Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ



ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՆրա կյանքի իմաստը ազգային մնայուն արժեքներ ստեղծելն էր

 

«Թիֆլիսում ունեցած 3 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքս կանցնի թոռներիս, եթե նրանք ծնվեն հայ-լուսավորչական կանանցից…», այսինքն՝ եթե որդիներն ամուսնանային հայ քրիստոնյա կանանց հետ։ Սա մի հատված է թիֆլիսահայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի կտակից։  Կտակում, անշուշտ, այլ պահանջներ էլ կային, բայց այս մեկն առավել շատ ուշադրություն գրավածներից է: Նրա որդիներից ոչ մեկն այդպես էլ հայ քրիստոնյա աղջկա հետ չամուսնացավ… Եվ նրանցից ոչ մեկն այդպես էլ մահկանացուն չկնքեց գոնե ապահովության մեջ՝ ինչպես, թերեւս, վայել կլիներ Մանթաշյանի ժառանգներին…

Ալեքսանդր Մանթաշյանը կարծում էր, որ եթե որդիների կանայք չլինեն հայ  քրիստոնյա, առանց ազգային նպատակների կմսխեն այն ամբողջ ունեցվածքը, որ ինքը տասնամյակներ շարունակ ծանր աշխատանքով կուտակել էր։ Բարերարի մտավախությունը միայն դժվարությամբ վաստակած կապիտալը դյուրորեն վատնելու հեռանկարը չէր։ Մանթաշյանը երազում էր, որ որդիներն իր պես ապրեին ու շարունակեին իր գործը։ Նա իր ամբողջ կյանքում ունեցվածք է կուտակել մեկ հիմնական նպատակով, ավելի շուտ՝ առաքելությամբ։ Նույնիսկ սեփական զավակներին թույլ չի տվել պերճանքի մեջ ապրել՝ այն պարագայում, երբ նրանք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի որդիներն էին։

Մանթաշյանը  ամբողջ կյանքում  փորձել է հայ ժողովրդին հարստացնել՝ ոչ միայն նյութապես։ Ազգի տաղանդավոր կամ գոնե ուսման ձգտող զավակներին կրթելն ու ազգային մնայուն արժեքներ ստեղծելը բարերարի կյանքի իմաստն էր դարձել։ Կուտակել, ավելին՝ կապիտալիզացնել այնպիսի հարստություն, որ ոչ ոք ու երբեք չկարողանար խլել հայ ժողովրդից։ Հարյուրավոր հայ երիտասարդներ Մանթաշյանի կրթաթոշակով ուսում էին ստանում Եվրոպայի լավագույն համալսարաններում։ Մանթաշյանի այս հոգեզավակ կրթաթոշակառուները հետո հայ ժողովրդի կյանքում նշանակալի դեր պետք է խաղային, դառնային հայության հոգեւոր ու մշակութային, գիտական ու կրթական հավաքական դեմքը։ Հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ չի եղել որևէ այլ բարերար, որ միայնակ այդքան միջոցներ ծառայեցներ այս նպատակին։ Իր բոլոր բարեգործություններն արել է լուռ ու առանց ցուցադրանքի։ Նրա արած բազմաթիվ գործերի մասին հայտնի է դարձել տարիներ ու տասնամյակներ անց, երբ մարդիկ իրենք են պատմել, թե Մանթաշյանից ինչ աջակցություն են ստացել։

Մանթաշյանն այն մեծահարուստներից էր, որ նույնիսկ միլիոնների կարողություն ձեռք բերելուց հետո էլ ժողովրդի համեստ ու ազնիվ զավակը մնաց ու երբեք չառանձնացավ հասարակ ժողովրդից։ Սեփական ձիարշավարանների տերը նույնիսկ ձիերով չի շրջել։ Թիֆլիսի փողոցներում նրան միշտ քայլելիս են տեսել…կոկիկ հագնված, ձեռնափայտով, ազնվական կեցվածքով։ Նրա առօրյայի մասն էր կազմում մարդկանց հոգսերով հետաքրքրվելը։ Փող էր դնում բոլոր այն երիտասարդների ձեռքը, որոնց հագուստը նրան մաշված էր թվում: Բայց այս ամենն անում էր այնքան նուրբ ու աննկատ, որ հանկարծ որևէ մեկի ինքնասիրությունը չվիրավորեր։ «Հայրիկն ինչպե՞ս է, կբարևես»,- հետաքրքրվում էր երիտասարդներից, որոնց ծնողների մասին գաղափար չուներ, թե ովքեր են… Պարզապես այդ խոսքերի ընթացքում հաջողացնում էր նրանց գրպանը դրամ սահեցնել։

Թիֆլիսում այսօր էլ կա այն փողոցը՝ Արմյանսկի բազարը (այսօր արդեն անունը փոխվել է), որտեղով Մանթաշյանը շաբաթը մեկ օր հատուկ արկղով դուրս է եկել հանգանակության։ Նա ապրել է մի ժամանակահատվածում, երբ Թիֆլիսի բնակչության մեծ մասը հայերն էին, իսկ նրանց մեջ շատ էին վաճառականները։ Մանթաշյանն առեւտրականներին ստիպում էր հանգանակության արկղի մեջ անպայման դրամ թողնեին, բացատրելով, որ իրենց լուման ունենան ազգային կրթության ու առաջընթացի գործում։ Այդ փողը բարերարն ուղարկում էր իր թոշակով ուսում ստացող երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանային բարելավել օտար երկրում իրենց կենսապայմանները։ Իհարկե, հանգանակվածը չնչին գումար էր կազմում այն փողերի դիմաց, որ Մանթաշյանն ինքն էր հատկացնում երիտասարդների եվրոպական կրթությանը, թեպետ առանց այդ հանգանակության էլ նա կարող էր հոգալ բոլորի հոգսը: Բայց նրա հանգանակությունն  այլ նպատակ ուներ։ Բարերարն ուզում էր, որ առավել ապահով ապրողները մշտապես սոցիալական պատասխանատվություն զգան մյուս հայրենակիցների հանդեպ, օգնեն բուժման կարիք ունեցողին, քաղցած չթողնեն աղքատ ընտանիքների երեխաներին, եկեղեցի ու դպրոց կառուցեն, եղածը նորոգեն։ Ստանձնելով, թերեւս, պետություն չունեցող ազգի կառավարության գործառույթները,  Մանթաշյանն անընդմեջ  փորձում էր հայերին համախմբել ապագայի տեսլականով գաղափարների շուրջ։

Եվրոպայում ու Կովկասում առևտրային հզոր կապեր ու ընկերություններ հիմնած Մանթաշյանն առաջինն էր, որ հիմնել է հայկական արդյունաբերական-առևտրական ընկերություն։ Նրա գործունեությունը Կովկասից դուրս տարածվել է Թուրքիայից մինչև Անգլիա, Եգիպտոսից` Հնդկաստան։ Նավթահանքերի ու գործարանների արքան իր գործարար կայսրությունում էլ ամեն ինչ արել է, որպեսզի առաջին հերթին իր հայրենակիցները շահեն։ Այն բոլոր քաղաքներում, որտեղ նա գործարաններ է ունեցել, ղեկավարները հայեր են եղել։ Ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Բաքվի արդյունահանվող նավթի  50 տոկոսից ավելին նրան է պատկանել։ Այստեղ էլ բանվորների մեծ մասը հայերն են եղել։ Կովկասի գլխավոր դրամատան ամենամեծ բաժնետերն է դարձել ու պաշտոնների նշանակել հայերին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆԱզգային բարերար կոչումը Մանթաշյանին հենց այնպես չեն շնորհել։ Մի կողմ դնելով անձնական ու ընտանեկան բոլոր շահերն ու նախասիրությունները, Մանթաշյանն իր ողջ կյանքում ապրել է համեստ կյանքով, նույնը պահանջել է նաև ընտանիքի անդամներից։

Ալեքսանդր Մանթաշյանը մահացել է Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում։ Սիրելի կնոջ մահից հետո նա այդպես էլ չի կարողացել համակերպվել իրականության հետ։ Դարյա Մանթաշյանի մահից անմիջապես հետո նրա  առողջությունը կտրուկ վատացել է, և մեկ տարի անց գործի բերումով Թիֆլիսից Պետերբուրգ մեկնելիս գնացքում քթից ուժեղ  արյունահոսություն է սկսվել։ Բարերարն այդպես էլ ոտքի չի կանգնել։ Ասում են՝ նրա աճյունը Պետերբուրգից Թիֆլիս տեղափոխելիս գնացքն ամեն կանգառում երկու ժամ կանգ է առել։ Հայությունն իր սիրելի բարերարին վերջին հրաժեշտը տալու համար Պետերբուրգ-Թիֆլիս գնացքի տարբեր կանգառներ է եկել աշխարհի տարբեր ծայրերից։ Թիֆլիսում երկօրյա սուգ է հայտարարվել։ Մանթաշյանն այնքան սիրելի է եղել իր ժողովրդի համար, որ մահվան թափորը կիլոմետրերով է ձգվել։

Եթե Թիֆլիսում քայլելիս լինեք ու շատ առանձնահատուկ շինություն նկատեք, որի կողքով պարզապես անտարբեր անցնել չկարողանաք, իմացե՛ք, այն հաստատ Մանթաշյանի կառուցածներից է։ Մանթաշյանի հետքերն այնտեղ ամենուր են ու այնքան շատ… Դրանցից մեկի վրա մինչև օրս ռուսերենով գրված է «Մանթաշովյան շարքեր»։ Չնայած Վրաստանում այսօր արգելված են ռուսալեզու գրությունները, այս մի բացառությունն արվել է ի պատիվ Մանթաշյանի։ Կանգուն է նաև Մանթաշյանի միջոցներով Թիֆլիսում կառուցված Ներսիսյան դպրոցի շենքը, որ այսօր  Կովկասյան ինստիտուտին է ծառայում։ Մանթաշյանն այդ շենքի կառուցման համար հատուկ Անիից տուֆ էր բերել տվել, այսօրվա փոխարժեքով միլիոնավոր դոլարներ էր ծախսել…  Նույնիսկ երկարատև ասեկոսեներից հետո, թե Ներսիսյան դպրոցը, որը Մանթաշյանն այնքա՜ն մեծ պատիվ էր համարել կառուցելն, ու որտեղ այնքա՜ն մեծանուն հայեր են սովորել, վաճառվում է, այսօրվա բարերարները չհետաքրքրվեցին ու չփորձեցին ձեռք բերել այդ շքեղ շինությունը, որ անգամ հեռվից է առանձնանում շուրջը եղած բոլոր կառույցներից։

Ալեքսանդր Մանթաշյանի հետքերը միայն Թիֆլիսում չեն։ Նա եկեղեցիներ է կառուցել Բաթումում, Փարիզում, նորոգել է Թիֆլիսի Վանքի տաճարը, կառուցել է Էջմիածնի վեհարանը։ Գործերով հաճախակի լինելով Ֆրանսիայի մայրաքաղաքում, նկատում է, որ հայերը կաթոլիկ եկեղեցիներում են կնքվում, եւ բարերարը Ելիսեյան դաշտերում մեծ գումարով տարածք է գնում ու կառուցում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

… Այսօր Ալեքսանդր Մանթաշյանը նույնիսկ գերեզման չունի։ Թիֆլիսի Վանքի տաճարում եղած Մանթաշյանների ընտանեկան դամբարանը Վանքի համալիրի հետ միասին հողին է հավասարեցվել Լավրենտի Բերիայի հրամանով։ Մխիթարություն է, որ տարիներ անց այդ վայրում հայկական դպրոց է կառուցվել։ Այն այսօր Թբիլիսիի միակ հայկական դպրոցն է… Իսկ կողքին դեռ կանգուն է վանական համալիրից պահպանված փոքրիկ զանգակատունը։

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Հատուկ «Հայ զինվորի» համար

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ճակատագրեր


23/01/2020