Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայկական հարցի միջանցիկ ենթափուլ

1921-1923թթ.

 

Խորհրդային կարգերի հաստատումով Հայկական հարցը զրկվեց պետական հոգածությունից։ Հարցի «տնօրինությունը» անցավ բոլշեւիկյան վարչակարգին, որը մինչեւ 1988թ. ծառայեցնում էր իր շահերին, իսկ ներերկրային հայկական կնճիռները մաքրում էր ստալինյան հայատյացության սկզբունքներով։ Այս առումով էլ Հայկական հարցի փուլային զարգացման մեջ գոյանում է մի յուրահատուկ ժամանակահատված, որն ընդգրկում է 1921-1923թթ.։ Պայմանականորեն միջանցիկ անվանելով այն՝ նշենք, որ հենց այդ շրջանում փորձեր արվեցին մեկընդմիշտ մոռացության մատնել, պատմության գիրկն ուղարկել Հայկական հարցը։ Սակայն ժամանակների տիրակալները մոռացել էին, որ խորհրդային բռնատիրությունից դուրս ապրում է Մեծ եղեռն տեսած մի սերունդ, որը վառ պահելով Հայրենիքի նկատմամբ սուրբ զգացմունքները, ազգային ու պետական մտածողությունը, ազգային գաղափարախոսությունը՝ նորից միջազգային հնչեղության է հասցնելու ազգային գերխնդիրը։

Հեղկոմի Երեւան գալով՝ այն հույսն էր փայփայվում, թե Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ լուծում կստանան նաեւ վիճելի տարածքների ու Հայաստանից Վրաստանի եւ Ադրբեջանի զավթած շրջանների հարցերը։ Սակայն հեղկոմը, գնալով պրոլետարական ինտերնացիոնալիզմի ճանապարհով, եղբայրական Ադրբեջանի նկատմամբ որեւէ պահանջ չներկայացրեց, թեեւ հայտնի էր, որ 1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը Հայաստանի անբաժանելի մաս էր ճանաչել Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը։ Ինչպես հետո պարզվեց, դա հեղափոխական ոգեւորություն ստեղծելու համար էր։

Հեղկոմի գերագույն նպատակը հեղափոխական նվաճումների ձեռքբերումն էր, որի հետեւանքով ժողովուրդը օտարվում էր իշխանությունից, ծավալվում էր դիմադրողական շարժում։ Այն անխուսափելիորեն վերածվելու էր զինված ապստամբության։

1921թ. փետրվարի 18-ին հայկական ապստամբական ուժերը՝ «Հայրենիքի փրկության կոմիտեի» գլխավորությամբ, գրավեցին Երեւանը։ Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը, Հայաստանի արդարադատության կոմիսար, պոլսեցի թուրք Սուլեյման Նուրիի, Ավիս Նուրիջանյանի եւ Գ. Աթարբեկյանի նախաձեռնությամբ, Երեւանի բանտում կատարվեց ահավոր սպանդ՝ կացնահարվեց 50 բանտարկյալ, որոնց թվում՝ ժողովրդական հերոս, Բաքվի ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչ, Բաքվի կոմունայի հայկական ուժերի հրամանատար Համազասպը, հեծելազորի հրամանատար, Կարսի պաշտպանության մասնակից, Ղարաքիլիսայի հերոսամարտի կազմակերպիչներից գնդապետ Ն. Ղորղանյանը, Ալեքսանդրապոլի ոստիկանական զորքի պետ Սերգոն եւ այլ նշանավոր զինվորական ու քաղաքական գործիչներ, որոնց ինքնությունը խոշտանգումների պատճառով հնարավոր չեղավ պարզել։

Փետրվարի 18-ին հրավիրված ընդլայնված նիստում Փրկության կոմիտեի կազմը լրացվեց նոր անդամներով, եւ այն ստանալով կառավարության լիազորություններ՝ հեռագրով դիմեց մի շարք երկրների կառավարությունների՝ օգնություն խնդրելով բոլշեւիզմի դեմ պայքարելու, Հայաստանը փրկելու համար։

Վրաստանը բռնի խորհրդայնացրած Կովկասի կարմիր փոխարքա Օրջոնիկիձեն հեռագրով Ս. Վրացյանից պահանջեց անհապաղ հանձնել իշխանությունը։ Դրությունը գնալով դառնում էր վտանգահարույց։ Միջնորդի պարտականությունն իր վրա վերցնելով` մարտի 4-ին Երեւան հասավ Հովհաննես Թումանյանը։ Հինգ օր Հայաստանում մնալուց հետո բանաստեղծը Օրջոնիկիձեին նամակով տեղեկացրեց, թե Թիֆլիսում սխալ պատկերացում է կազմվել Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ, որ կատարվածը ոչ թե դաշնակցականների խռովություն է, այլ համաժողովրդական ապստամբություն։

Համաշխարհային հեղափոխության ասպետները չէին կարող հանդուրժել, որ բոլշեւիզմը պարտություն կրեր։ Կարմիր բանակի զորամասերն ուղղվեցին Հայաստան։ Ուժերի գերակշռություն ունեցող բոլշեւիկները ապրիլի 4-ին վերազավթեցին Երեւանը։

Փետրվարյան հեղափոխությունը հայ ժողովրդի սեփական ճակատագրի տնօրինությունն իր ձեռքը վերցնելու, Հայկական հարցը լուծելու վերջին ճիգերից մեկն էր։ Փետրվարյան իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլշեւիզմը սխալ հաշվարկ էր կատարել։ Բռնի խորհրդայնացնելով Հայաստանը՝ նրանք անկարող եղան ոչնչացնել հայ ազգային գաղափարախոսությունը, մոռացության մատնել ազգային գերխնդիր Հայկական հարցը։

Փետրվարյան հեղափոխությունը լուրջ տեղաշարժ մտցրեց բոլշեւիկների քաղաքականության մեջ։ Վերանայելով թույլ տված սխալները՝ բոլշեւիկյան վարչակարգը սկսեց առավել զգուշավորությամբ մոտենալ ազգային հանրապետությունների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, սերմանել եղբայրության ու բարեկամության գաղափարներ, որոնց օգնությամբ փորձ էր արվում հաշտեցնել միմյանց նկատմամբ բազում ազգային խնդիրներ ունեցող ժողովուրդներին։ Այդ նպատակին էր ծառայելու նաեւ Անդրֆեդերացիայի կազմավորումը (1922թ. մարտի 12)։

Արեւելահայությունն ընկել էր բոլշեւիկյան կապանքների մեջ, զուրկ էր ազգային մտածողություն ունեցող ղեկավարությունից, որի պայմաններում կենտրոնական իշխանությունը յուրահատուկ լուծումներ էր պարտադրում Հայկական հարցին։ Հայ ժողովրդի փետրվարյան հաղթանակի օրերին, երբ երկրում վերացել էր բոլշեւիկյան վարչակարգը, Մոսկվայում տեղի էր ունենում թուրք-խորհրդային բանակցություն, որի առանցքային հարցերից մեկն էլ Հայկական հարցն էր։ Առանց հայ ժողովրդի ներկայացուցչի մասնակցության, ոտնահարելով հայ ժողովրդի իրավունքները, բանակցություններն ավարտվեցին մարտի 16-ի պայմանագրով, որը միջազգային դիվանագիտության պատմություն մտավ «խայտառակ վաճառք» անունով։

Հայ ժողովուրդը դեռեւս չէր սթափվել Բրեստի պայմանագրի հարվածներից, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պարտադրված պայմանագրերից, պետականության կորստից, բռնի խորհրդայնացման մղձավանջից, երբ նրան պարտադրվեց պատմական հայրենիքից զրկվելու փաստաթուղթը։ Քեմալ-Լենին սիրախաղն այս անգամ էլ ոտնահարեց հայ ժողովրդի իրավունքները, եւ «մաքսիմալ տարածքային զիջումներ կատարվեցին թուրքերին՝ ի հաշիվ Հայաստանի»։ Բանակցությունները շարունակվում էին (սկսվել էին 1921թ. փետրվարի 26-ին¤, երբ մարտի 4-ին լույս տեսավ Ստալինի «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածը, որտեղ երդվյալ հայատյացը Հայաստանին խորհուրդ էր տալիս շարժվել լենինյան սկզբունքներով եւ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի հրաժարվել Թուրքիային ներկայացվող հողային պահանջներից։

Նույն միտքը Շանթի պատվիրակությանը հաղորդեց Չիչերինի հայազգի տեղակալ Լ. Կարախանը՝ ասելով. «Եթե վաղը մեր ընդհանուր շարժման շահը պահանջե մեզանից զոհել Անդրկովկասի բովանդակ հայությունը մինչեւ վերջին հայը, մենք կարող ենք ոչ իսկ մեկ վայրկյան տատանում ունենալ այդ զոհողության առաջ»։

Հայաստանի պատվիրակությանը թեեւ հրավիրել էին մասնակցելու բանակցություններին, Ալ. Բեկզադյանն ու Ս. Տեր-Գաբրիելյանը իրենց հետ տարել էին «Հայաստանը մինչեւ վերջին հայ-թուրքական պատերազմի սկիզբը» վերնագրով փաստաթղթեր, ակնկալելով, որ դրանք որոշակի դեր կխաղան Հայկական հարցի լուծման գործում, բայց չարժանացան բանակցություններին մասնակցելու իրավունքին։ Հայության փոխարեն նրա պատմական հայրենիքի ճակատագիրը վճռում էին հայակուլ երկու գաղափարախոսությունների՝ պանթուրքիզմի ու համաշխարհային հեղափոխության դրոշակակիրները։

Վերեւում բերված Ստալինի եւ Լ. Կարախանի մտքերից կարելի է եզրակացնել, որ եթե Հայաստանում հաղթանակած չլիներ փետրվարյան հեղափոխությունը, ապա հարցականի տակ էր դրվելու նաեւ Արեւելյան Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյությունը։ Ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը եւս զգուշացել էր միջազգային կարծիքից եւ հեռու էր մնացել նոր պահանջներ ներկայացնելուց, քանզի զգում էր, որ բոլշեւիզմը հաստատուն կպահի նախանշված սահմանները։

Թուրք-բոլշեւիկյան բանակցություններն ավարտվեցին բարեկամության եւ եղբայրության մարտի 16-ի պայմանագրով։ Հայաստանի Հանրապետությունը, որ 1920թ. ուներ 61.000 քառ.կմ տարածք, զրկվում էր 32.000 քառ. կմ-ից, ամփոփվելով 29.000 քառ.կմ սահմանների մեջ։ «Հայաստանը,- գրում է ակադեմիկոս Գ. Գալոյանը,- զրկվեց Կարսի մարզից, Սուրմալուի եւ Օլթիի գավառներից, Արդահանից, Սարիղամիշից, Կաղզվանից։ Արեւմտյան Հայաստանի գոյության մասին խոսք անգամ չեղավ։ Մոռացության տրվեց ավելի քան կես դարի ընթացքում նրա ազատագրման համար հայ ազատամարտիկների եւ ռուս զինվորների թափած արյունը։ Պայմանագիրը հիմք հանդիսացավ Նախիջեւանը Հայաստանից անջատելու եւ ապա Լեռնային Ղարաբաղը Հայաստանից խլելու եւ Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար»։

Պայմանագրի առաջին հոդվածը ամրագրեց չափազանց կարեւոր մի լուծում եւս։ Պայմանավորվող կողմերը հայտարարում էին, որ չեն ճանաչում միջազգային որեւէ փաստաթուղթ, որը չի ընդունվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության կողմից։ Իհարկե, խոսքը Սեւրի պայմանագրի մասին էր։ Բոլշեւիկ փրկիչները, ենթարկվելով թուրք ազգայնամոլների կամքին, ոտնատակ էին տալիս հայության հույսերի ու երազանքների խարիսխ պայմանագիրը։ Պակաս կարեւորություն չուներ Նախիջեւանի խնդիրը։ Այն համարվելով նախադուռ պանթուրքիզմի ծրագրի, որպես կալվածք տրվում էր Քեմալին, իսկ վերջինս զիջում էր եղբայր Ադրբեջանին, պայմանով, որ «Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Երրորդ պետությունը, բնական է, Հայաստանն էր։

Շարունակելի

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Պատմության էջերից


05/03/2020