Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԻ ՈՒ ՈԳՈՒ ԱՆՀԱՂԹԵԼԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ



ԶԵՆՔԻ ՈՒ ՈԳՈՒ ԱՆՀԱՂԹԵԼԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԳրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխության հանդիսությունը:

Հանդիսությունը բացեց ՊՆ «Զորական» համույթը՝ բանակի հիմնով: Ապա Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հակիրճ ներկայացրեց Պաշտպանության նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ մրցանակաբաշխության անցած վեցամյա ճանապարհի ձեռքբերումներն ու հաջողությունները: Հայոց բանակը հիրավի համարելով մեր նորագույն պատմության ամենամեծ նվաճումը ու մեր ժողովրդի անգերազանցելի արարումը՝ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց գրող-զինվոր, մշակույթ-բանակ առնչությունները՝ դրանք կոչելով զենքի ու ոգու անհաղթելի միասնություն: Նա հավելեց, որ գրողները ոչ միայն իրենց ստեղծագործություններով են սատարում բանակին, ոչ միայն հայ զինվորի սխրանքների գեղարվեստական արձանագրումներով են վառ պահում հայրենասիրության խարույկը, այլև սահման պահող զինվորի կողքին իրենց մշտական ներկայությամբ, ու երբեք չի պարտվի այն բանակը, որի զենքը նաև մտավորականն է կրում:
ԶԵՆՔԻ ՈՒ ՈԳՈՒ ԱՆՀԱՂԹԵԼԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՄրցանակաբաշխության վեց անվանակարգերը ներառում էին բանակային, ռազմահայրենասիրական թեմաներ արտացոլող տարբեր ժանրեր: Կային հատուկ մրցանակներ և Երկրապահ կամավորականների միության Վազգեն Սարգսյանի անվան մրցանակը: Կային նաև մրցանակներ առաջնագծում ծնված գործերի համար, ինչպես նաև՝ խրախուսական մրցանակներ:
«Հայ զինվոր» հանդեսի լրագրող Գայանե Պողոսյանի «Հերոս լինելը զինվորի պարտքն է» ակնարկը ու «Հերթափոխ» վերտառությամբ էսսեն, արտահաստիքային թղթակից Հրանուշի «Արծվի վերադարձը» հոդվածը ճանաչվեցին 2019թ. բանակային, ռազմահայրենասիրական թեմայով տարվա լավագույն լրագրողական աշխատանքներ:
Արձակի ժանրում առաջին մրցանակի արժանացավ Ժաննա Հակոբյանի «Ճակատագրով դատապարտվածները» ստեղծագործությունը, իսկ պոեզիայի ժանրում լավագույնը անվանի գրող Արևշատ Ավագյանն էր՝ իր անունը կրող, ազգային բանակի զինվոր թոռնիկին նվիրված բանաստեղծությամբ: Արևշատ Ավագյանի շնորհակալական խոսքն ուղղված էր ոչ այնքան մրցանակ շնորհողներին, որքան հայրենիքի սահմանները զենքով ու կյանքով պաշտպանող զինվորներին: Ու գրողը հպարտանում էր ոչ այնքան իր ստացած ամենաբարձր մրցանակով, որքան այն իրողությամբ, որ իր թոռնիկը պաշտպանում է սեփական հայրենիքի անդորրն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը:
ԶԵՆՔԻ ՈՒ ՈԳՈՒ ԱՆՀԱՂԹԵԼԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԱրմեն Ավանեսյանը մրցանակ ստացավ «Արցախյան ազատամարտը Վրեժ Իսրայելյանի արձակում» գրախոսության համար: Նա նույնպես կարևորեց բանակում գրողի ոգեղեն ներկայությունը, գեղարվեստի ոգեղեն ուժը: Նա առաջարկեց Վրեժ Իսրայելյանի ու նրա պես ազդեցիկ ու բարձր գրականություն ստեղծողների հայրենաշունչ գործերը փոքրիկ գրքերի տեսքով նվիրել ամեն զինվորի, որպեսզի նրանք զինվեն դրանց գաղափարներով ու պատգամներով;
Հանդիսությանը մասնակցում էր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը, որն իր խոսքում նույնպես կարևորեց մտավորական-բանակ սերտ հարաբերությունները՝ որպես ամուր արժեհամակարգի, բարձր գաղափարականության առհավատչյա:
Ելույթ ունեցավ նաև բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որը ոչ միայն բազմաթիվ փայլուն բանաստեղծություններ է հեղինակել բանակի, մեր ազատագրական պայքարի ու հայրենիքի սահմանները աննվաճ պահող առյուծ տղերքի մասին, այլև երկու որդի է տվել բանակին: Նա շնորհավորեց բոլոր մցանակակիրներին, խոսեց հայոց անհաղթելի ոգին արվեստով կոփելու անհրաժեշտութան մասին ու ընթերցեց իր ամենասիրված բանաստեղծություններից մեկը՝
– Բարձունքը մերն է, տղերքը չկան.
Տղերքն ավելի բարձրում մնացին…
Հանդիսության ժամանակ ներկաների համար ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ընթերցեց ասմունքող Գայանե Սամվելյանը, իսկ Պն «Զորական» համույթի կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր:
Բանակի տոնի շեմին կազմակերպված հադիսությունը՝ որպես ուժի և ոգու փառաբանություն, հայ գրողների տուրքն էր մեր բանակին, մեր սպաներին, մեր երկրի սահմանները անխախտ պահող զինվորներին:
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #4 (1324) 29.01.2020 - 04.02.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


31/01/2020