Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԶանգակատուն գյուղի դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին

 

Բարև, իմ զինվոր եղբայր, ես հպարտ եմ քեզնով, քանի որ դու ամուր եւ հաստատուն կանգնած ես Հայաստանի սահմանին: Քո շնորհիվ Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի ապրում է խաղաղ երկնքի տակ:

Ես ցանկանում եմ, որ դու երկու տարի պատվով ծառայես և պատվով ետ վերադառնաս տուն, ուր քեզ կարոտով սպասում է քո ընտանիքը:

Աստված քեզ պահապան:

Արման Նազարյան

9-րդ դասարան

 

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄենք բազմիցս համոզվել ենք, որ մեր հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:

Հզոր ու անպարտ են մեր բանակն ու հայ զինվորները, քանի որ նրանց երակներում հոսում է ազատատենչ Վարդանի, Հայկի, Արաբոյի, Մոնթեի և մյուս  քաջարի հերոսների արյունը:

Մենք՝ որպես ապագա զինվորներ, տեսնելով ձեր սխրանքները, խոստանում ենք, որ ինքներս էլ կլինենք այդպիսին և կբազմապատկենք մեր հաղթանակները:

 

Արսեն Նիկողոսյան

11-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Հերոսացումը քո արյան մեջ է, սիրելի՛ զինվոր: Իմ քա՛ջ զինվոր, ես ամեն օր քնում ու արթնանում եմ մեծ հպարտությամբ, քանի որ զինվորի քույր եմ: Աղոթքներս թող քեզ և բոլոր զինվորներին պահապան լինեն:

 

Էմմա Բադալյան 

12-րդ դասարան

 

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԳրում եմ ՀՀ զինված ուժերում ծառայող եղբորս, նաև բոլոր զինծառայողներին, որոնց ևս եղբայր եմ համարում: Դուք միասին կազմում եք մի մեծ ընտանիք, որը կոչվում է Հայոց բանակ: Այն մարդիկ, ովքեր իրենց կուռք են համարում ինչ-որ դերասանի կամ երգչի, պետք է միշտ հիշեն, որ մեր ժամանակների իրական հերոսը բանակում ծառայող, սահման պահող ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ է, ով հայրենիքը սիրում է կյանքից առավել…

 

Ֆելիքս Միքայելյան

11-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԻմ  զինվո՛ր եղբայր, հպարտ եմ քեզնով, որ պաշտպանում ես ինձ ու իմ ազգը թշնամուց: Ամեն անգամ դիրքերում կանգնելիս  հիշի՛ր, որ տանն սպասող ունես, որ քո եղբայրը քեզնից պետք է սովորի լինել բարի, ազնիվ ու հզոր զինվոր: Ուզում եմ, որ երբեք չթուլանա քո մարտական ոգին, որ թշնամին քեզ տեսնելիս ահից դողա ու փախչի: Երկու տարի պատվով պարտքդ կատարիր ու վերադարձիր…

 

Կարապետ Ամրոյան

9-րդ դասարան

 

 

♦♦♦
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվոր, ճիշտ է՝ չեմ ճանաչում քեզ, բայց կարծես ինձ համար շատ հարազատ մարդ լինես: Շնորհակալ եմ, որ անձնվիրաբար ծառայում ես Հայոց բանակում և քո կյանքի գնով պաշտպանում ես մեր ազգը: Հենց քեզ նման քաջ  արծիվների շնորհիվ է, որ հայրենի սահմաններն անխախտ են: Աստված պահապան լինի ձեզ:

 

Մերի Ավետիսյան

10-րդ դասարան

 

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, հա՛յ զինվոր, մեր ազգի պարծանք եւ հպարտություն: Գիտեմ, որ շատ դժվար է ծառայությունը սահմանին, սակայն, վստահ եմ, որ դու պատրաստ ես հզոր հարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության՝ չխնայելով նույնիսկ սեփական կյանքդ: Ճիշտ այնպես, ինչպես չխնայեցին իրենց կյանքը քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաները: Շնորհակալ ենք խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար…

 

Լենա Ավետիսյան

9-րդ դասարան

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Բանակ և հասարակություն


05/03/2020