ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ Է»
«СОЮЗНИКИ. ОДКБ» ամսագրի 2011թ. 2-րդ համարում տպագրվել է ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
-Սերժ Ազատի, կցանկանայինք, որ Դուք «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» ամսագրի ընթերցողներին հակիրճ ներկայացնեիք այսօրվա Հայաստանի դիմանկարը, առաջին հերթին` նրա ռազմական, տնտեսական, արդյունաբերական ու մշակութային ներուժը:
-Ներկայումս Հայաստանը կյանքի առանցքային` ռազմական, տնտեսական, դատա-իրավական, կրթական ոլորտների արմատական բարեփոխումների փուլում է: Թեեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեր ծրագրերում լուրջ սրբագրումներ մտցրեց, դա մեր բանակաշինության վրա ոչ մի կերպ չազդեց:
Զինված ուժերում արմատական բարեփոխումներն ուղղված են բանակի արդիականացմանը: Դա ենթադրում է նոր կադրերի պատրաստում, սպառազինության արդիականացում, ժամանակակից հրամանատարական մարմինների ստեղծում, համապատասխան համալրմամբ առավել շարժունակ ստորաբաժանումների ձեւավորում: Ակտիվորեն առաջ են ընթանում խաղաղապահ բրիգադի ստեղծման աշխատանքները:
Չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բազմամյա շրջափակմանը, մեր տնտեսությունը զարգանում է: Կարծում եմ` մեր հաջողության գրավականը մեր ժողովրդի աշխատասիրության, հետեւողական տնտեսական քաղաքականության ու բանկային համակարգի կայունության համադրումն է: Ներկայումս Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության ու նորարար տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ներդրումների համար հուսալի, բարենպաստ բիզնես-միջավայր է ստեղծվել: Մեր մշակույթի հարստությունը, պատմական հուշարձանների առատությունը, միջազգային մասշտաբների մշակութային միջոցառումների անցկացումը բարենպաստ պայմաններ են ստեղծել զբոսաշրջության զարգացման համար:
Վստահ եմ, որ անվտանգության հարցերի լուծումն ու տարածաշրջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորումը նոր ազդակ կհաղորդեն ինչպես առանձին-առանձին մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Այսպիսով երկրներից յուրաքանչյուրի ներուժն ավելի արդյունավետ կօգտագործվի, կապահովվեն Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգությունն ու բարեկեցությունը:
-Հայաստանի Հանրապետությունը շուտով կտոնի պետական անկախության 20-ամյակը: Պետական անկախության մասին երազել են հայերի սերունդներ: Ըստ Ձեզ՝ հայկական պետականության ու ազգային ինքնության պահպանման առանցքային ի՞նչ հարցեր է հաջողվել լուծել անցած տարիներին:
-Անկախության 20-ամյակը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, Հայաստանի` որպես պետության եւ ամբողջ հայ ժողովրդի համար նշանակալից հոբելյան է: Մեր 20-ամյա անկախության տարբեր ժամանակահատվածներում հաղթահարելով խոշորագույն քաղաքական ու տնտեսական ճգնաժամեր` մենք շատ բանի ենք հասել: Հատկապես կցանկանայի ընդգծել պետական մարմինների, զինված ուժերի, քաղաքացիական հասարակության հաստատությունների ձեւավորումը: Կարծում եմ, որ սրանք մեր անկախության ամենաառանցքային ձեռքբերումներն են եւ ապագայում հայկական պետականության ամրապնդման գրավականը:
-Հայաստանը բոլոր ժամանակներում ավանդաբար կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը: Այսօր նա Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունի եւ անդամակցում է ՀԱՊԿ-ին: Ինչպե՞ս եք Դուք` որպես ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գնահատում անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
-Հայ-ռուսական հարաբերությունները մի հարցազրույցի շրջանակներում բնութագրելը բավականին բարդ խնդիր է: Մեր ժողովուրդները կապված են պատմական, հոգեւոր, սոցիալական, տնտեսական ու քաղաքական թելերով: Մեր երկրների միջեւ համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը է՛լ ավելի է ամրապնդել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունները: ՀԱՊԿ գործունեությունը եւ դրա բոլոր ուղղություններով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն, անկասկած, դրական են ազդել մեր երկրի մարտունակության վրա եւ նպաստել են մեր տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվել է էականորեն ակտիվացնել կազմակերպության գործունեությունը, ձեւակերպվել են անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքականության ոլորտներում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման հիմնական մեխանիզմները: Գործնական մեխանիզմներ են ստեղծվում ռազմատեխնիկական ու ռազմատնտեսական համագործակցության, կադրերի համատեղ պատրաստման համար: Կարեւորագույն քայլեր են արվել թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ համատեղ պայքարի ոլորտում: Հատուկ ուշադրություն է հատկացվում ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը: Այդ ոլորտներում ՀԱՊԿ անդամ երկրների համակարգված գործողությունների հաջողությունն են վկայում պարբերաբար անցկացվող «Ռուբեժ» զորավարժություններն ու թմրանյութերի դեմ ուղղված «Կանալ» գործողությունը:
Հավաքական անվտանգության համակարգի՝ արդիականության մարտահրավերներին համապատասխանող նոր բաղադրիչ են դարձել 2009 թվականին ստեղծված ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ): Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից ընդամենը չորս ամիս անց ղազախստանյան «Մատիբուլագ» զորավարժարանում եւ 2010 թվականի հոկտեմբերին ռուսական «Չեբարկուլ» զորավարժարանում անցկացվեցին առաջին ծավալուն զորավարժությունները:
Խոսելով կովկասյան ուղղության մասին եւ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդ ու դժվար կանխատեսելի իրավիճակը՝ պետք է նշել, որ երկկողմ համաձայնության հիման վրա ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միավորված զորախմբի առկայությունը մեր երկրի տարածքում համահունչ է Հայաստանի շահերին եւ տարածաշրջանային անվտանգության հուսալի երաշխիք է:
Զորախմբի կազմի մեջ է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, որի կարգավիճակը սահմանված է միջպետական պայմանագրով: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ անցյալ տարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց արձանագրություն՝ մեր երկրի տարածքում ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու եւ նրա պատասխանատվության գոտին ընդլայնելու մասին: Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի Դաշնությունն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
-Պատմեք, խնդրեմ, Հարավային Կովկասում կայունության պահպանման ու անվտանգության ապահովման գործում Հայաստանի դերակատարության մասին:
-Հայաստանը բազմիցս է դրսեւորել տարածաշրջանում առկա տարաձայնությունները հաղթահարելու հարցում իր կառուցողականությունն ու նպատակասլացությունը: Նաեւ մեր միջազգային գործընկերներն են ընդունում դա եւ գնահատում այն, որ մեր խոսքը գործից երբեք չի տարբերվում: Դա ակնառու դարձավ նաեւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման ժամանակ, եւ ընթացիկ տարվա հունիսի 25-ին Կազանում, սակայն, ցավոք, ցանկալի արդյունքի հասնել չհաջողվեց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների պատճառով:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ուժի չկիրառման տեսանկյունից հատուկ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանական հնարավորությունների զարգացումը: Առանց արտաքին միջամտության հրադադարի ռեժիմի 17-ամյա պահպանումը հաստատում է դա: Հետեւաբար, վիթխարի նշանակություն ունի տարածաշրջանում ուժերի ողջամիտ հավասարակշռության պահպանման խնդիրը:
Պաշտպանական ոլորտում բարեփոխումների շնորհիվ Հայաստանի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ այսօր համապատասխանում են միջազգային չափանիշների եւ մասնակցում են ՄԱԿ-ի կողմից արտոնված միջազգային գործողությունների, պատրաստ են մասնակցելու գործողությունների նաեւ ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կազմում: Վերջիններս կարող են դիմակայել պետության արտաքին սահմանների ու ենթակառուցվածքների համար վտանգավոր տարբեր մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաեւ լուծել տեխնածին ու բնական աղետների հետեւանքների վերացման հետ կապված խնդիրներ:
Մենք հավատում ենք տարածաշրջանային խաղաղ համագործակցության ու տնտեսական փոխգործակցության ներուժին եւ պատրաստ ենք աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը, լարվածության թոթափմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
-Ձեր կարծիքով, հավաքական լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացած ՀԱՊԿ-ի առաջ: Առաջիկա տարիներին քաղաքական, ռազմական, ռազմատնտեսական ոլորտներում զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի կազմակերպությունը:
-ՀԱՊԿ-ն անընդհատ զարգացող կազմակերպություն է: Չէ՞ որ անհրաժեշտ է մշտապես հարմարվել նոր իրողություններին, պատրաստ լինել դիմագրավելու նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Մենք պետք է բարձրացնենք անվտանգության տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման մակարդակը, համակարգենք մեր գործողությունները տարբեր մակարդակներում: Անկեղծ ասած, դա երբեմն այնքան էլ հեշտ չի տրվում, եւ լրացուցիչ ջանքերի անհրաժեշտությունն օրակարգում է: Մեր կազմակերպությունն աստիճանաբար վերածվում է բազմանպատակ, բազմագործառնական մի մարմնի, ինչը համապատասխան փոփոխություններ է պահանջում՝ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման գործում փոխգործակցության մակարդակի բարձրացման համար:
Մեծ մտահոգություն է առաջացնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարեւանությամբ կուտակվող լարվածությունը, որը հղի է նոր բաժանարար գծերի ի հայտ գալով, անվստահության ու կասկածամտության մթնոլորտի վերածնմամբ: Կոնկրետ վտանգ են չկարգավորված հակամարտությունները «ուժային» տարբերակով լուծելու գաղափարներն ու ծրագրերը, որոնք դուրս են առկա բանակցային գործընթացների ձեւաչափից: Այս պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է համատեղ ջանքերի կենտրոնացում, առաջին հերթին` բոլոր երկրների համար հավասար ու անքակտելի անվտանգություն ապահովելու հարցում միջազգային այլ կառույցների հետ համագործակցության ընդլայնման եւ կուտակված ներուժի արդյունավետ կիրառման ուղղությամբ:
Շարունակում է հրատապ լինել հակազդեցությունն այնպիսի մարտահրավերներին ու սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թմրանյութերի առեւտուրը, կազմակերպված հանցավորությունը, ապօրինի միգրացիան, ապակառուցողական տեղեկատվական ազդեցությունը:
Անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման ուղղությամբ` հաշվի առնելով ՕԱՀՈՒ եւ խաղաղապահ հավաքական ուժերի ձեւավորումը: Ղրղըզական հայտնի դեպքերից քաղած դասերը մեզ օգնեցին որոշակիացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված գործունեության ուղղությունները: Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախորդ տարվա դեկտեմբերի նստաշրջանը այդ առումով համարում եմ ամենաարդյունավետներից մեկը: Հաստատվեցին կարեւոր փաստաթղթեր, որոնք մեր կազմակերպությանը թույլ են տալիս արձագանքել ոչ սովորական իրավիճակներում:
Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի ու նրա մասնագիտացված կազմակերպությունների հետ` խաղաղապահ գործունեության, ահաբեկչության ու Աֆղանստանից ելնող՝ թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի հարցերում, ինչպես նաեւ զենքի ապօրինի առեւտուրն արմատախիլ անելու ոլորտում:
Ռազմական ոլորտում անհրաժեշտ է թվում շարունակել կոալիցիոն բանակաշինության մեխանիզմների բարելավման աշխատանքները: Անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ մասին 2009 թվականի դեկտեմբերի 4-ի ՀԱԽ որոշումները` ազգային զորախմբերը ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ ու զինտեխնիկայով, կապի միջոցներով համալրման ու անձնակազմի հանդերձավորման մասով: Շարունակվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ձեւավորման գործընթացը, ինչպես նաեւ խաղաղապահ գործողությունների նախապատրաստման ու անցկացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի մշակումը, միավորված համակարգերի ստեղծումը, առաջին հերթին հակաօդային պաշտպանության ստեղծումը Արեւելաեվրոպական, Կովկասյան ու Կենտրոնասիական տարածաշրջաններում` հետագայում դրանք ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգի մեջ աստիճանական ինտեգրման հնարավորությամբ: Առանցքային նշանակություն ունի զինվորական կադրերի պատրաստումը: Անհրաժեշտ է նաեւ ձեւավորել ներպետական մեխանիզմներ՝ «Ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի կիրառման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու մասին» արձանագրության համաձայն՝ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու համար:
Անհրաժեշտ է նաեւ պայմաններ ստեղծել ՀԱՊԿ անդամ երկրների ռազմա-արդյունաբերական համալիրների համակողմանի ինտեգրման համար, որի առնչությամբ ես կառանձնացնեի այնպիսի հարցեր, որոնք կապված են ռազմական նշանակության արտադրանքի մշակմամբ, թողարկմամբ, արդիականացմամբ ու վերանորոգմամբ զբաղվող միջպետական գիտաարտադրական միավորումների ու ձեռնարկությունների ստեղծման հետ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիակական համագործակցության դաշնային ծառայության միջեւ հուշագիր է ստորագրվել Հայաստանում սպառազինությունների ու զինտեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման արտոնագրված ձեռնարկությունների ստեղծման հարցում համագործակցության մասին: Ներկայումս հայ եւ ռուս մասնագետների կողմից մշակվում են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության տարածքում զրահատանկային տեխնիկայի, դրա սպառազինության ու շարժիչների, ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ ուղղաթիռների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման արտոնագրված տարածաշրջանային կենտրոններ հիմնելու հետ:
Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային: Դեռ շատ բան կա անելու, եւ մեզ քրտնաջան ու դժվարին աշխատանք է սպասում:
-2012 թվականին լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակը: Ի՞նչ նշանակություն ունի այդ պայմանագիրը հետխորհրդային տարածքում անվտանգություն ապահովելու գործում: Կարելի՞ է այս ժամանակահատվածի համար որոշ եզրահանգումներ անել:
-Առանց որեւէ չափազանցության կարելի է ասել, որ 19 տարի առաջ մեր պետությունների կողմից Եվրասիական տարածքում խաղաղության ու անվտանգության պահպանման համար համատեղ ջանքերի օգտին արված ընտրությունը պատմական էր ու լիովին արդարացված: ԱՊՀ երկրներում ռազմական անվտանգության խնդիրը ծագեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, քանի որ գործնականում դադարեց գոյություն ունենալուց այն համակարգը, որ երբեմնի միասնական պետությունը պաշտպանում էր արտաքին սպառնալիքներից: Համագործակցության պետությունների ինքնուրույն զինված ուժերի հնարավորություններին խորությամբ տրված գնահատականը եւ նրանց իրական վիճակը վկայում էին հավաքական պաշտպանության անհրաժեշտությունը:
1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված պայմանագիրը կատարում է Կազմակերպության անդամ պետությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման իր գլխավոր խնդիրը` հաստատելով իր արդյունավետությունը՝ որպես միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման կարեւոր գործիք:
Այդ ճանապարհին առանցքային փուլ էր 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծումը, որն անընդհատ ամրապնդում է իր ներուժը` դառնալով խաղաղության ու կայունության կարեւոր գործոն: Այսօր ՀԱՊԿ-ը աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրողություններին հարմարվող կենդանի օրգանիզմ է:
-Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժություններ: Ինչպե՞ս է ծրագրվում լուծել կարեւոր այնպիսի հարց, ինչպիսին է ՀԱՊԿ դաշնակիցների զորախմբերի ու հատուկ ստորաբաժանումների, ինչպես նաեւ զենքի ու ռազմական տեխնիկայի տեղափոխումը Հանրապետության տարածք:
-Մենք բազմիցս ասել ենք, որ ինչ արած՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը, ցավոք, յուրահատուկ է` ՀԱՊԿ դաշնակիցների հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Բացի դրանից, վիճակը բարդանում է երկաթուղային հաղորդակցության բացակայությամբ:
Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման վայր զորախմբերի ու զենքի եւ զինտեխնիկայի տեղափոխման որոշակի փորձ կա: Եթե խոսենք միայն ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունների մասին, ապա մենք առնվազն երկու անգամ լուծել ենք այդ խնդիրը:
ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ստեղծումից ի վեր անցկացվել է երկու զորավարժություն, եւ երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախմբերը մասնակցել են: Ասվածին կարող եմ հավելել, որ հայկական մոտոհրաձգային վաշտի տեղափոխումը զորավարժությունների վայր եւ հակառակ ուղղությամբ իրականացվել են սեփական ուժերով, մասնավորապես՝ «ԻԼ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, եւ տեղափոխության հետ կապված բոլոր հարցերը հաջողությամբ լուծվել են: Կարծում եմ, նույնպիսի հնարավորություններ ունեն նաեւ Կազմակերպության մեր մյուս գործընկերները:
-Այսօր ի՞նչ ուղղություն ունի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
-Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահավետ համագործակցության վրա, որտեղ գերիշխում են առողջ բանականությունն ու անկեղծ փոխըմբռնումը: Մենք մշտապես առաջնորդվել ենք «հարաբերությունների հաստատում՝ առանց մյուս գործընկերներին վնասելու» սկզբունքով: Դա ներգրավվածության քաղաքականությունն է. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այն բոլոր ձեւաչափերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում ու աշխարհում զարգացմանն ու փոխգործակցությանը, խաղաղության ու կայունության հաստատմանը: Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է:
Մենք հիանալի համատեղում ենք մեր անդամությունը ԱՊՀ-ին ու Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին ու Սեւծովյան տնտեսական համագործակցությանը: Լինելով ՀԱՊԿ ակտիվ անդամ` մենք արդյունավետ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցում ենք միջազգային խաղաղապահ առաքելությունների: Համագործակցում ենք Եվրոպական Միության հետ, որն աջակցում է մեր երկրում արմատական բարեփոխումների անցկացմանն ու եվրաինտեգրման գործընթացին: Ամփոփելով` կարելի է ասել, որ փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքը ճանապարհ են հարթում արդյունավետ արտաքին քաղաքականության համար:
Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական