Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ«Ստելս» ռմբակոծիչ. այս դասի ինքնաթիռը կատարում է մեկ կարևորագույն խնդիր. անհասանելի և աննկատ մնալով հակառակորդի ՀՕՊ ուժերի և ավիացիայի համար՝ մեծ հեռավորությունից խոցում է ռազմավարական կարևորագույն նշանակետերը, այս կերպ կաթվածահար անելով հակառակորդին։ Ծրագրվում է ռմբակոծիչը զինել 7000 կմ հեռահարությամբ գերձայնային հրթիռներով եւ արհեստական բանականությամբ։ Այլ կերպ ասած՝ արկն ինքն է «որոշելու» երբ և որ ուղղությամբ թռչել: Ռմբակոծիչի բուն խնդիրը  հրթիռը արձակման հավանական հեռավորության հասցնելն է։

Կան նաև մի շարք տեղեկություններ ինքնաթիռի շարժիչի մասին։ Նոր ինքնաթիռը կարող է ավելի երկար ժամանակ թռչել, քան նախորդ՝ ՏՈՒ-160-ը և ունակ է լինելու կրելու առավել մեծ քանակությամբ սպառազինություն։ Նոր ինքնաթիռը պետք է կարողանա կատարել անդադար 30 ժամանոց թռիչք օդի՝ -60-ից +50 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Իսկ շարժիչի շահագործման հավանական ժամկետը պետք է կազմի մինչ 21 տարի։ Առաջին փորձարկումները նախատեսվում են 2023թ., իսկ 2027թ. արդեն այն կանցնի մարտական ծառայության։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՀունվարին 10-ին  տրվեց «Ջոն Բեյզիլոն» նոր կործանիչ նավի կառուցման մեկնարկը։ Այս առաքելությունն ստանձնել է անվանի «General Dynamics» ընկերությունը։ Առլի Բերկ դասի նոր կոդային DDG-122 անվանումը կրող նավը ԱՄՆ ռազմածովային ուժերի շարքում կդառնա 72-րդ էսկադրային ականակիրը:

Այս դասի կործանիչները բազմաֆունկցիոնալ մարտական նավեր են՝ նախատեսված մի շարք  առաքելությունների կատարման համար, ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և ծովային գերակայության հաստատման նպատակով։ Նոր նավերը կարող են հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդի ռազմածովային ստորաբաժանումներին, ցամաքային նշանակետերին, մարտ վարել հակառակորդի սուզանավերի դեմ, ապահովել կրակային աջակցություն յուրային օդուժի համար, ինչպես նաև ստանձնել մարտի կառավարման և ղեկավարման առաքելությունը։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՏիբեթում տեղի ունեցած մեծ զորավարժությունն առանձնացավ չինական նոր թեթև տանկերի լայնամասշտաբ  կիրառմամբ։ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ռազմական տեխնիկան ու բանակային ստորաբաժանումները բացազատված էին ամբողջ տարածքով մեկ,  նաև ծովի մակերևույթից չորս հազար մետր բարձրության վրա՝ լեռնային գոտում, բարդ ռելիեֆային պայմաններում։ Վարժանքների ընթացքում ներդաշնակվել են 35 տոննանոց հրասայլի  և 155 ինքնագնաց հաուբիցի գործողությունները։ «Թայփ-15» թեթև տանկը չինական բանակում համարում են լեռնային, որն այս երկու ռազմական միջոցների համակցված կիրառմամբ կարող է հասնել հաջողության սահմանային առճակատումներում։

«Թայփ-15»-ի դիզելային շարժիչի հզորությունը 1000 ձիաուժ է, իսկ զարգացվող արագությունը ճանապարհի վրա՝  70 կմ/ժ։

Ինչ վերաբերում է հրասայլի հարվածային ուժին, ապա տանկը սպառազինված է 105մմ թնդանոթով, 38 տարբեր տեսակի արկեր կիրառելու հնարավորությամբ և բազմամոդուլային հրաձգային համակարգով։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ«Սիկորսկի»  և «Ռեյնմետալ» ընկերությունները օրերս դիմել են «Լյուվտվաֆֆեի» համար STH ծրագրով տրանսպորտային ուղղաթիռի կառուցման առաջարկով։ Ուղղաթիռը կրելու է «CH-53K Քինգ Սթալիոն» անվանումը։

Երկու խոշորագույն կոնցեռններն իրենց շուրջ են հավաքելու մեկ տասնյակից ավելի առաջատար գերմանական ընկերություններ։

Նման մոտեցումը հնարավորություն կտա բարձրացնելու առաջարկված մարտական մեքենայի գրավչությունը ինչպես որակական, այնպես էլ գնային տեսանկյունից։ Այսպիսով՝ «Սիկորսկին» փորձում է առաջ անցնել մրցույթում իր խոշորագույն մրցակից «Բոինգ» ընկերությունից։

Ուղղաթիռի թռիչքի կառավարման թվային համակարգը հնարավորություն կտա պարբերաբար թարմացումներ անել։ Ավելին՝ ինտեգրված ցուցիչների միջոցով հնարավոր կլինի կանխատեսել  և կանխարգելել տեխնիկական խնդիրները դեռևս սաղմնային փուլում, ինչը բազմակի կնվազեցնի ուղղաթիռի սպասարկման ծախսերը։

Սրանից բացի, CH-53K ուղղաթիռները ունեն օդում լիցքավորվելու համակարգ. դրանք կհամադրվեն KC-130J լիցքավորիչ ինքնաթիռների հետ, որոնք Բունդեսվերը գնելու է։ Բեռնախցիկի կառուցվածքն էլ հնարավորություն է տալիս ուղղաթիռին կրելու «Լյուվտվաֆֆեի» կազմում գործող մի շարք ինքնաթիռների բեռնային հարթակները, ինչը մարտական գործողությունների պայմաններում թույլ է տալիս արագ տեղափոխելու բեռը ինքնաթիռից ուղղաթիռ և այն հասցնելու ինքնաթիռի թռիչքի համար ռիսկային գոտիներ։

Շնորհիվ բազմաֆունկցիոնալության՝ այս ուղղաթիռը կարող է կիրառվել ինչպես զորքերի և սպառազինության տակտիկական տեղափոխման, այնպես էլ մարտի պայմաններում վիրավորների տարհանման, տարերային աղետներից տուժածներին օգնության հասնելու և մի շարք այլ առաքելությունների ժամանակ։ Նոր ուղղաթիռը ռեկորդակիր է ջուր կրելու ցուցանիշով, ինչը հնարավորություն է տալիս կիրառելու այն նաեւ հրդեհաշիջման գործողություններում։

 

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Ռազմական


13/02/2020