ԱՆՎՐԵՊ ԽՈՑՈՒՄ
«Մենք այստեղ նոր համալրման զինվորներին հասու ենք դարձնում ինչպես նոր ստացված, այնպես էլ հայրենի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրներին, հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերին։ Ուրիշ նորագույն սարքերի ու զինատեսակների եւս այս դաշտային ելքի օրերին տղաները ծանոթանում ու հընթացս յուրացնում են։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրանց բացարձակ մեծամասնությունը, մանավանդ օպտիկական սարքերը, գրեթե ամբողջությամբ, հայկական արտադրության են, որոնցից աշխարհի ոչ մի բանակ չունի»։
Գնդապետ Մ.Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամաս մեր այցելության պահին տեղում էին միայն հերթապահները, հատուկ գործողություններ իրականացնող սպաներն ու շարքայինները։ Հարցիս՝ որտե՞ղ է հրամանատարների ու զինվորների հիմնական մասը, հերթապահ սպան, ժպտալով, ռուսերեն պատասխանեց.
-Все ушли на фронт.
-Այսի՞նքն։
-Դե, հրեն, էն սարերում են, դաշտային ելքի,- մատով դիմացի բարձրաբերձ, սաղարթախիտ ծառերով պատված բարձունքներն է ցույց տալիս սպան՝ հեռախոսով իրազեկելով գնդի հրամանատարին մեր գալստյան մասին։ Քիչ անց մեր «Վիլիսը» փնչալով մագլցում է սարերն ի վեր։ Հասնում ենք զորամասի զինավարժարան այն պահին, երբ զորքը շարված հրահանգավորվում է։
-Այսօրվա դաշտային ելքն ու զորավարժությունը մեկ հիմնական նպատակ են հետապնդում,- դիմելով սպաներին ու զինվորներին, ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Հովհաննիսյանը,- պատրաստ լինել թե՛ բարդ իրավիճակում, մարտական տեխնիկայի աշխատանքի համար ամենաանհարմար, թե՛ բարդ տեղանքում մարտ մղելու։ Մեր տարածաշրջանն այդ առումով դժվարագույններից է,- շարունակում է գնդապետը,- ոչ ոք չի կարող երաշխավորել, թե մեր թշնամու ռազմաշունչ հայտարարությունները մի օր իրականություն չեն դառնա։ Նրանց սանձելու միակ իրական միջոցը մեր պատրաստ լինելն է, ուժեղ ու զգոն լինելը։ Մենք պարտավոր ենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում անել ավելին, քան մեր հակառակորդը…
Քիչ անց սկսվում են «մարտական գործողությունները»։ Տղաներն անվրեպ խոցում են նշանակված թիրախները, որոնցից շատերն անզեն աչքով, նույնիսկ հեռադիտակով տեսանելի չեն…
Օրվա վերջում զորամասի զինափորձարանը հենց նոր խաղաղության դաշն կնքած թշնամական կողմերի մարտադաշտ է հիշեցնում։ Զինվորներն ու ուսուցանող սպաները հանգստանում են։ Այսուայնտեղ անծանոթ աչքի համար խառնիխուռն տեղադրված զինատեսակներ են։ Իրականում դրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակային թիրախն ու անհրաժեշտության դեպքում կարող է վայրկյանների ընթացքում խոցել այն։
-Ժամանակակից տեխնիկան,- պատմում է զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ն.Դավթյանը,- ի վիճակի է կատարելու, այսպես կոչված, կույր խոցումներ։ Դա այն է, որ թիրախը դու անզեն աչքով չես տեսնում, բայց հատուկ սարքերն ու հետախուզության ճշգրիտ տվյալները օրվա բոլոր ժամերին ու բոլոր եղանակներին քեզ տեսանելի են դարձնում հարվածի օբյեկտը։ Ավելորդ է ասել, որ մեր բարդ տեղանքի պայմաններում դա հրաշալի միջոց է։ Ահա, մենք այստեղ նոր համալրման զինվորներին հասու ենք դարձնում ինչպես նոր ստացված, այնպես էլ հայրենի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրներին, հրետանային հետախուզության և կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերին։ Ուրիշ նորագույն սարքերի ու զինատեսակների ևս այս դաշտային ելքի օրերին տղաները ծանոթանում ու հընթացս յուրացնում են։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրանց բացարձակ մեծամասնությունը, մանավանդ օպտիկական սարքերը, գրեթե ամբողջությամբ, հայկական արտադրության են, որոնցից աշխարհի ոչ մի բանակ չունի։
Փոխգնդապետ Ս.Մարտիրոսյանը, մայոր Ա.Բալայանն ու կապիտան Հ.Վարոսյանը նորագույն հրետանային ու հրթիռային զինատեսակներին տիրապետելու վերապատրաստում են անցել մեր երկրի ու Ռուսաստանի Դաշնության առաջնակարգ ուսումնական հաստատություններում ու փորձակայաններում և այժմ իրենց գիտելիքներն ու հմտությունները սիրով հաղորդում են ինչպես կրտսեր սպայական-ենթասպայական կազմին, այնպես էլ շարքայիններին։
-Ի դեպ,-շարունակում է խոսքը փոխգնդապետ Դավթյանը,- մայոր Բդոյանը, մայոր Բալայանը, կապիտաններ Սողոմոնյանն ու Վարոսյանն իրենց մարտկոցները գլխավորում էին Հայաստանի Հանրապետության քսանամյակին նվիրված զինվորական շքերթի ժամանակ՝ արժանանալով գերատեսչական մեդալների, իսկ մեր «շքերթային պատվիրակության» ղեկավար, զորամասի հրամանատար գնդապետ Մ.Հովհաննիսյանը երկարամյա անբասիր ծառայության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։
♦♦♦
Ընդմիջմանը զրուցում եմ զինվորների հետ։ Այս ամռանը Տաշիրի զինկոմիսարիատից զորակոչված Արեն Խուրդովը պատմում է. -այստեղ մենք իրար հետ եղբոր պես ենք, եթե դրսից էլ հարազատներն ուտելիք են բերում, չենք էլ հարցնում, թե ումն է, հավասարապես օգտվում ենք…
Էդվարդ Կարապետյանը Արմավիրից է։
– Ես այստեղ շատ ընկերներ ձեռք բերեցի, -ասում է։- Օրինակ` Տիգրանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսից է բանակ եկել, քաղաքականությունից լավ հասկանում է, մեզ հետ էլ հաճույքով զրուցում է։ Ծառայությունն ավարտելուց հետո էլ մենք անպայման ընկերություն կանենք։ Մեր զորամասը հայկական ավանդական ընտանիքի է նման։ Ես հաճույքով եմ ծառայում, ազատ ժամերին էլ գրքեր եմ կարդում։
Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված Վալերի Ասլանյանի համար անհասկանալի է «դեդովշչինա» ասված երևույթը։
– Մեզնից տարիքով տղաները մեզ վերաբերվում են որպես իրենց կրտսեր եղբայրների,-ասում է նա,- սպաներն ու ենթասպաները՝ նույնպես։ Մենք բոլորս ընկերներ ենք՝ անկախ դիրքից ու կոչումից։ Սակայն դա չի խանգարում, որ լսենք ու կատարենք ավագ ու կրտսեր հրամանատարների հրամաններն ու հանձնարարությունները։ Ինչպես ռուսներն են ասում՝ «дружба-дружбой, служба-службой»:
Սարերում օրը շուտ է մթնում։ Դեռ րոպեներ առաջ առատորեն լուսավորող ու աշնան հաճելի ջերմությամբ տաքացնող արևը մեկեն սարերի հետևն անցավ՝ մեզ հիշեցնելով օրվա ավարտի մասին։ Հրաժեշտ ենք տալիս, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, անփորձանք ծառայություն։ Այստեղ հրետանին ուժի, խաղաղության երաշխավորներն են, իսկ արդեն տեխնիկային լիովին տիրապետող այս քաջազուն տղաները՝ դրանք սանձող ու անհրաժեշտության դեպքում գործի դնող անխոնջ հեծյալները։ Ինչպես ասում են` դժվար է պարապմունքներին, հեշտ կլինի մարտի ժամանակ…
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ