Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՀիշարժան ու կարևոր լուսանկարներ կգտնվեն յուրաքանչյուրիս ֆոտոարխիվում: Դրանցում մեր կյանքի ինչ-որ մի դրվագն է, մի փոքրիկ ակնթարթը, վայրկենական ապրումը, որ դրոշմվել ու ի պահ է տրվել վաղվան: Տղաների համար սիրված ու կարևոր են հատկապես բանակային լուսանկարները: Զինվորական տարիների մասին հիշեցնող լուսանկարներ Աղասին ու Ռոմանը դեռ կհասցնեն ունենալ, բայց, սկսենք սկզբից…

Մանկության տարիներին արված լուսանկարում Աղասին ու Ռոմանը փոքրիկ «Նժդեհիկներ» են, այդպես կոչում են «Հայ ասպետ» դպրոցի կրտսեր սաներին: Դեռ տարիներ առաջ, իբրև փոքրիկ զինվորիկներ, նրանք Նժդեհի շիրիմին երդվել էին հավատարիմ մնալ մեծ Զորավարի պատգամներին: Հիշարժան այդ օրվա առթիվ լուսանկարներն արդեն հին են, զգացողությունները՝ այսօրվա պես թարմ: Բոլորովին վերջերս էլ տղաներն իրենց ծնողների, հարազատների, սպաների ու զինակից ընկերների առաջ հայրենյաց պաշտպանի երդման տողերն էին արտասանում՝ նույն խրոխտ կեցվածքով, է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ: Կարևոր օրերի շարքը համալրվեց ևս մեկով, ևս մի լուսանկար այսուհետ կհամալրի ֆոտոդարանն ու կհիշեցնի զինվորական կյանքի մեկնարկի մասին: Առջևում ժամկետային ծառայության երկու տարիներն են, որոնց մասին հետո դեռ շատ են պատմելու, և որքան կարևոր դրվագներ դեռ կհավերժանան լուսանկարներում, որոնցով հետո շատ ու շատ են հպարտանալու: Վրանային ճամբարներ, լեռնագագաթների հաղթահարում, ճանաչողական արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ՝ այս և բազում այլ զինվորական միջոցառումների արդյունքում երկիր հայրենիի ամեն թուփն ու քարը ծառայող տղաների համար ակամա թանկ ու կարևոր է դառնում՝ ընդգծելով բանակի կարևորությունը մեր պետության ու ժողովրդի համար:

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական մասնագիտություն արդեն ընտրել են. Ռոմանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանն ավարտել է մարկետոլոգի մասնագիտությամբ, նվագախմբում է նվագել, հաճախել վոկալի դասերի ու խաղացել մի շարք օպերաներում, Աղասին էլ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, նաև սպորտի սիրահար է: ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԱյսօր արդեն տղաները կուրսանտական նստարանին հակատանկային պաշտպանության միջոցներին են ծանոթանում, ամիսներ անց ազգային բանակի՝ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներից մեկում պետական սահմանի պահպանությունը նաև նրանց է վստահվելու: Հպարտությամբ ու անհամբեր սպասում են սահմանապահ դառնալուն, իսկ մինչ այդ՝ ուսումնական զորամասում հակատանկային պաշտպանության զինատեսակներին են ծանոթանում, սովորում դրանց կիրառության առանձնահատկությունները, ձեռք բերում համապատասխան մասնագիտական հմտություններ: Ըստ տղաների` այստեղ ստացած գիտելիքները կարևոր են պատերազմող երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար: Ազատ ժամերին էլ չեն մոռանում ինքնակրթության մասին. ծառայողական օրվա լարվածությունն առավել հեշտ է հաղթահարել, երբ միտքդ մշտապես լավ մարզավիճակում է:

Այսպես ծառայակից ընկերները միասին փորձում են հաղթահարել ցանկացած դժվարություն:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ազգային բանակ


05/03/2020