Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑԸ



ՀՀ ԶՈՒ 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը անցկացվեց «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Եզրափակիչի մասնակիցները որոշվեցին առաջին երկու փուլերում` զորամասերում, ապա զորամիավորումների ուժեղագույն մարտկոցների միջեւ կայացած «մրցավեճում»: Այնուհետեւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը շրջեց համապատասխան զորամասերում, համակողմանի ուսումնասիրեց եւ ստուգեց 7 մարտկոցների ամենօրյա ծառայությունը, առաջադրված խնդիրները կատարելու նրանց կարողությունը: Ստուգվել են ստորաբաժանումների` հրաձգության եւ կրակի կառավարման գործնական կրակային խնդիրներ կատարելու ունակությունները, մարտավարական, մասնագիտական եւ տեխնիկական պատրաստությունը:

Ինչպես նշեց վարչության սպաներից փոխգնդապետ Թոփչյանը, մրցումների արդյունքները ցույց են տվել, որ նախորդ նմանատիպ մրցումների համեմատ բարձրացել են հրետանային մարտկոցների հրամանատարների եւ մարտկոցի ավագ սպաների կրակի կառավարման, մարտական աշխատանքի գործնական հմտությունները, ղեկավարման օղակների ներդաշնակման աստիճանը, նաեւ կրճատվել են հաշվարկների եւ ջոկերի կողմից նորմացույցների կատարման ժամկետները: Ի դեպ, նախորդ մրցույթը տեղի է ունեցել 2009թ., իսկ 2010թ. անցկացվել է «Լավագույն հրետանային դիվիզիոնի հրամանատար» մրցույթը: Նման հաջորդականությունը անձնակազմին հնարավորություն է տալիս վերապատրաստվելու, զարգացնելու մարտական խնդրի կատարման կարողությունը: Մարտկոցների հաջողված փորձը ներդրվում է դիվիզիոններում, իսկ դիվիզիոնների հետ կապված կոնկրետ օրինակները մասնավորեցվում եւ համապատասխանեցվում են մարտկոցների առանձնահատկություններին:

Փոխգնդապետ Թոփչյանը նշեց, որ մրցույթի ընթացքում օգտագործվել է զորքերում կիրառվող մարտական տեխնիկան, հիմնականում` Դ-20, Դ-30 հրանոթներ, ՄՄ-21 մարտական մեքենաներ: Առաջին հայացքից բոլոր համակարգերը տարբեր են, սակայն մրցույթի նպատակը ոչ թե տարբեր զինատեսակներով գործելու կարողությունը բացահայտելն էր ու դրանցից առավել հզորը նշելը, այլ յուրաքանչյուր անձնակազմի` իր հաստիքային զինատեսակին լիարժեք տիրապետելու, անհրաժեշտության դեպքում այն մարտի վարման պայմաններում կիրառելու ունակությունը ստուգելը, այսինքն` ինչպես է տվյալ անձնակազմը ապահովում ամրակցված զինտեխնիկայի ընթացիկ շահագործումը, ինչպես է այն բերում մարտական վիճակի, հաղթահարում մարտական խնդիրների կատարման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները, եւ, ի վերջո, ինչպես կկարողանա կիրառել հաստիքային զինատեսակը իրական մարտի ժամանակ առաջադրանքը կատարելիս:

Սահմանված նորմացույցների կատարման արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովի որոշմամբ «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների հաղթող ճանաչվեց կապիտան Ա.ՊԵՊԱՆՅԱՆԻ հրամանատարությամբ գործող Դ-20 հրանոթների հրետանային մարտկոցը, որի անձնակազմը պարգեւատրվեց արժեքավոր նվերով: Երկրորդ տեղը զբաղեցրեց կապիտան Ա.Գեւորգյանի հրամանատարությամբ գործող Դ-30 հրանոթների հրետանային մարտկոցը, իսկ երրորդ տեղը` կապիտան Ա. Մարկոսյանի ղեկավարած Դ-30 հրանոթների մարտկոցը: Վերջին երկու մարտկոցները համապատասխանաբար արժանացան պատվոգրի եւ շնորհակալության:

Հավելենք, որ առաջարկվել է մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարտկոցների հրամանատարներին ընդգրկել 2012թ. ծառայողական առաջխաղացման ռեզերվում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ


26/10/2011