ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄՈՒՐ ՎԱՀԱՆՆԵՐԸ ԿԱՄ… «ԿԻՆՈՅԻ ՏՂԵՐՔԸ»
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին:
Սովորաբար ժամանակի արագընթացությունից էին բողոքում, հիմա ժամանակն ասես կանգ է առել…
Հավաքակայանում ամեն ինչ ընթանում է իր հունով՝ զինվորացող տղաներին նախ ընդունում են դիմավորման կետում, հետո բուժզննում, ճաշարան՝ զինվորական առաջին կալորիանների ընդունում, այդուհետ՝ հանդերձավորման սենյակ:
Համազգեստը հագան, զինվորական կոշիկների քուղերը ձիգ կապեցին, գոտին պնդեցին ու… հայելուց զինվորն է արդեն ժպտում…
Հավաքակայանի մի անկյունում խմբված երիտասարդները միանգամից աչքի են զարնում՝ մեկը մյուսից հաղթահասակ են, ամրակազմ ու պինդ. պատվո պահակային վաշտում ծառայելու համար ընտրված զորակոչիկներն են: Խիստ ու բծախնդիր ընտրություն է կատարվում. մասնակիցները պետք է ունենան 1,82-1,90 սմ հասակ, ֆիզիկապես կոփված լինեն, ձիգ ու դիմացկուն, համաչափ դիմագծերով:
-Ծառայությունն այստեղ հրապուրիչ է, բայց հեշտերից չէ,- ասում է բագրատաշենցի Սարգիս Ապրեսյանը: -Պետք է շատ չարչարվենք, շատ ջանք ու եռանդ դնենք, որ լավ արդյունքների հասնենք: Պատվո պահակային վաշտը պետական մակարդակի տարբեր միջոցառումների է մասնակցում, ամեն ինչ կատարյալ պետք է լինի, անթերի:
♦♦♦
Զրուցում ենք զորակոչվող մյուս տղաների հետ: Աշխույժ երիտասարդներ են, հումորը՝ տեղը: Ում հետ զրուցում ենք, լուսանկարում, մյուսները կատակով նկատում են՝ վերջ, սա էլ դարձավ «կինոյի տղերքից»…
-«Կինոյի տղերք» չեք, բա ի՞նչ եք,- իրենց իսկ խոսքով հակադարձում եմ: -Ապրիլյանին ձեր հասակակից տղաների սխրանքների ականատեսը եղանք: Նրանցից ամեն մեկի մասին կարելի է մի ֆիլմ նկարել, մի գիրք գրել… Դուք էլ մեր այս օրվա հերոսներն եք, մեր երկիրը ամուր պահող վահանը…
-Հայրենիքը պահում են զենքով եւ կյանքով,- բանաձեւում է զորակոչիկներից մեկը: Գեւորգ Մաթեւոսյանն է՝ Մաստարա գյուղից:
-Եղբայրս Ապրիլյանի ժամանակ բանակում էր, առաջնագծում: Տղերքի քաջությունների մասին շատ-շատ է պատմել: Ինքը, ընկերները, մեզնից առաջ ծառայած զինվորներն ամուր ու անառիկ են պահել մեր երկրի սահմանները, հիմա մեր հերթն է:
-Իմ եղբայրն էլ է Ապրիլյանի մասնակից, պատվոգիր է ստացել,- զրույցին միանում է Մաջիթ Սադոյանը:
Մաջիթն ազգությամբ եզդի է, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից:
-Երեք եղբայր ենք, երկուսն արդեն ծառայել-վերադարձել են: Հպարտությամբ եմ կրելու զինվորի համազգեստը…
-Մեր ծնողների, մեր հարազատների, մեր ժողովրդի անվտանգությունը, մեր հայրենիքի պաշտպանությունն ապահովելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է,- լրացնում է երեւանցի Ժորա Մովսիսյանը:
Երիտասարդներին ուղեկցող սպան շտապեցնում է՝ պետք է գնան վիճակահանության մասնակցելու:
-Որտե՞ղ կցանկանաք ծառայել, կա՞ նախընտրած վայր,- հարցնում եմ:
-Ուր էլ գնանք, մեր հայրենիքն է…
♦♦♦
Այս զորակոչին եւս, նախորդ զորակոչների նման, քիչ չեն զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձածները:
Մարտուն Ներսիսյանը Մոսկվայի ավիացոն ինստիտուտում է սովորում.
-Ռուսաստանից եմ եկել՝ հայրենիքիս պարտքը տալու, հայրենի սահմանները ամուր պահելու:
Դավիթ եւ Նորայր Որսկանյան եղբայրները նույնպես Ռուսաստանից են վերադարձել: Անմիջական երիտասարդներ են, լուսավոր ժպիտը դեմքներից անպակաս:
-Մոսկվայում ենք ծնվել, Մոսկվայում էլ ապրում ենք: Ինը տարեկան էինք, երբ մի օր մեր հայրը կտրուկ որոշեց. «Երեխեքը հայերեն չգիտեն, ճիշտը հայրենիք վերադառնալն է, հայրենի հողում ապրելը»:
Մի քանի տարի ապրեցինք Հայաստանում, հիմա վարժ խոսում ենք մայրենի լեզվով: Եղբայրներով սպորտով էինք զբաղվում, մասնակցում տարբեր մրցումների: Որոշ ժամանակ անց սակայն աշխատանքի խնդիր առաջացավ, ու նորից ընտանիքով ստիպված տեղափոխվեցինք Մոսկվա: Երբ եկավ մեր զորակոչվելու տարիքը, կարող էինք, իհարկե, Ռուսաստանում ծառայել, բայց որոշումը միանշանակ մեկն էր՝ եթե ծառայել, ապա միայն հայրենիքում: Եկել ենք մեր հայրենակիցների հետ ծառայելու, միասին մի բռունցք դառնալու…
Դավիթն ու Նորայրը Մոսկվայում սպորտի քոլեջում են սովորում, ազատ ոճի ըմբշամարտիկներ են: Ասում են՝ բանակում էլ ազատ պահերին կմարզվեն, ծառայակից ընկերներին կսովորեցնեն մարզաձեւի հնարքներն ու նրբությունները:
-Կծառայենք բաց ճակատով,- վստահեցնում են եղբայրները:
♦♦♦
Հավաքակայանի մատուռի առջեւ հավաքված զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ խնդրում են իրենց լուսանկարել: Լուսավոր ժպիտը դեմքներին, ուս ուսի տված նկարվում են, այդպես ուս ուսի էլ ծառայելու են…
Տարբեր խառնվածքի տղաներ են, տարբեր դաստիարակության, տարբեր ընտանիքներից: Մեկը նկարիչ է, մեկը՝ մարզիկ, մեկը՝ ապագա իրավաբան ու տնտեսագետ …
Հիմա բոլորը Զինվոր են՝ Հայրենիքի ամուր եւ հուսալի վահանը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում