ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում:
Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է եղել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:
Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածների մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, դրանց հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: