ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Մինչ այդ, ֆիդայական շարժման հարցում ռազմավարական տարաձայնություններ ունեին Հրայրն ու Անդրանիկը, Հրայրն ու Գեւորգ Չաուշը, Անդրանիկն ու մի քանի այլ մարտիկներ։ Պահը պատասխանատու էր, եւ անհրաժեշտ էր հաշտեցնել նրանց։ Այդ պատասխանատու դերը իր վրա վերցրեց բոլորի կողմից հարգված Վահան Մանվելյանը։ Նրա ազդու ելույթից հետո գժտվածները հաշտվեցին, ապա ընտրվեց զինվորական խորհուրդ՝ Անդրանիկ, Գեւորգ Չաուշ, Սեպուհ, Սեբաստացի Մուրադ, Կայծակ Առաքել։ Ընդհանուր հրամանատար ընտրվեց Անդրանիկը։
Թուրքերը հաջողությունն ապահովելու նպատակով հայերի դեմ գրգռեցին քրդերին, 1904թ. մարտին նրանք նախահարձակ եղան, բայց անհաջողության մատնվեցին ու նահանջեցին։ Պարտությունից հետո թուրքական 10000-անոց բանակը, 5000 թուրք եւ քուրդ խուժանի ուղեկցությամբ, ապրիլի 1-ին սկսեց հարձակումը։ Ապրիլի 13-ին թուրքական զորքերը մտան Սեմալ։
Թուրքական անհամեմատ գերազանց ուժերի դեմ պայքարում էին 1000 սասունցի եւ 200 ֆիդայի։ Ոչ միայն ուժերն էին անհավասար, այլեւ հայերը զգում էին զինամթերքի պակասություն։ Սկսված մարտերի արդյունքում, ապրիլի 22-ին հայերը նահանջեցին Գելիեգուզան եւ Անդրանիկի գլխավորությամբ Ծովասարի վրա սկսեցին պարտիզանական պայքարը։
Անհավասար մարտերում Սասունի քաջակորով պաշտպանները պարտություն կրեցին, բայց դա հաղթանակի հավասար պարտություն էր, քանզի 12000-անոց գավառը չորս ամիս շարունակ, առանց որեւէ օգնության, մաքառում էր մեծաքանակ զորքի ու բաշիբոզուկների դեմ։
Ռուս-թուրքական պատերազմը, Բեռլինի կոնգրեսը, չիրագործված 31-րդ հոդվածը, Գում-Գափուի ցույցը, «Բանկ Օտոման» գործողությունը, Խանասորի արշավանքը, ազատագրական շարժումները, Զեյթունի եւ Սասունի ինքնապաշտպանությունները, Առաքելոց վանքի կռիվները խոսում էին ազատագրության զինված պայքարի ուղին ընտրած հայ ժողովրդի նոր հավատի մասին։
19-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական զարգացումները, Ռուսաստանի Հայկական հարցի նկատմամբ թշնամական դիրքորոշումները զգալի տեղաշարժ մտցրին թե՛ արեւմտահայության եւ թե՛ արեւելահայության շրջանում։ Դա բնական զարգացման արդյունք էր, որովհետեւ հուսախաբության երկար շրջան ապրած հայությունը պետք է որ ցուցաբերեր քաղաքական նոր մտածողություն այն երեւույթների նկատմամբ, որոնք պատնեշում էին ազատագրության ճանապարհը։ Ռուսական դիվանագիտությունը եթե Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իր հղացումները քողարկում էր հայասիրական բռնկումներով, ապա իրեն կցված Արեւելյան Հայաստանում իրականացնում էր հայության այդ հատվածի ռուսականացման, ազատագրական շարժումներից, արեւմտահայության խնդիրներից հեռու պահելու քաղաքականություն։
1896թ. Կովկասի փոխարքա նշանակվեց Գ.Գոլիցինը։ Հայատյաց մի անձնավորություն, որի նախաձեռնությամբ էլ, որպեսզի դյուրացվեր հայության ռուսականացման քաղաքականությունը, հրապարակվեց 1903թ. հունիսի 12-ի հրովարտակը։ Այն, ուղղված լինելով հատկապես հայ եկեղեցու դեմ, վտանգի տակ էր դնում շուրջ 300 դպրոցների գոյությունը, որոնք գործում էին եկեղեցու եկամուտների հաշվին։
1903թ. մահափորձ կազմակերպվեց Գոլիցինի դեմ։ Թեթեւ վիրավորված ցարական սատրապը այլեւս անկարող էր շարունակել իր գործունեությունը, եւ նրան փոխարինելու եկավ ոչ պակաս խորամանկ ու հայատյաց Վորոնցով-Դաշկովը։
Ռուսական առաջին հեղափոխությունը զգաստացրեց ցարիզմին։ Հայության հերոսական պայքարն ավարտվեց հաղթանակով։ Բռնակալությունը տեղի տվեց, եւ 1905թ. օգոստոսին վերացվեց հունիսի 12-ի օրենքը, բռնությամբ զավթված հայ եկեղեցու կալվածքներն ու գույքը ետ վերադարձվեցին։
Ցարիզմի հայահալած քաղաքականության դեմ հայության պայքարը մեկ անգամ եւս ապացուցում էր, որ ազգային գաղափարախոսությունը, ազատագրական շարժումները խոր արմատներ են գցել հայության երկու հատվածներում, եւ Հայկական հարցի լուծման ճանապարհին կառուցված պատնեշները հաղթահարելի են։ Ցարիզմին անհանգստացնողը այն փաստն էր, որ իր ռուսականացման քաղաքականության դեմ հառնողը հայ ազգային մտածողությունն էր։ Ինչը նշանակում էր, որ հայ ժողովուրդը անզիջում պայքար է մղելու ազգային գերխնդրի իրականացման համար։ Հայկական հարցի յուրաքանչյուր արծարծում խոր տագնապ էր ծնում։ Ցարիզմը, դրանում տեսնելով Մերձավոր Արեւելքում իր դիրքերի սասանում, հայ ազատագրական շարժումների դեմ պայքարում կանգ չէր առնում միջոցների ընտրության առաջ։ Այդպես նախաձեռնվեց ամենադյուրին սանձազերծվող հայ-թուրքական հակամարտության բորբոքումը, որը նաեւ հնարավորություն էր տալու երկու ժողովուրդներին հեռու պահել հեղափոխական շարժումներից։
Թուրք-թաթարների շրջանում տարածելով այն միտքը, թե հայերն են իրենց տնտեսական հետամնացության, պանթուրքիզմի ծրագրի խափանման պատճառը, բորբոքելով մահմեդական մոլեռանդությունը, զինելով թուրք բաշիբոզուկներին, 1905թ. փետրվար-1906թ. սեպտեմբեր ամիսներին ամբողջ Անդրկովկասի տարածքում՝ բոլոր հայաշատ կենտրոններում սկսվեցին զինված ընդհարումները։
Ցարիզմը, սանձազերծելով հայ-թաթարական ընդհարումները, ցանկանում էր թուրքերի միջոցով վրեժխնդիր լինել, 1903թ. հրովարտակի վիժեցման համար ծրագիրը չիրականացավ։ Հայ ժողովուրդը ցուցաբերեց բարձր կազմակերպվածություն եւ իշխանություններին ստիպեց հաշվի նստել հայ հավաքական կամքի հետ, միաժամանակ ապացուցելով, որ հայ ազատագրական շարժումները արդեն կրում են կազմակերպված բնույթ։
Հայկական հարցի ազատագրական պայքարի փուլը լուրջ քննություն բռնեց։ Պարզվեցին ազգային գերխնդրի լուծման թաքնված ուժերը։ Ռուսաստանը, որ մինչ այդ դիտվում էր որպես հովանավոր ու պաշտպան, ներգրավվեց հակահայկական ճամբարում։ Հայ ազատագրական պայքարը ձեռք բերեց եւս մեկ զորեղ հակառակորդ։ Հայության ծրագրերը նոր սրբագրման անհրաժեշտություն էին զգում։
Ռուսական առաջին հեղափոխությունը ազդեցություն թողեց նաեւ Թուրքիայի վրա։ Դեպի կործանում եւ մասնատում գնացող կայսրությունը փրկելու նպատակով եվրոպական կրթություն ստացած թուրք երիտասարդները կազմավորեցին «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը։ 1902թ. Փարիզում գումարվեց սուլթանին ընդդիմադիր կուսակցությունների խորհրդակցություն, որին մասնակցում էր Ա. Ահարոնյանի գլխավորած ՀՅ Դաշնակցություն կուսակցության պատվիրակությունը։ Խորհրդաժողովը չընդունեց Հայկական հարց հասկացությունը, 31-րդ հոդվածը իրագործելու պահանջը, այն դիտելով որպես եվրոպական միջամտության փորձ, ինչի պատճառով էլ հայկական պատվիրակությունը հեռացավ խորհրդաժողովից։ Խզումը ձեռնտու չէր երիտթուրքերին, եւ նրանք որոշ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի բալկանյան ժողովուրդների ու հայերի մասնակցությունն ապահովեին սուլթանի դեմ պայքարում, որովհետեւ առաջնային նպատակը իշխանության զավթումն էր, որտեղ պակաս նշանակություն չուներ ընդդիմադիր բոլոր ուժերի օգտագործումը։
1907թ. դեկտեմբերին Փարիզում գումարվեց կայսրության ընդդիմադիր ուժերի կոնգրես, որտեղ որոշվեց տապալել սուլթանին, կազմել խորհրդարան, մերժել հարկերի հավաքման առկա ձեւերը, հեղաբեկել բանակը եւ բարձրացնել համընդհանուր ապստամբություն։ 1908թ. հուլիսին երիտթուրքերը հասան իրենց նպատակին։ Սուլթանական վարչակարգը տապալվեց, իշխանությունն անցավ նրանց ձեռքը։
Ամբողջ կայսրությունում թեւածում էր ոգեւորությունը։ Ազատություն, հավասարություն, սահմանադրություն կարգախոսները կրկնվում էին ամենուրեք։ Եվրոպական մամուլը, հասարակական, քաղաքական գործիչները նույնպես կիսում էին այդ ոգեւորությունը։ Ժան Ժորեսը, խանդավառված կատարվածով, ՀՅ Դաշնակցությանը հորդորում էր համագործակցել երիտթուրքերի հետ։ 1908թ. հոկտեմբերին Բրյուսելում գումարված սոցինտերնի բյուրոյի նիստը, ողջունելով կայսրության ժողովուրդներին, լավագույն ապագայի հույսեր էր նշմարում։
Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Պատմության էջերից