ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Արեւմտյան Հայաստանի այն վայրերում, որոնք թուրք բարբարոսները չէին հասցրել տեղահանել, կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Հատկապես Շատախում, Հայոց ձորում, Գավուշում, Թիմուրում։ 1915թ. ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 6-ը շարունակվեց Վանի ինքնապաշտպանությունը, հունիսին, Հակոբ Կոտոյանի գլխավորությամբ ինքնապաշտպանություն կազմակերպվեց Մուշում, մարտ-օգոստոս ամիսներին՝ Սասունում, 1915թ. հունիս-հուլիս ամիսներին՝ Ղուկաս Տեովլեքյանի գլխավորությամբ՝ Շապին Գարահիսարում, հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Տիգրան Անդրեասյանի ղեկավարությամբ՝ Մուսա լեռում, օգոստոս-սեպտեմբերին, Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ՝ Ուրֆայում, 1915թ. ապրիլին՝ Արտամետում…
Արեւմտահայությունը կարո՞ղ էր խուսափել ոճրագործության զոհ դառնալուց։ Հարցը ունի տարողունակ պատասխան։ Հնարավոր էր, եթե հանդես գար միակամ ու կազմակերպված։
Իսկ հայությանը պատերազմին ակտիվ մասնակցության դրդող Ֆրանսիան ու Ռուսաստանը մտածում էին Արեւմտյան Հայաստանը իրար մեջ բաժանելու մասին։ Աշխույժ բանակցությունները ավարտին հասան Սայքս-Պիկոյում։ 1916թ. կնքված համաձայնագրով Վանը, Բիթլիսը, Կարինը (Էրզրում), Տրապիզոնը բռնազավթելու էր Ռուսաստանը, Դիարբեքիրը, Խարբերդը, Սեբաստիան, Կիլիկիան՝ Ֆրանսիան։ Հերթական անգամ հայ ժողովրդի «բարեկամները» մոռացության էին մատնում հայկական պետականությունը վերականգնելու, Հայկական հարցը լուծելու խնդիրը։
Հայկական հարցի կարեւորագույն իրադարձությունները այդուհետ կապվեցին հայության հովանավոր ներկայացող Ռուսաստանի հետ։ 1917թ. փետրվարի 25-ին ցարիզմը տապալվեց։ Կազմվեց ժամանակավոր կառավարություն, որը որդեգրելով ցարիզմի հակահայկական քաղաքականությունը՝ Արեւմտյան Հայաստանի նվաճված շրջաններն անվանեց պատերազմի իրավունքով գրավված տարածքներ եւ այնտեղ հաստատեց հատուկ կարգեր։ Նորաստեղծ այդ մարմինը պետք է զբաղվեր Արեւմտյան Հայաստանի վերաշինությամբ, գաղթականներին հայրենիք վերադարձնելու, մշակութային, կրթական խնդիրներով։ Գրավված տարածքներում կազմվեցին Էրզրումի, Խնուսի եւ Վանի շրջանները, որտեղ էլ տեղավորվեցին վերադարձած 140000 գաղթականները։ Թերեւս ազգային կուսակցությունների եւ նորընտիր Արեւմտահայ (1917թ. մայիս) եւ Արեւելահայ ¥1917թ. սեպտեմբեր) Ազգային խորհուրդների հետ համագործակցած կոմիսարին հաջողվեց նշանակալի տեղաշարժեր մտցնել արեւմտահայության կյանքում, բայց Ռուսաստանում տեղի ունեցավ երրորդ հեղափոխությունը, եւ իշխանությունն անցավ բոլշեւիկներին (1918թ. նոյեմբերի 7)։
Մեծ եղեռնը, եվրոպական տերությունների ոչ հայանպաստ դիրքորոշումները խորը անհանգստություն էին ստեղծում։
Հայ քաղաքական միտքը հեռու չէր այդ տերությունների ծրագրերը կանխատեսելու հնարավորությունից, սակայն, դժբախտաբար, անկարող էր որեւէ ազդեցություն ունենալ դրանց ընթացքի վրա եւ որդեգրել էր Հայկական հարցում նրանց տրամադրվածությունները կանխատեսողի դերը։ Դեռեւս 1915թ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ բանակցությունների շնորհիվ համաձայնություն էր կայացվել, որով Հայկական հարցի լուծման ուղղությամբ մշակվել էր 5 կետից բաղկացած ծրագիր։ Արեւմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում ունենալու էր ինքնավարություն, որը կառավարելու էր «սուլթանի կողմից տերությունների ընտրած գեներալ-նահանգապետը»։ Ինքնավարությունն ունենալու էր իր դրոշը, ինքնավարության սահմաններում թուրքական զորք չէր տեղակայվելու։ Հայաստանի հովանավորությունն ստանձնելու էին Ռուսաստանը, Անգլիան եւ Ֆրանսիան։
Անդրկովկասում ստեղծված կացությունը նույնպես խոչընդոտում էր Հայկական հարցի լուծմանը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո կազմավորված Հատուկ կոմիտեն ավելի սրեց ազգային խնդիրները։ Հայ-ադրբեջանական հակասությունները դարձան թունդ թշնամական։ Մուսավաթական կուսակցությունը, որին անվանում էին երիտթուրքերի կովկասյան բաժանմունք, ամեն ինչ անում էր, որպեսզի իրականանան պանթուրքիզմի ծրագրերը։ Վրացական մենշեւիկները թաքուն պահելով հայկական տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունները, հենվելով հայ-թուրքական հակասությունների վրա, երկրամասում ստեղծել էին իրենց կուսակցական գերիշխանությունը եւ ըստ վրացական շահերի էին տնօրինում արտաքին հարաբերությունները։ Կոմիսարիատի վարած քաղաքականության պատճառով երկրամասը բաժանեցին երեք ինքնուրույն հատվածների, որտեղ իր ձեւական գոյությունն էր պահպանում համադաշնակցությունը։
Իր կազմավորման օրվանից (1917թ. նոյեմբերի 15) Կոմիսարիատը չճանաչեց բոլշեւիկների իշխանությունը։ Վերջիններս անտեսելով այդ փաստը, Անդրկովկասը չէին դիտում որպես ինքնուրույն քաղաքական միավոր եւ իրենց էին վերապահում երկրամասի խնդիրները լուծելու իրավունքը։ Այդ մտածողության արդյունքն էր ժողովրդական կոմիսարների խորհրդի 1917թ. դեկտեմբերի 29-ի Թուրքահայաստանի ինքնորոշման մասին դեկրետը։ Մինչ այդ, հրապարակվել էր (նոյեմբերի 20-ին) «Ռուսաստանի եւ Արեւելքի մուսուլմաններին» ուղղված կոչը, որում բոլշեւիկյան իշխանությունը հայտարարում էր, որ դեմ է Թուրքիայի նկատմամբ հաղթող տերությունների դիրքորոշումներին՝ «… Մենք չեղյալ ենք հայտարարում Թուրքիան բաժան-բաժան անելու եւ Հայաստանը նրանից խլելու դաշնագիրը եւ խոստանում, որ պատերազմի ավարտից հետո հայերին կտրվի իրենց քաղաքական բախտը ազատորեն տնօրինելու իրավունք»։
Դեկտեմբերի 31-ին հրապարակված դեկրետի պահին Արեւմտյան Հայաստանի գրավված տարածքներից արդեն ռուսական զորքը հեռացել էր։ Լքված ամբողջ ռազմաճակատի պաշտպանությունն ընկած էր հայկական ուժերի վրա։ Արեւմտյան Հայաստանը այլեւս չէր պատկանում ոչ Թուրքիային, ոչ բոլշեւիկների իշխանությանը, այլ իր օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին։ Ռուսական իշխանությունը իրավասու չէր վճռելու մի երկրի ճակատագիր, որի նկատմամբ չուներ որեւէ իրավունք։ Դեկրետին կից հրապարակվել էր նաեւ երդվյալ հայատյաց Ստալինի «պարզաբանումները» Հայկական հարցի շուրջ եւ «դարակազմիկ» հրովարտակի գնահատականը, որով «Արեւելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա» էր անվանվում Հայկական հարցը եւ հպարտորեն ընդգծվում, որ միայն բոլշեւիկների վեհ մարդասիրության պատճառով է, որ լուծում է ստանում հայության խնդիրը։ Հրապարակման իսկ օրվանից դեկրետը դատապարտված էր չիրագործվելու, այն շրջապտույտի մեջ ներքաշեց Հայկական հարցը։ Սա ահազանգ էր նաեւ։ Բոլշեւիկյան վարչակարգը արդեն հայտարարել էր, որ կոչված է համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն իրականացնելուն, ուստի պատրաստ է հանուն այդ հեղափոխության զոհաբերել անգամ ժողովուրդների։
1918թ. պատերազմական իրադրությունը նույնպես Թուրքիայի օգտին էր։ 1918թ. հունվարի 30-ին Թուրքիան վերսկսեց ռազմական գործողությունները եւ հանդիպելով միմիայն հայկական նորակազմ ու թույլ ուժերի դիմադրությանը, զավթեց Երզնկան, Բաբերդը, Վանը, Արճեշը, Էրզրումը, Մամախաթունը։
Այսպիսի իրավիճակում էր Անդրկովկասը, երբ ոտնահարելով հատկապես հայ ժողովրդի իրավունքները, բոլշեւիկները 1918թ. մարտի 3-ին կնքեցին Բրեստի պայմանագիրը` Թուրքիային նվիրելով Արեւմտյան Հայաստանի գրավված տարածքները, Արդահանը, Կարսը։ Բրեստի պայմանագիրն անօրինական էր, քանի որ բանակցություններին չէր մասնակցում հայկական կողմը։ Սակայն բոլշեւիկները կանգ չառան այդ «ձեւականության» առաջ, քանզի բոլշեւիկների համար առաջնայինը համաշխարհային հեղափոխության անհայրենիք ուսմունքի իրականացումն էր, ուսմունք, որը հայ ժողովրդի ճակատագրում ունեցավ կործանարար ազդեցություն։
Անդրկովկասյան իշխանությունները ոչ միայն ցանկություն չունեին, այլեւ անկարող էին լուծելու Հայկական հարցը։ Վրաց մենշեւիկներն ու ադրբեջանական մուսավաթականները գտել էին հայկական տարածքները զավթելու հարմար առիթը։ Նրանք գործակցում էին թուրքական կողմի հետ։ Վրաց մենշեւիկների լուռ ու հայտնի այդ համագործակցության շնորհիվ էլ հայ ժողովուրդը հայտնվեց ծայրագույն վտանգի առաջ. հարցականի տակ էր դրվել նրա ֆիզիկական գոյության խնդիրը։
Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Պատմության էջերից