Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ԿՈՓԵՑ ԻՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ԲԱՆԱԿԸ ԿՈՓԵՑ ԻՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԶրույց գրող, թարգմանիչ, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի հետ

-Պարոն Ջանիկյան, Դուք Ձեր ծննդյան 75-ամյակը դիմավորեցիք փառահեղ գրական ժառանգությամբ՝ 20 հեղինակային, 25 թարգմանական գրքերով: Մենք այս ամենին կանդրադառնանք զրույցի ընթացքում, իսկ որպես սկիզբ, խնդրում եմ պատմել եղեռնից փրկված Ձեր ընտանիքի պատմությունը, Ձեր պապերի, նրանց ծննդավայր Ակնի եւ Մարմարա ծովի ափին փռված Ռոդոսթո քաղաքի մասին: Դուք վերջին շրջանում ամեն տարի այցելում եք մեր հայրենիքի արեւմտյան մաս, շոշափում սեփական արմատները…

-Ակնը՝ Սիամանթո ու Մեծարենց (Մեծարանցը ծնվել է Ակնի մերձակա Բինկյան գյուղում) ծնած բանաստեղծական քաղաքը, ամֆիթատրոնի նման լեռան լանջերից ձգվում է մինչեւ Եփրատ գետը: Դա միակ քաղաքն է աշխարհում, որտեղ լեռան կատարից սկիզբ առնող ջրվեժը իջնում է կիրճն ի վար՝ բերելով երկնքի հմայքը, փայլուն ու աստղոտ հոսում է քաղաքի միջով ու լցվում Եփրատը: Ակնը միակ քաղաքն է աշխարհում, որը քեզ դիմավորում է ոչ թե դրոշներով կամ պետական այլ խորհրդանիշներով, այլ… բանաստեղծությամբ: Փողոցի երկայնքով, սյուների վրա գրված են մեր միջնադարյան տաղերն ու հայրենները:

-Ո՞ր լեզվով…

-Բնականաբար՝ թուրքերեն: Ցեղասպանության ժամանակ քաղաքի բոլոր բնակիչները տեղահանվել են: Այն քարավանը, որի հետ նաեւ մորս ընտանիքն էր (Գրիգոր պապս, տատս ու նրանց երեք աղջիկները) հասնում են Տեր Զորի մատույցներում գտնվող Ռաքքա քաղաք: Արաբ քարավանապետը պապիս հորդորում է աղջիկներից մեկին (ամենակրտսերին՝ մորս) վաճառել իրեն, հիշեցնելով, որ պապս չի կարող ապահով տեղ հասցնել բոլորին: Իսկ ինչո՞ւ ամենակրտսերին՝ հարցնում է պապս: Որպեսզի նա հետագայում չհիշի իր անցյալը, իր ազգությունը՝ պատասխանում է արաբ քարավանապետը: Իհարկե, պապս չի համաձայնում: Իսկ տատս արաբի ասածից մտահոգ՝ ավազի վրա գրում է՝ ես հայ եմ, ես հայ եմ, ես հայ եմ….ու մորս ստիպում է անգիր անել այդ արտահայտությունը, անվերջ կրկնել այդ բառերը ու երբեք չմոռանալ:

-Իսկ մյուս աղջիկնե՞րը… Ինչո՞ւ է հատկապես Ձեր մայրիկին սովորեցնում…

-Որովհետեւ մյուս աղջիկները մեծ էին, գիտեին, որ իրենք հայ են, գրել-կարդալ գիտեին, իսկ մայրս փոքր էր՝ երեք տարեկան, ու եթե գաղթի ճանապարհին կորչեր կամ նրան պարտադրաբար խլեին ծնողներից, «ես հայ եմ»-ը կտպվեր հիշողության մեջ, կհիշեր գիրը ու հետագայում չէր կորցնի իր ազգությունն ու չէր մոռանա իր արմատները:

-Իրոք, սրտառուչ պատմություն է:

ԲԱՆԱԿԸ ԿՈՓԵՑ ԻՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ-Բայց, փառք Տիրոջը, Գրիգոր պապս կարողանում է փրկել իր ընտանիքը: Ես եղել եմ Ռաքքայում, նստել եմ այն ավազներին, որի վրա տատս մաշտոցյան տառերով իր ազգային ինքնությունն էր պատգամում մորս՝ գաղթի ճանապարհին: ….Ինքս ծնվել եմ Բուլղարիայում: Մեր ընտանիքը հենց առաջին ներգաղթի ժամանակ եկել է Հայաստան: Ես մեկ տարեկան էի այդ ժամանակ, մեծ եղբայրս՝ Հարությունը՝ չորս:

-Պարոն Ջանիկյան, փաստորեն Գրիգորը Ձեր մորական պապն էր: Իսկ ինչպե՞ս էր Բուլղարիայում հայտնվել Ձեր հոր ընտանիքը:

-Հարություն պապս պայտար է եղել Չոռլու քաղաքում: Նա քաղաքի միակ պայտարն էր, այդ պատճառով էլ թուրքերը Հարություն պապիս ընտանիքին՝ կնոջը, երկու որդիներին ու աղջկան, չեն տեղահանում: Հետագայում, երբ պապս լսում է, թե ինչ սարսափելի տանջանքների են ենթարկվել աքսորյալ հայերը գաղթի ճանապարհին, ինքնասպանություն է գործում: Գուցե շատերին տարօրինակ թվա, բայց պապս իրեն մեղավոր է զգում, որ չի կիսել իր հայրենակիցների ճակատագիրը: Հույն-թուրքական պատերազմի ժամանակ մերոնք ճարահատ գաղթում են Բուլղարիա: Բուլղարիայում ծնողներս հանդիպում են իրար ու ամուսնանում:

-Ինչպե՞ս ընդունեցին տեղացի հայերը հայրենադարձներին:

-Մեր ընտանիքը՝ հայրս, մայրս, Հարություն եղբայրս եւ ես վարձով ապրում էինք Երեւանի Արաբկիր թաղամասում: Տեղացիները շատ բարյացակամ էին մեր հանդեպ. օգնում էին, ինչով կարող են, բայց Սիբիր աքսորվելու սարսափը թույլ չէր տալիս վայելել հայրենիքում ապրելու բերկրանքը, որովհետեւ չկար ամենակարեւորը՝ ապահովության զգացումը: Սովին, կարիքին, կենցաղային վատ պայմաններին կարելի էր դիմանալ, բայց անպաշտպանվածության զգացումը կոտրում էր մարդկանց: Ու հայրս վախից անդամալույծ դարձավ:

-Բնականաբար, անդամալույծ հայրը չէր կարող հոգալ ընտանիքի հոգսերը, ինչո՞վ էիք գոյատեւում:

-Երբ մերոնք գալիս էին Հայաստան, Գրիգոր պապս մորս նվիրում է գործելու մեքենա, որ, եթե նեղն ընկնենք, մի կտոր հաց վաստակելու հնարավորություն ունենանք: Մայրս ամբողջ օրը գործում էր: Ու այդ արհեստով նա դժվար տարիներին պահեց հիվանդ ամուսնուն, մեծ եղբորս ու ինձ: Հարեւանները մորս ասում էին՝ մեղք ես, տղաներդ արդեն մեծ են, թող սովորելու փոխարեն աշխատեն, օգնեն քեզ: Բայց մայրս չհամաձայնեց. ես ու եղբայրս ոչ միայն դպրոցում սովորեցինք, այլեւ բարձագույն կրթություն ստացանք, եղբայրս՝ թատերական, ես՝ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Երբ ես թարգմանում էի Աիդա Ազնավուրի հուշագիրքը, ճիշտ նույն պատմությանը հանդիպեցի Ազնավուրների կյանքում: Շառլի մայրը ամբողջ գիշեր շորեր էր կարում, առավոտյան Շառլն ու Աիդան շորերը հանձնում էին վաճառողներին ու այդ գումարով հոգում էին օրվա ծախսերը: Երբ Շառլի մորը հորդորում են զավակներին հանել ուսումից ու աշխատանքի ուղարկել, նա ճիշտ մորս նման չի համաձայնում:

-Ինչպե՞ս են անցել Ձեր մանկության ու պատանեկության տարիները, ե՞րբ են ծնվել առաջին գրական ստեղծագործությունները, ի՞նչ միջավայրում, ո՞ւմ ազդեցությամբ է ձեւավորվել Ձեր աշխարհընկալումը, գրական ճաշակն ու մտածողությունը:

-Ես իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ հինգերորդ դասարանում: Վահագն Դավթյանը մեր հարեւանն էր: Նրա խորհրդով ես այցելեցի Պիոներ պալատում գործող գրական խմբակ, որի ղեկավարը՝ Սուսաննա Բաբայանը, Վահագն Դավթյանի համակուրսեցին էր…

-Պարույր Սեւակի առաջին սե՞րը…

-Այո: Ես սովորել եմ Րաֆֆու անվան դպրոցում: Մեր տնից դպրոց ձգվող ճանապարհին մի գրախանութ կար: Երրորդ դասարանից ես այդ գրախանութի կանոնավոր հաճախորդն էի:

-Փո՞ղ որտեղից:

-Քանի որ հայրս հիվանդ էր, ու տան միակ աշխատողը մայրս էր, ազգականներս ինձ միշտ փող էին տալիս: Այդ փողով շոր կամ ուտելիք գնելու փոխարեն, գիրք էի գնում: Ես անընդհատ կարդում էի: Համոզված եմ, որ աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել գրքին: Մարդու հոգին հղկվում, մարդու բարոյական որակները ձեւավորվում են գրականության միջոցով, սիրտը փափկում, քնքշանում, դառնում է կարեկից ու զգայուն արվեստի ազդեցությամբ…

-Պարոն Ջանիկյան, փաստորեն գրքի հանդեպ սերը ժառանգական է, ի վերուստ տրված շնորհ , կարծում եմ՝ Ձեր ընտանիքում ոչ ոք ժամանակ չուներ երեխաների համար գրքեր կարդալու, բայց Դուք սիրել եք գիրքը…

-Հայրս չէր աշխատում ու ինձ հեքիաթներ պատմելու ժամանակ ունե՛ր: Ես շատ էի սիրում այդ հեքիաթները, ու երբ առաջին անգամ փորձել եմ արձակ գրել, այդ հեքիաթներից մեկն եմ վերաշարադրել: Իմ մանկության տարիներին օրվա ընթացքում մի քանի ժամ էին լույս տալիս, ես ու եղբայրս, որը հետագայում դարձավ ռեժիսոր, լամպի լույսի տակ, մինչեւ կեսգիշեր, գիրք էինք կարդում: Երրորդ դասարանում ես իմ անձնական գրադարանն ունեի: …Իսկ հիմա ուզում եմ պատմել Սուսաննա Բաբայանի գրական խմբակի մասին: Դա մի բացառիկ երեւույթ էր: Այսօր գրողների միության անդամների 90 տոկոսը մեր գրական խմբակի սաներն են եղել: Ում անունն ուզում ես տուր՝ Սուսաննա Բաբայանի գրական խմբակով է անցել: Մենք ոչ միայն կարդում էինք, վերլուծում էինք գիրքը, այլև կազմակերպում էինք արշավներ, այցելում էինք պատմական հուշարձաններ, համերգներ, լինում էինք թանգարաններում… Մենք՝ գրական խմբի անդամներս, ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը հավաքվում էինք Պիոներ  պալատի մոտ ու այցելում ընկեր Սուսաննայի գերեզմանին:

-Այսօր էլ մի այդպիսի գրական խմբակ լիներ…

-Պատահական չէ, որ հենց մեր ուսանող սերունդը ոգեկոչեց 1965 թվականի ապրիլի 24-ը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պահանջատիրության կրակը Հայաստանում հայրենադարձները բորբոքեցին: Նրանք ծննդավայր էին կորցրել ու չէին հաշտվում կատարվածի հետ: Իմ մանկության տարիներին մի ծերունի եկավ մեր թաղում բնակվելու՝ Փառնակ քեռին: Պարզվեց, որ նա եղեռնի ժամանակ կորցրել է իր թոռանը…. Ծերունին կապվեց ինձ հետ, թոռան կարոտը ինձնից էր առնում: Փառնակ քեռին քարտաշ էր, գերեզմանաքարեր էր սարքում: Հաճախ ինձ հետը տանում էր գերեզմանոց: Ես հիշում եմ, թե ինչպես էր ստիպում մարդկանց գերեզմանաքարերի վրա գրել մահացածների ծննդավայրերի անունները: Հրաժարվում էր տապանաքար սարքելուց, եթե չէին համաձայնում վրան նշել հանգուցյալի ծննդավայրը: Ասում էր՝ երբ Էրգիրը հետ առնենք, էս մարդկանց կարոտ ոսկորները պիտի տանենք ծննդավայր: Թող տապանաքարի վրա գրված լինի ծննդավայրի անունը, որ ավելի հեշտ լինի… Հայրենադարձները ետդարձի հավատով էին ապրում: Հիշում եմ՝ ինչպես էինք հավաքվում իրար գլխի ու թաքուն լսում «Ամերիկայի ձայնը»: Այդ ժամանակ էր, երբ ես Թուրքիայի թագավորին նամակ գրեցի:

-Թուրքիայում ի՞նչ թագավոր 50-ական թվերին:

-Դե, ես մտածում էի, որ Թուրքիայում թագավոր կա, գրեցի, նկարագրեցի հայրենադարձների անսահման կարոտը իրենց ծննդավայրի հանդեպ ու խնդրեցի վերադարձնել մեր հողերը: Նամակս գցեցի փոստարկղի մեջ, որտեղ մայրս Բուլղարիա՝ հարազատներին ուղարկվող նամակներն էր գցում, ու սպասում էի պատասխանի: Օրեր անց հորս ու ինձ կանչեցին ԿԳԲ: Էսօրվա պես հիշում եմ: Հայրս եկավ դպրոց: Շատ տխուր,գրեթե լալահառաչ ասաց՝ ուրիշ ի՞նչ օյին կարող ես բերել մեր գլխին: Ձեռքս բռնեց, ու գնացինք ԿԳԲ: Հայրս մտավ մի կաբինետ, ես սպասեցի միջանցքում: Քիչ անց հայրս դուրս եկավ կարմիր դեմքով, քրտնած ու շփոթված: Հետո ինձ ներս կանչեցին: Մտա ու տեսա Թուրքիայի թագավորին գրված նամակս ԿԳԲ-ի պաշտոնյայի սեղանին: Պաշտոնյան ինձ ասաց՝ էլ նամակներ չգրես, հետո դարձավ հորս, թե՝ վերջ տվեք «Ամերիկյան ձայն» լսելուն: Ահա , այս մթնոլորտում ծագեց հայրենապաշտության ու պահանջատիրության ալիքը 1965-ին, որի արձագանքները շարունակվեցին 1988-ին և Արցախյան պատերազմի ժամանակ:

-Պարոն Ջանիկյան, Ձեր երիտասարդության տարիներին բուհավարտը մտավորական էր, եւ կյանք էր մտնում ոչ միայն իր մասնագիտության մեջ բարձունքների հասնելու, այլ նաեւ որպես քաղաքացի կարեւոր ու նշանակալի լինելու վճռականությամբ: Ոչինչ այնքան չի ազդել իմ ներաշխարհի վրա, որքան իմ ծնողների անվերջանալի ոգեշունչ պատմությունները հենց ուսանողական տարիներից, ակնածանքը իրենց դասախոսների հանդեպ, որոնք ազգային գործիչներ էին: Ես ուզում եմ ասածս աղերսել այսօրվա իրողությունների հետ:

-Բուհում իմ դասախոսները՝ գրեթե բոլորը, Սորբոնի համալսարանն ավարտած մարդիկ էին: Մեծ մտավորականներ՝ բառի բովանդակ իմաստով: Նրանց կերպարն անգամ չափանիշներ էր հուշում: Նրանք մեզ գրականություն, մշակույթ ներարկեցին՝ բոլոր դրսեւորումներով: Այսօր բանասիրական ֆակուլտետը չի համալրվում: Մայրենի լեզվի ու գրականության ֆակուլտետը: Գրքի, գրողի, խոսքի արվեստի… Ամենաազգային, ամենաոգեղեն ֆակուլտետը: Պատերազմի ժամանակ ազատամարտիկները Րաֆֆուց ու Անդրանիկից էին խոսում: Նախկինում Րաֆֆի կարդալու համար մարդկանց Սիբիր էին աքսորում, բայց մարդիկ կարդում էին, հիմա հարցում արա երիտասարդների շրջանում, թե քանիսն են Րաֆֆի կարդացել:

-Ինչո՞ւ է այդպես:

-Այսօր երիտասարդները գուցե ավելի տեղեկացված են, բայց տեղեկությունն ու գրականությունը տարբեր բաներ են: Մարդկանց գաղափարներ ու զգացմունքներ են պետք: Պետք է գիրքը երեխային, ուսանողին, մարդուն մատուցելու ուղիներ գտնել պետական մակարդակով:

-Հիմա արդեն ժամանակն է խոսել Ձեր գրական ժառանգության մասին, սկսենք գեղարվեստական գրքերից՝ վեպեր ու պատմվածքներ: Զարմանալիորեն Դուք չեք գրում սիրո մասին, չեք խոսում մարդկային հարաբերություններից, Ձեր գրականությունը բացառապես եղեռնի ու Արցախյան ազատամարտի մասին է:

-Իմ գրականությունն Արեւմտյան Հայաստանը ազատագրելու, մեր կորուսյալ հայրենիքը հետ բերելու մասին է, որի նախերգանքը Արցախի ազատագրությունն էր:

-Դեպքեր, դրվագներ, կերպարներ, սրտառուչ ու հերոսական պատմություններ ցեղասպանության, տեղահանության, Արցախյան կռվի, հաղթանակի մասին: Ո՞րն է Ձեր գլխավոր ասելիքն ու նպատակը:

-Ես պատմում եմ այն մասին, թե ինչպես իր բնօրրանում մորթեցին մի հին, արվեստասեր, արարող, խաղաղասեր ժողովրդի: Ինչպես թուրքերը ոչնչացրին մի դարավոր, անզուգական մշակույթ: Եվ սա ոճրագործություն էր ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի դեմ: Եվ այդ ոճրագործության հատուցումը, այն այլեւս չկրկնելու հրամայականով, պիտի պահանջի ամբողջ մարդկությունը: Ես ուխտել էի ու Ցեղասպանության 100-ամյակի օրերին գնացի Ստամբուլ: Անցա էն ճամփաներով, որով անցել էին Կոմիտասը, Սիամանթոն… Գիշերը Թաքսիմի հրապարակում ցույց եղավ, որին միացան նաեւ թուրքերը՝ ցեղասպանությունը դատապարտող պաստառներով: Նրանք ասում էին, որ պայքարում են անարդարության դեմ: Ես վստահ եմ, որ պատմական արդարությունը վաղ թե ու պետք է վերականգնվի: Ամեն անգամ Շուշիի բարձունքից մեր հայրենիքին նայելիս իմ մեջ ավելի է զորանում այն համոզմունքը, որ յաթաղանով կիսված Հայաստանը ամբողջանալու է: Երբ ես կանգնում եմ Ակնում պապիս տան շեմին, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տանտերերը մի օր տուն են դառնալու: Երբ ես շոշափում եմ Կոմիտասի տան դուռը, պատկերացնում եմ, որ այն մի օր դառնալու է Կոմիտասի տուն-թանգարան, եւ ներսից ոչ թե թուրքերեն է լսվելու, այլ հայերեն, հնչելու է Կոմիտասի մաքրամաքուր ու հայեցի մեղեդին: Ես համոզված եմ, որ Կոմիտասի տան դիմացի եկեղեցու փակ դուռը բացվելու է, եւ այնտեղ պատարագ է հնչելու: Թեեւ եկեղեցու այժմյան սեփականատերը չանսաց իմ խնդրանքին ու մի քանի րոպեով չբացեց դուռն իմ առաջ: Ես ուզում եմ վառ պահել հավատի կրակը:

-Այնքա՞ն եք համոզված, որ նույնիսկ Ձեր գրքերից մեկում նշել եք այն տեղանունները, որտեղ ընկնելու ու հերոսանալու են Արեւմտյան Հայաստանի ազատագրության կռիվներո՞ւմ: Դուք նոր փառքի պանթեոն եք «ստեղծել», որը կերտելու է մեր հաղթանակած ապագան: Ի՜նչ նախանձելի լավատեսություն:

-Խորհրդային տարիներին ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ գերտերությունը մի օր կփլվի: Իսկ Արցախի ազատագրությունն ավելի անհնար էր թվում, քան Արարատի տունդարձը: Խորհրդային տարիներին մի խումբ գրողներով գնացել էինք Շուշի: Նախ ասեմ, որ բոլոր գրողները չէ, որ Շուշի գնալու թույլտվություն ստացան: Օրինակ, Սիլվա Կապուտիկյանին այդ անգամ չթողեցին: Բայց այսօր Արցախը հայկական է, ադրբեջանական լծից ազատագրված անկախ պետություն է ու հզոր բանակով պաշտպանում է իր սահմանները: Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ես Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայից մինչեւ Ստամբուլ անցա հայաբնակ քաղաքներով: Դրանք մեկ դար առաջ ծաղկուն քաղաքներ էին՝ իրենց դպրոցներով, վարժարաններով, եկեղեցիներով, ամսագրերով, խմբագրատներով, տպարաններով… Միայն Իզմիրում՝ Հրաչյա Ներսիսյանի ծննդավայրում, հինգ տպարան է գործել: Մեր տները դեռ կան, ու այդտեղ այլազգիներ են ապրում: Թուրքերը եռանդով մինչ օրս ջնջում են հայկականության հետքերը մեր հողի վրայից: Բայց, ինչ էլ լինի, ինչ ջրեր էլ հոսեն, մենք վերադառնալու ենք:

-Պարոն Ջանիկյան, Ձեր թարգմանական գրականության զգալի մասն էլ է եղեռնի մասին: Վերջին գիրքը ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում հաստատված Սրբուհի մեծ մայրիկի թոռան՝ Աննի Ռոմանի մանկական հուշերն էին՝ արեւմտահայ տատի, եղեռնի ու ցեղասպանության մասին սրտառուչ պատմություններով:

-Իմ թարգմանած գրականությունը դրսի հայացքն է ցեղասպանությանը, եւ ես ուզում եմ այն հասու լինի նաև հայ ընթերցողին: Դրանք մեկ անգամ եւս հավաստում են, որ աշխարհը չի մոռացել կատարվածը, եւ առաջադեմ մարդկությունը նույնպես պահանջում է հատուցում եւ արդարության վերականգնում:

– Ձեր գրքերը ստացել են երկրի պետական ամենաբարձր մրցանակները, այսինքն՝ դրանք գնահատվում են պետության ու մասնագետների կողմից: Բայց գիրքը ընթերցողի համար է, այն հասնո՞ւմ է լսարանին:

-Ամբողջ աշխարհում լավագույն գրքերը տպագրվում են ամենացածր տպաքանակով: Պիտի համակերպվենք այդ մտքի հետ: Բարձր արվեստը փոքր լսարան ունի: Զանգվածաբար վաճառվող գրքերը դյուրամարս են, մակերեսային, էժան , ինչպես ասենք՝ «Թքելու արվեստը», որը վերջերս մի մեծ «ալիք տվեց» նաեւ Հայաստանում: Այդուամենայնիվ, լավ գրքեր շարունակ կծնվեն: Գրողն ունի մի մեծ ներշնչանք՝ նա համոզված է, որ իր գրքերը կարդալու են: Եվ դրանք կատարելու են իրենց առաքելությունը:

-Պարոն Ջանիկյան, եւ իմ վերջին հարցը: Ի՞նչ կպատմեք ՊՆ «Հայ զինվոր» հանդեսում Ձեր ծառայության տարիներից:

-«Հայ զինվորում» աշխատելը «զինվորանալու» իմ միակ հնարավորությունն էր: «Հայ զինվորն» ինձ նվիրեց 8 հրաշալի տարիներ, երբ ես հնարավորություն ունեցա անմիջականորեն շփվել բանակի հետ, լինել զորամասերում, դիրքերում: Թե ես ինչ տվեցի «Հայ զինվորին», թող գնահատեն ուրիշները: «Հայ զինվորն» ինձ տվեց բանակի ուժը, ոգեղենությունը, կամքը, այն ահռելի հավատը, որ մեր հաղթանակները լինելու են անշրջելի ու շարունակական: Բանակը կոփեց իմ գրականությունը:

-Պարոն Ջանիկյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Ձեզ առողջ, երջանիկ, բեղուն ու հաղթանակած բազում տարիներ եմ մաղթում:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #4 (1324) 29.01.2020 - 04.02.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/01/2020