Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ



Հայոց դրոշները պատմական խոր անցյալ ունեն։ Այսօր, երբ մենք ունենք մեր Նարնջագույնը եւ ընդունում ենք այն որպես սրբություն, պետականության խորհրդանիշ, արժե մի հայացք ձգել հայոց դրոշների պատմության որոշ դրվագների:

Առաջինը պատմահայր Մովսես Խորենացին է, որ խոսում է հայոց հնագույն պետական դրոշի մասին։ Նա այն անվանում է «Նշանքն Արտաշիսի»։ Խոսքը հայոց թագավոր Արտաշես Ա-ի մասին է։ Գրաբարում «նշան» բառն ունի նաեւ «դրոշ» իմաստը։

Հիշենք, որ Արտաշեսյան թագավորության հիմնադիրը գահակալել է մ.թ.ա. 189 թվականից։ Պատմաբանները, սակայն, կարծում են, որ նրանից առաջ էլ հայերն ունեցել են դրոշներ։ Դրանք եղել են Հայաստանում բնակվող ցեղախմբերի ինքնուրույնությունը խորհրդանշող նշաններ։ Իր պետական դրոշն է ունեցել Ուրարտուն։ Դա լավ երեւում է Արգիշտի Ա-ի բրոնզե սաղավարտի վրա փորագրված մարտակառքից. նրա ետեւում՝ տեգի ծայրին, ամրացված է փոքրիկ դրոշ։

Հայ Արշակունյաց թագավորության հիմնադիր Վաղարշակը նույնպես ունեցել է իր արքայական նշանը՝ դրոշը։ Ինչպես հիշատակում է Խորենացին՝ այն իր վրա կրել է արծվի պատկեր։ Ընդհանրապես, Հին Արեւելքում արծիվը խորհրդանշել է ուժ եւ պետականություն։

Ունեցե՞լ է արդյոք Տիգրան Մեծն իր արքայական դրոշը։ Անշուշտ, թեեւ պատմական ուղղակի հիշատակումներ այդ մասին չկան։ Պատմաբանները կարծում են, որ նրա թագի խորհրդանշանները՝ ճառագայթող արեւ, որի երկու կողմերում արծիվներ, եղել են հենց նրա արքայական դրոշի խորհրդանշանները։ Դրանք կան նաեւ Տիգրան Մեծին հաջորդած մյուս արքաների թագերին։

Հատկանշական է, որ Հռոմի աշխարհակալները, ի նշանավորումն հայոց արքաների նկատմամբ տարած հաղթանակների, կտրել են տվել դրամներ «Պարտյալ Հայաստան» դրոշմով։ Որպես կանոն՝ դրանց վրա պատկերվել են հայ գերիներ, իսկ պարտված թագուհին խորհրդանշել է Հայաստանը։ Այդ դրամներում թագուհու հետ պատկերվել են նաեւ հայկական դրոշներ։

Իրենց դրոշներն են ունեցել ոչ միայն արքաները, այլեւ բդեշխները, նախարարները։ Ագաթանգեղոս պատմիչն իր մատյանում գրում է, որ երբ Գրիգոր Լուսավորիչն ուղեւորվում է Կեսարիա, նրան ուղեկցում են երեւելի իշխաններ «զորօք, նշանօք», այսինքն՝ զորքով եւ դրոշներով։ Մյուս պատմիչների մատյաններում եւս այսպիսի հիշատակումներ կան հայկական դրոշների մասին։ Դիցուք՝ պատմիչ Փավստոս Բուզանդի «Պատմություն հայոց» մատյանում հիշատակվում է, որ երբ Ներսես Պարթեւն ընտրվում է հայրապետ, Արշակ թագավորը, նախարարները, իշխանները ժողովի են գալիս իրենց դրոշներով։

Բուզանդի մատյանում կա մի կարեւոր հիշատակում։ Խոսքը վերաբերում է այն դրվագին, թե Արշակ թագավորի հրամանով ինչպես է զորահավաք կատարում սպարապետ Վասակ Մամիկոնյանը՝ պատրաստվելով պարսից դեմ պատերազմին։ Զորահավաքի են գալիս «նիզակավորք, սուսերավորք, աղեղնավորք, սաղավարտավորք, դրոշավորք»։ Ուշադրություն դարձնենք վերջին բառի վրա՝ դրոշավորք, այսինքն՝ զորականներ, որոնք կրում են դրոշներ։ Այլ խոսքով՝ դրոշակակիրներ։ Պատմիչի այս հիշատակումն ի հայտ է բերում այն իրողությունը, որ հայոց բանակում, ի թիվս տարբեր զորատեսակների մարտիկների, եղել են նաեւ հատուկ դրոշակակիր զինվորներ։

Այս վերջին փաստն արդեն իսկ խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչ կարեւորություն է ունեցել դրոշը հայոց բանակում։ Պատահական չէ, որ Ավարայրի ճակատամարտից առաջ, ըստ պատմիչների, պարսից զորապետն իր լրտեսների միջոցով փորձել է նախ եւ առաջ պարզել, թե քանի՞ դրոշ կա հայոց բանակում։ Դա նրան հետաքրքրել է մի պարզ պատճառով՝ դրոշների թվով կարելի էր որոշել, թե քանի՞ նախարար է իր զորքով մասնակցում ճակատամարտին, որովհետեւ յուրաքանչյուրը կռվի դաշտ էր եկել իր տոհմական զինանշանով ու դրոշով։

Հայոց բանակում դրոշը սրբացվել է։ Այս առումով խոր իմաստ ունի հետեւյալ պատմական դրվագը. Պապ թագավորն ու Ներսես հայրապետը բարձրանում են Նպատ լեռը՝ բարձունքից հետեւելու պարսիկների դեմ հայոց զորքի ճակատամարտին։ Եվ ահա «երեր զնշանս յուր եւ զզէնն», այսինքն՝ իր փողփողուն դրոշն ու զենքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը բերում է կաթողիկոսին՝ օրհնելու։ Եվ հայրապետն օրհնում է դրանք։ Շուտով հայոց զորքը տոնում է նաեւ իր հաղթանակը։

Հին եւ հնագույն շրջանի հայոց պատմական դրոշների մասին ուշագրավ տեղեկություններ կան Մխիթարյան միաբանության անդամներ Ղ. Ինճիճյանի եւ Հ. Հացունու աշխատություններում ¥«Հնախոսություն Հայաստանյաց», «Հայ դրոշները պատմության մեջ»¤։ Հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել պատմաբան, հայագետ Ա. Պատրիկը։ Հետազոտելով տարբեր սկզբնաղբյուրներ, մետաղադրամներ, հնածո իրեր՝ նա վերստեղծել, վերապատկերել է հայոց մի քանի պատմական դրոշաձեւեր, որոնք պատմագիտական մեծ արժեք ունեն։ Դրանցում գլխավորապես արծիվն է, ապա՝ առյուծը, խաչը։ Ուժի եւ հավատի խորհրդանշաններ, որոնք ոգեկոչել են հայ զինվորին, նրան սրբազան կռվի, հերոսացման եւ անմահության տարել։

Փա՛ռք այդ դրոշներին։

 

ՆՈՐԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Պատմության էջերից


13/02/2020