհիվ է, որ մենք անհոգ ու հանգիստ ապրում ենք մեր երկրում: Գիտեմ, որ շատ ես կարոտել ծնողներիդ ու ընկերներիդ: Գիտեմ, որ ծառայությունը հեշտ բան չէ: Բայց միշտ իմացիր, որ մենք անսահման շնորհակալ ենք բոլոր զինվոր տղաներին:
Մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
Մուրադյան Սիրանուշ, IV բ դասարան
♦♦♦
Բարև, մեր բոլորի սիրելի զինվորներ: Ես ուզում եմ, որ դուք միշտ ուժեղ լինեք, առավել հզորանաք ու հաղթեք մեր բոլոր թշնամիներին:
Ես հիմա հաճախում եմ դպրոց, բայց երբ մեծանամ, ես էլ զինվոր կդառնամ, կծառայեմ ու կպաշտպանեմ մեր հայրենիքը:
Շնորհակալ ենք մեզ պաշտպանելու համար:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Համբարձումյան Արամ, IV բ դասարան
♦♦♦
Մեր ուժեղ զինվորներ, ես մաղթում եմ, որ դուք ողջ-առողջ վերադառնաք ձեր ընտանիքներ և անպայման հաղթեք մեր բոլոր թշնամիներին: Իմ դասընկերներն ու բակի տղաներն էլ, երբ մեծանան, դառնալու են զինվորներ, որպեսզի պաշտպանեն մեզ և մեր հարազատներին:
2020թ. թող խաղաղություն պարգեւի մեր երկրին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Մխիթարյան Կարինե, IV բ դասարան
Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Բանակ և հասարակություն