Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՄՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԵՆԱՑԸ



ԽՄՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԵՆԱՑԸԱսում են` տարեմուտին եթե ուրախ լինենք, ամբողջ տարին ուրախ կանցնի։ Արի ուրախ զրույց անենք։ Ինչի՞ մասին՝ կհարցնես։ Իհարկե, մեր մասին, իմ ու քո, դու զորանոցում ես, ես՝ տանս, գրասեղանի թղթերի մեջ… Հաշվենք, որ երկուսով ճամփա ենք գնում, զրուցենք, թող ժամանակը թեթեւ անցնի։ Այս ասելիս մի բան հիշեցի։ Մի նորվեգացի ճամփորդում է արաբական երկրներով։ Նստում է մի արաբի մեքենա, գնում են անապատով։ Երկար-երկար ճանապարհ է ու գիշեր։ Արաբը նորվեգացուն ասում է՝ մի հեքիաթ պատմիր, որ չձանձրանանք։

Սա ոչ մի հեքիաթ չի իմանում ու սկսում է պատմել իր երկրի մասին։ Պատմում է իրենց շքեղ կենցաղից, անհոգ ապրուստից, աշխատանքից, հանգստից… Երբ տեղ են հասնում, հազար ու մի գիշերվա հեքիաթներ լսած անապատի մարդը խոստովանում է, որ ինքը այդպիսի զմայլելի հեքիաթ իր օրում չի լսել… Մի ուրիշ նորվեգացի էլ ընկերներիցս մեկին ասել է, որ իր երկրում պրոբլեմ չկա։ Պատկերացնու՞մ ես՝ պրոբլեմ չկա։ Բայց ասել է՝ ցավով, նաեւ ասել է՝ հասարակագետները մտածում են պրոբլեմներ հորինեն, որ հասարակությունը հավաքվի դրանց շուրջ, կյանքը մի քիչ համ ու հոտ ստանա…

Մենք էլ մե՛ր հեքիաթը ունենք, որ կարող է զմայլել օտարներին, թեկուզ հենց նորվեգացուն։ Իհարկե, այդ հեքիաթը մեր լիառատ կյանքի մասին չէ, շքեղ ապրուստի մասին չէ, մարդու անհոգ գոյության մասին չէ։ Այդ հեքիաթը մեր այսօրվա մասին է։ Մեր անցյալը չմոռանանք, բայց թողնենք մի կողմ։ Մեր անցյալը մշակութային է ու քրիստոնեական։ Դա, իհարկե, վեհ վարք է, բայց չապրեցնող, եթե թշնամու դեմ խաչն ու գրիչը չեն փոխարկվում նիզակի ու սրի։ Մեր ողբերգությունը եղել է պետություն չունենալու մեջ. մենք նման ենք եղել զանգվածեղ մսագնդի՝ առանց գլխի։ Այդպիսի մարմինը հոշելու եւ անարգելու համար թշնամուց մեծ ուժ ու շնորհք չի պահանջվել։ Այդուհանդերձ, եղել են մարդիկ, որ առանձին կամ ցաք ու ցրիվ խմբերով ելել են Օսմանյան պետության դեմ։ Նրանք՝ այդ ազնվածին հոգիները, կամովին իրենց նետել են կենաց-մահու պատերազմի մեջ՝ առաջնորդվելով վրեժի զգացումով՝ հույս ու նպատակ էլ չունենալով ազատագրել հայրենիքը։ Նրանց ես համարում եմ հայոց բանակի մարտիկներ, ինչպես որ դու ես, քո նմաններն են։ Պարզապես նրանց բախտը չի բերել գործելու կանոնավոր բանակի կազմում, պետության հովանու տակ…

Վերջերս մի ֆիլմ էի նայում։ Երկու զինվորական ընկերներ հանդիպեցին բարում, բաժակ բաժակի խփեցին ու ասացին. «Խմենք մեր համազգեստի կենացը»։ Ամերիկացիներ էին, Վիետնամում դժոխային օրեր ապրած, հաշմանդամ դարձած տղերք։ Հրաշալի է, չէ՞, «համազգեստի կենացը»։ Ես էլ խմում եմ քո համազգեստի կենացը։ Ահա բարձրացնում եմ բաժակս ու խմում եմ…

ԽՄՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԵՆԱՑԸԴու հաղթած բանակի զինվոր ես, քո անվան շուրջ հաղթողի լուսապսակ կա, ինչ փույթ, թե աշխարհն իր քաղաքական ցանցերը կհյուսի, բազմանշանակ, խրթին մտքեր ու դատողություններ կհնչեն միջազգային ատյաններում, շահերի աներեւույթ ու առերեւույթ առճակատումներ կլինեն մեր ճշմարտությունը չնկատելու համար։ Մեր հեքիաթը, այն, որ ասացի, կարող է զմայլել օտարներին, հարգանքով տոգորել մեր հանդեպ, մեր հաղթանակն է։ Այդ հաղթանակն է իմաստ հաղորդում մեր զոհերին, բանակին, բոլորիս անխտիր։ Ուրեմն, զվարթությամբ ու սիրով ահա բարձրացնում եմ բաժակս ու խմում նրանց կենացը, որ հաղթեցին, եւ քո կենացը, որ պահում ես հաղթանակը։

Այս զրույցն սկսելիս ես շատ էի ուզում, որ խոսեմ թեթեւ բաներից, բայց, ինչպես տեսար, շեղվեցի։ Էդ անտեր պատմությունից պրծում չկա։ Դու չիմանաս, թե նման թեմաներից ուշքս գնում է։ Չէ՜, ախպերս։ Ես շատ կուզեի քեզ հետ խոսել հրապուրիչ բաներից, հեռու-մոտիկ աշխարհներից, ջահելությունից… Դու նկատե՞լ ես, մեր հարսանիքների ժամանակ անգամ, աննկատորեն պատմությունը գալիս, դրվում է սեղանին, ու վիճում-վիճաբանում են հարսանքավորները՝ մոռացած օրվա նյութն ու խնդիրը։ Թամադան պատառաքաղով խփում է շշին, ափերից դուրս է գալիս, բայց լսող չկա. պատմությունը բոլորի մեջ տժժում է կրակին դրած յուղի պես…

Ես քեզ շատ զբաղեցրի։ Երեւի դու էլ ես մրսում։ Ներիր։ Մի բան էլ ասեմ ու բաժանվենք։ Ախր, դու հիմա կարոտել ես ընտանիքիդ, ընկերներիդ, սիրածդ աղջկան։

Քո կարոտի ու սիրո կենացն եմ խմում։ Այդ մասին ես ոչինչ չեմ ասի։ Դու ասա, չէ՞ որ նրանք միմիայն քոնն են։ Ասա խնդագին զվարթությամբ, ասա երգով, գինով ու համբույրով, որովհետեւ տարեմուտին եթե ուրախ ես լինում, ամբողջ տարին ուրախ կանցնի։

 

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Բանակ և հասարակություն


10/01/2020