Ո՞ՒՄ ՍԻՐՏՆ Է ՑԱՎՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Վերջերս որոշ մարդիկ, շահարկելով բանակում սպանված կամ ինքնասպան եղած զինվորների ծնողների վիշտը, փորձում են քաղաքական նպատակներով վարկաբեկել բանակը: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության քննարկումով էլ սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հոկտեմբերի 22-ի հաղորդումը: Ա.Հովհաննիսյանի ընդդիմախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, իսկ հաղորդումը վարում էր Աննա Իսրայելյանը:
Պարոն Սաքունցը խոսում էր համոզված, կրքոտ, փաստարկված, եւ ես՝ որպես ունկնդիր, ոչ մի հիմք չունեի եւ այսօր էլ չունեմ բանակը միտումնավոր վարկաբեկելու մեջ նրան մեղադրելու համար: Ավելին, բանակում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ պատահարների առիթով իրավապաշտպանների ու մասնավորապես` պարոն Սաքունցի ջանքերով ձեւավորված հասարակական դժգոհության ալիքն արդեն իսկ դրական պտուղներ է տվել՝ թե՛ զինվորականների ընդհանուր զգոնությունը բարձրացնելուն եւ թե՛ կոնկրետ հանցագործությունները բացահայտելուն միտված քայլերն ակտիվացնելու առումով: Իրավապաշտպաններն ու հասարակությունն արդեն իսկ նպաստել են արդարության վերականգնմանը:
Այդուհանդերձ, հաղորդման ընթացքում մի քանի հարց մնաց անպատասխան: Առաջինը վերաբերում է «Facebook» ինտերնետային սոցիալական ցանցում ստեղծված «Բանակն իրականում» խմբի անվանմանը (ի դեպ՝ խմբին անդամակցում է նաեւ պարոն Սաքունցը): Այս խումբն իր էջում տեղադրում է բացառապես բանակում կատարված հանցագործություններին եւ դրանց շուրջ կազմակերպվող բողոքի ակցիաներին առնչվող տեղեկատվություն: Տպավորություն է ստեղծվում, թե հայոց բանակի ձեռքբերումների եւ մարտունակության մասին մեր իմացածը միֆ է, իսկ «իրականում» բանակը հանցագործություններ ծնող ու սնող մի սոսկալի միջավայր է: Փաստորեն, խմբի անդամները հենց այդ են ուզում հասկացնել իրենց ընտրած «Բանակն իրականում» անվանումով: Չէ՞ որ, ինչպես հաղորդման ընթացքում իրավացիորեն նշեց Ա.Հովհաննիսյանը, կարելի էր խմբին տալ իրականացվող գործունեությանն ավելի համապատասխան անուն, դիցուք՝ «Ո՛չ՝ բանակում կատարված սպանություններին», կամ՝ «Պատժե՛ք մեղավոր սպաներին», կամ՝ «Ո՞վ է սպանել իմ որդուն», կամ, վերջապես, «Արդարություն բանակում»:
Բայց ոչ՝ խմբի անունն է «Բանակն իրականում», եւ թող հանդգնի որեւէ մեկը, բացի զինվորների սպանություններից, ինքնասպանություններից ու խոշտանգումներից, այդ էջում տեղեկացնել հայ զինվորի խիզախության, դիվերսիոն-հետախուզական խմբի թափանցումը կասեցնելու, միջազգային մրցումներում ոսկե մեդալներ նվաճելու, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպաների կողմից բարձր պարգեւների արժանանալու, զորավարժությունների ժամանակ բոլոր թիրախները խոցելու մասին: Ո՞վ թույլ կտա: Այդ «իրականության» մեջ չկա՛ հայ զինվորի սխրանք, չկա՛ բարեխիղճ ծառայություն, չկա՛ մարտական վարպետություն, կա միայն սպանություն ու ինքնասպանության հասցնել, կա միայն հանցագործության կոծկում, կա միայն սպայի կաշառակերություն, անտարբերություն ու անպատասխանատվություն եւ համատարած անպատժելիության մթնոլորտ:
Բա եղա՞վ: «Լավ է, որ բանակն իր գործառույթներն իրականացնում է: Բայց մենք այդ մասին չենք խոսելու, այլ խոսելու ենք միայն այն բաների մասին, որոնք կապված են մարդու իրավունքների հետ: Լավի մասին թող իրենք խոսեն»,- հայտարարում է պարոն Սաքունցը: Միանգամայն իրավացի եք, հարգելի՛ իրավապաշտպան, ձեր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է, այդ թվում՝ բանակում: Ուրեմն` ինչո՞ւ ձեր խումբը հենց այդպես էլ չեք անվանում՝ «Մարդու իրավունքները բանակում», ինչո՞ւ եք «Բանակն իրականում» անվանումով փորձում տպավորություն ստեղծել, թե բանակային իրականությունը սոսկ չբացահայտված սպանություններն են: Ցավոք, այս հարցը մնաց անպատասխան:
Մյուսը. երբ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը փորձեց հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ բանակի հարաբերությունների մասին իր տեսակետը հիմնավորելու համար օրինակներ բերել այլ երկրների փորձից, պարոն Սաքունցն ընդհատեց՝ «Թեմայից շեղվում ենք»: Բայց ինչո՞ւ ենք շեղվում: Այդ ինչո՞ւ իրավապաշտպանները կարող են մարդու իրավունքների եվրոպական չափանիշները վկայակոչել, իսկ զինվորականները նույնը չեն կարող անել իրենց բնագավառում: Ի վերջո, ինչպես իրավացիորեն նշեց Արծրուն Հովհաննիսյանը, մեր բանակն ընդամենը 20 տարվա պատմություն ունի, եւ մենք, ուզենք թե չուզենք, պետք է ուսումնասիրենք օտարերկրյա փորձը: Իսկ այդ փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ զարգացած երկրների բանակներում տեղի են ունենում սպանություններ եւ ինքնասպանություններ, եւ առայժմ ոչ մեկին չի հաջողվել որեւէ երկրի բանակում բացառել նման դեպքերը: Ի դեպ՝ մեր բանակում իրավիճակն ավելի վատ չէ, քան զարգացած երկրների բանակներում:
Իսկ ի՞նչ է ասում պարոն Սաքունցը. «Մահացության ՑԱՆԿԱՑԱԾ դեպքի, կանոնադրական հարաբերությունների խախտման ՑԱՆԿԱՑԱԾ դեպքի ՈՒՂՂԱԿԻ պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է (ընդգծումներն իմն են – Ա.Յ.)»: Այսինքն՝ եթե, դիցուք, մարտական հենակետում սերժանտը ապտակեց զինվորին, կամ սպան ապտակեց սերժանտին, դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատա՞րն է՝ ՀՀ նախագահը, եւ կարելի է պահանջել նրա հրաժարակա՞նը: Ինչը, ի դեպ, անում է հարգելի իրավապաշտպանը: Հարց է ծագում՝ պարոն Սաքունցը հասկանո՞ւմ է, որ իր ասածն անհեթեթություն է, որ աշխարհի ոչ մի բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների եւ նույնիսկ զինվորական ծանր հանցագործության համար ոչ ոք երկրի նախագահի հրաժարականը չի պահանջում, որովհետեւ դա նույնն է, ինչ աշակերտների ծեծկռտուքի համար դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջելը: Եւ արդյո՞ք պարոն Սաքունցի այս եւ նմանատիպ հայտարարությունները չեն վկայում, որ նա (չգիտեմ՝ կամա թե ակամա) փորձում է քաղաքականացնել բանակում կատարված արտակարգ պատահարների խնդիրը: Ցավոք, այս հարցը նույնպես մնաց անպատասխան:
Հաջորդ հարցը վերաբերում է պարոն Սաքունցի հասցեին վերջերս հնչած այն մեղադրանքին, որ նրա սիրտն իրականում բանակի համար չի ցավում: Հարգելի իրավապաշտպանն ակնհայտորեն խոցվել է այս մեղադրանքից, եւ նրան կարելի է հասկանալ: Ի վերջո՝ սրտերն Աստված է քննում, մարդիկ կարող են քննել միայն խոսքերը: Իսկ պարոն Սաքունցի խոսքերն ավելի քան կշռադատված են, իր յուրաքանչյուր քննադատություն նա համեմում է «ցավոք սրտի» արտահայտությամբ. «Հաշվետվողականություն, ցավոք սրտի, հասարակությունը չունի», «Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց վերաբերյալ, ցավոք սրտի, քայլեր չենք տեսնում», «Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, այդ քայլերը, աշխատանքը համարժեք չեն», «Չի կարելի նման հայտարարություն անել, որովհետեւ, ցավոք սրտի…» եւ այլն: Կարո՞ղ ես մեղադրել մարդուն, որ սիրտը չի ցավում:
Միեւնույն ժամանակ, վերոհիշյալ հաղորդման մեջ հարգելի իրավապաշտպանի խոսքում կա մի ուշագրավ հատված, որը մեջբերում եմ բառացի.
«Եւ ես հստակ կարող եմ ասել հետեւյալը, որ պաշտպանության նախարարությունը, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, գտնվում է այնպիսի վիճակում, որ… (մեկ ակնթարթ դադար) Նախ առաջին հերթին պաշտպանական գերատեսչությունը, զինված ուժերը, այլեւս դադարեց, որպեսզի լինի քաղաքական օգտագործման գործիք: Միանշանակ: Այսինքն այն «սուրբ» ինստիտուտը, որը հոյակապ էր, եւ այլն, եւ այլն, եւ դա մշտապես օգտագործվում էր թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին քաղաքականության նպատակով, այլեւս հնարավոր չէ օգտագործել, որովհետեւ մենք ցույց տվեցինք, որ բանակը ունի նույն հիվանդությունը, ինչը հասարակության մնացած օրգանիզմները: Քաղաքական ղեկավարությունը եւ ԶՈՒ ղեկավարությունը փորձում էր դա այդպես (այսինքն՝ «սուրբ») ներկայացնել: Երբ մենք առաջին անգամ դատի տվեցինք պաշտպանության նախարարությանը, շատերը զարմացան՝ ո՞նց կարելի է պաշտպանության նախարարության դեմ դատական պրոցես սկսել: Մենք հաղթահարեցինք դա» (ընդգծումն ու մեկնաբանություններն իմն են – Ա.Յ.):
Հարց է ծագում՝ առաջին նախադասության մեջ ասված «ցավոք սրտին» արդյո՞ք վերաբերում է շարունակությանը: Հազիվ թե, որովհետեւ դժվար է հավատալ, որ պարոն Սաքունցն ափսոսում է, որ զինված ուժերը դադարել են քաղաքական գործիք լինելուց: Իսկ եթե շարունակությանը չի վերաբերում, նշանակում է, որ հարգելի իրավապաշտպանը սկսել է մի նախադասություն, ասել հերթապահ խոսքեր, որոնց ընթացքում որոշել է բուն ասելիքը եւ ապա շարունակել միտքը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ «ցավոք սրտի» արտահայտությունը պարոն Սաքունցի համար դարձել է սոսկ հերթապահ, «պարազիտային» խոսք, ինչպիսիք են` «ուրեմն», «խոսքի», «հասկացար» կամ «իմացար»: Ցավոք, այս հարցը նույնպես մնաց անպատասխան:
Եւ նույն պարբերության վերաբերյալ երկրորդ հարցը: Տեսնել էր պետք, թե պարոն Սաքունցն ինչ հաղթական կեցվածքով ու տոնով էր հայտարարում, որ «կարողացել» է բանակից՝ որպես հաստատությունից, «պոկել» «սրբության քողը», մերկացնել նրա արատները եւ հասարակությանն «ապացուցել», որ բանակի մասին նրա պատկերացումներն իրականում կեղծ էին, որ իրականում բանակն ավելի վատն է, քան կարծում էր հասարակությունը: Պարոն Սաքունցն ուղղակի հաճույք էր ստանում այս ամենը հայտարարելուց, եւ նրա ամբողջ կեցվածքն ասում էր՝ «Ես արեցի՛ այդ բանը»՝ «Մենք հաղթահարեցի՛նք դա»:
Մի պահ, ընդամենը մի պահ ենթադրենք, որ պարոն Սաքունցը «բացել է հասարակության աչքերը» եւ ցույց է տվել իրականությունը: Ինչի՞ են նման նրա արարքն ու հրճվանքը: Ըստ իս՝ նման են հոր կատարած հանցագործության կամ մոր անառակաբարո վարքի մասին անչափահաս երեխային պատմելուն, ծնողին երեխայի աչքից գցելուն: Թե ինչքանով է սա բարոյական, թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Իհարկե, պարոն Սաքունցը առարկելու է, թե բանակից «սրբության քողը գցելու» իր նպատակը բացառապես ավելի կատարյալ ու անթերի բանակ ունենալն է: Սիրով կհավատայի, բայց տեսեք, թե նա որպես բացասական երեւույթ ինչ է նշում. «Մեր քաղաքական ղեկավարությունը այդ «սուրբ ինստիտուտը» մշտապես օգտագործում էր նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Հիմա դա այլեւս հնարավոր չէ»: Իսկ ի՞նչ վատ բան կա, որ մեր երկրի ղեկավարությունն արտաքին քաղաքականության մեջ օգտագործում է հայոց բանակի «սուրբ» եւ հզոր լինելը: Ինչո՞ւ դա դուր չի գալիս պարոն Սաքունցին: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ նա առաջնորդվում է ոչ թե բանակի շահերով, այլ սեփական քաղաքական նախասիրություններով: Ցավոք, այս հարցն էլ մնաց անպատասխան:
Այդուհանդերձ, պետք է հիասթափեցնեմ պարոն Սաքունցին: Այն, որ բանակը մեր պետության ամենակայացած կառույցն է, ոչ ոք չի կարող վիճարկել մի պարզ պատճառով. եթե մեր երկրի քաղաքացին խնդիրներ ունի որակյալ կրթություն ստանալու, առողջապահության, սոցիալական ապահովության կամ դատարանում իր իրավունքները պաշտպանելու ոլորտներում, ապա, համենայն դեպս, արտաքին թշնամուց պաշտպանված լինելու առումով խնդիր չունի: Մեր քաղաքացին պաշտպանված է արտաքին թշնամուց, հետեւաբար՝ բանակն իր խնդիրը կատարում է: Եւ ուրեմն, իր բոլոր թերություններով ու արատներով հանդերձ՝ սուրբ է: Համենայն դեպս` ավելի, քան հասարակությունը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ