…ԵՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՎԱՍՏԱԿԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Հայոց բանակի տոնի նախօրեին Քաշաթաղի շրջանում ձմեռային վերջին զորակոչն էր: Մինչ զորակոչային բաժնում կավարտվեին աշխատանքները, զրուցեցի զորակոչիկների, նրանց ծնողների հետ:
Ներքին Սուս գյուղից է Դավիթ Հարությունյանը։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել և բնակվում է Մոսկվայում: Այժմ եկել է հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու: Տրամադրությունը բարձր է, հպարտ է, որ սեփական անկախ երկրի սահմանն է պաշտպանելու։
Գիրգորյան Արմանը Որոտան քաղաքից է, հայրը՝ Գենադի Գրիգորյանը, զինվորական է։ Նա ունի 5 որդի: Ավագը՝ Արմենը մեկ ու կես տարի է՝ ծառայում է Հայոց բանակում: Այժմ երկրորդ որդուն է ճանապարհում։ 3 որդիները՝ Ալեքսը, Արեգը և Արտյումը հաջորդաբար զորակոչվելու են։ Մայրը չի տրտնջում, նա հպարտ է իր որդիներով։
Վարդան Վարդանյանը, որը «Ես եմ» ծրագրով է մեկնում բանակ, ուսանում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսում: Զինվորական դառնալու միտք ունի:
Սենիկ Մարտիրոսյանը Բերձորի առաջին բնակիչներից է, ընտանիքով 1994թ. եկել է Երևանից և վերաբնակվել Քաշաթաղի շրջանում: Երկու որդիները՝ Անդրանիկն ու Դավիթը, դուստրը Բերձորում են ընտանիք կազմել: Այժմ թոռանը՝ Մուշեղ Մարտիրոսյանին է ճանապարհում:
-Առաջին թոռս է բանակ մեկնում,- ասաց Սենիկը,- մեծ սրտով ու բարի ակնկալիքներով բանակ եմ ճանապարհում նրան: Կարևորը՝ խաղաղություն լինի: Իսկ խաղաղությունը մեր զավակները պետք է ապահովեն: Բոլոր մեկնողներին մաղթում եմ պատվով ծառայություն ու բարի վերադարձ:
Շրջանի զինկոմ Ստեփան Օհանջանյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ այս զորակոչին երկու հոգի՝ Նժդեհ Ավետիսյանը՝ Երիցվանքի գյուղական համայնքի Կրմեն գյուղից, և Վարդան Վարդանյանը՝ Սարատակից, բանակ են մեկնելու «Ես եմ» ծրագրով:
Հետո զինկոմն ու զինկոմի տեղակալ, մայոր Կամո Ալավերդյանը զրուցեցին տղաների հետ, խորհուրդներ տվեցին, հորդորեցին անվերապահորեն ենթարկվել զինվորական կարգ ու կանոնին ու անձնվիրաբար ծառայել: Զինկոմ Ստ. Օհանջանյանը հավաստիացրեց, որ բանակը պատանիներին տղամարդ կդարձնի, ու նրանք կվերադառնան ավելի գիտակից, հաստատակամ եւ ուժեղ։ Իսկ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային միավորման ներկայացուցիչ Վահե Դավթյանի մաղթանքն էր՝ հիշել, որ տանը իրենց սպասում են ամենահարազատ մարդիկ, ծառայել անփորձանք ու տուն վերադառնալ վաստակած հպարտությամբ։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #4 (1324) 29.01.2020 - 04.02.2020, Բանակ և հասարակություն