Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼ



ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼ-Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը սպայի կատարելատիպ է,- ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Տիտանյանը: -Նա գերազանց տիրապետում է իր զինվորական մասնագիտությանը, ունի զինվորական ղեկավարին անհրաժեշտ բոլոր հատկանիշները: Խստապահանջ է ու հոգատար ենթակա անձնակազմի հանդեպ, անում է հնարավորը, որ իր անձնակազմը հասնի բարձր արդյունքների: Չի բավարարվում ձեռքբերածով, մշտապես զբաղվում է թե՛ իր, թե՛ իր ենթակաների կատարելագործմամբ: Արթուր Մկրտչյանը նախաձեռնող է, գործունյա: Ունի պատասխանատվության բարձր զգացում: Բազմակողմանի զարգացած է, մարդկային հարաբերություններում ազնիվ է, գթասիրտ, արժանապատիվ: Ահա, բոլոր այս հատկանիշների շնորհիվ նա արժանացավ պետական պարգեւի: Փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը հունվարի 28-ին՝ Բանակի տոնի առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:

Բնականաբար, շտապում եմ պահ առաջ զրուցել մի սպայի հետ, որին իր հրամանատարը բնութագրեց այսքան դրական հատկանիշներով: Բայց հանկարծ  նկատում եմ փոքրիկ Նարեկին, որը տասը տարեկան է, վառվռուն աչքեր ունի, խելացի հայացք ու նայում է ամենայն հետաքրքրասիրությամբ:

-Դու զինվորակա՞ն ես դառնալու պապայիդ պես:

Ծեծված հարց է, բայց երեխային զրույցի տրամադրելու ուրիշ ձեւ չեմ գտնում: Նարեկն օրորում է գլուխը:

-Ես բռնցքամարտիկ եմ դառնալու, աշխարհի չեմպիոն: Էլ ի՞նչ գյումրեցի եմ, որ աշխարհի չեմպիոն չլինեմ:

-Փաստորեն, դու Գյումրիում ես ծնվել, ես էլ իմացա Բերդից ես:

-Չէ՛, մենք երեք տարի է, ինչ ապրում ենք Բերդ քաղաքում: Բայց ես Գյումրիում էլ չեմ ծնվել, այլ ուրիշ քաղաքում…

Ես ավելի եմ խճճվում:

-Բա որ Գյումրիում չես ծնվել, ո՞նց ես գյումրեցի:

Ու նայում եմ Նարեկի հորը՝ փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին, որ մեզ օգնության հասնի: Արթուրը ժպտադեմ նայում է որդուն ու ոչինչ չի ասում:

-Իմ գյուղը Վահրամաբերդն է: Վահրամաբերդը Շիրակի մարզում է: Այդտեղ են ծնվել իմ հայրն ու մայրը, իմ բոլոր ազգականները: Նաեւ մեծ քույրս՝ Ջեմման: Բայց Միլենան ծնվել է Բալահովիտում, իսկ ես՝ այնտեղ, որտեղ այդ ժամանակ ծառայում էր հայրս: Որովհետեւ իմ հայրը զինվորական է, ու նա տարբեր զորամասերում է ծառայել: Դրա համար էլ մենք մեր գյուղում՝ Վահրամաբերդում չենք ծնվել:

-Կուզեի՞ր պապադ բիզնեսմեն լիներ,- հարցնում եմ Նարեկին, թե ինչ սատանա է մտնում մեջս,- շատ փող ունենայիք, շքեղ մեքենաներ, այֆոն…

Նարեկը տարակուսած նայում է հորը: Հայրը ժպտում է սիրալիր:

-Կուզենայի՞ր,- կրկնում է: Ու ես զղջում եմ հարցիս համար, որովհետեւ Նարեկի մայրը՝ Լիանան, ու մեծ քույրերը այնպես են լարվել, ասես՝ փոքրիկի պատասխանը աշխարհի ամենակարեւոր բանն է: Նարեկն օրորում է գլուխը:

-Չէի ուզենա բիզնեսմեն հայր, որովհետեւ զինվորականներն ավելի ուժեղ են, ու զինվորականների աշխատանքը ավելի կարեւոր է:

-Ինչո՞ւ,- հարցնում եմ ոգևորված:

-Նրանք պաշտպանում են ժողովրդին թշնամուց: Ու բոլորը հարգում են զինվորականներին: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրը զինվորական է:

Բոլորս թեթեւացած շունչ ենք քաշում:

-Ճիշտ է,- զրույցին միանում է Լիանան,- բոլորս էլ հպարտանում ենք: Դժվար է թողնել ընկերներին, հարեւաններին, քո շրջապատի մարդկանց ու գնալ նոր բնակավայր, բայց մենք չենք տրտնջում…

Ասում է՝ որդուն նայելով, ասես՝ որդու անունից: Նարեկը գլխով է անում ու դուրս է գալիս սենյակից:

-Զինվորականի ընտանիքը ավելի արագ է ոտքի կանգնում, ինքնուրույն դառնում, որովհետև այլընտրանք չկա,- շարունակում է Լիանան,- շատ հոգսեր պիտի ինքնուրույն հոգանք, առանց տղամարդու: Երեխաներս միշտ առանց հայրիկի են դիմավորում Նոր տարին, որովհետեւ ամուսինս տարեմուտը տոնում է իր զինվորների հետ: Հաճախ երեխաներիս ծնունդը նշում ենք առանց հայրիկի: Այս փոքրիկ «զրկանքները» մեր բաժին տուրքն են հայրենիքին:

-Մեր գյուղը շատ եմ կարոտում,- վերջապես խոսում է Արթուր Մկրտչյանը:- Կարոտը գալիս, կանգնում է կոկորդիս: Վահրամաբերդը աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է, Վահրամաբերդում աշխարհի ամենալավ մարդիկ են ապրում: Ախուրյան գետը հոսում է մեր գյուղի տակով: Մարմաշեն եկեղեցում, որը 10-13-րդ դարերում է կառուցվել ու անվանակոչվել է Վահրամ Պահլավունու կնոջ անունով, ամեն կիրակի ղողանջում են զանգերը: Փոքրիկ տղաները, ինչպես իմ մանկության տարիներին, վազելով հասնում են ռուսական ռազմակայանի զորահրաձգարան, որը գյուղի ծայրին է, որ զենք ու զինտեխնիկա տեսնեն: Գյուղը հիմա իր նոր հերոսներն ունի: Բայց երբ ես փոքր էի, մեր գյուղի հերոսը պապիս եղբայրն էր՝ Հարություն Մկրտչյանը: Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր: Ընկերոջ հետ մտել էր թշնամու թիկունք, 10 գերմանացի սպայի գնդակահարել, 38-ին՝ գերի վերցրել: Կենդանի լեգենդ էր:

-Ո՞ղջ էր մնացել:

-Հարություն պապը 2002-ին մահացավ: Մեր դպրոցը նրա անունն է կրում: Նա անվերապահ հեղինակություն էր մեր մարզում: Իսկ պապս՝ Ռենիկը, մեր գյուղի նախագահն էր: Ծնողներս ուսուցիչներ էին: Մեզ՝ գյուղի փոքրիկ տղաներին, դաստիարակել պետք չէր: Այս մարդիկ իրենց ներկայությամբ հղկում էին երիտասարդ սերնդին ու հուշում նրանց երազանքները:

Արթուր Մկրտչյանը գրասեղանի դարակից թղթեր է հանում, որոնցից մեկի վրա նրա անցած ճանապարհի վկայագիրն է՝ ռազմական համալսարանից մինչեւ զորամասի հրետանու պետ, կուրսանտից մինչեւ փոխգնդապետ:

Ես կրկին հիշում եմ գնդապետ Տիտանյանի գնահատանքը` «Սպայի կատարելատիպ»:

-Բարձր արդյունքի համար հազար բան է անհրաժեշտ՝ ճիշտ մարդկային հարաբերություններ, փոխըմբռնում, մասնագիտական գիտելիքներ, տքնաջան աշխատանք, իրար օգնելու պատրաստակամություն… Որ մեկն ասեմ: Եվ այս ամենի պատասխանատուն զինվորական ղեկավարն է:

Հայրս, պապս իրենց օրինակով ինձ սովորեցրել են, որ պետք է նվիրվես քո աշխատանքին, որ ամեն օր պիտի մի նոր բան սովորես, մի նոր բան ավելացնես եղածին, դժվարությունները հաղթահարելիս ներդնես բոլոր ուժերդ ու միշտ ձգտես լավագույն արդյունքների: Ես զորամասի հրետանու պետն եմ եւ ուզում եմ լավ ղեկավար լինել՝ սա է իմ խթանը: Ես անընդհատ ինքնակրթվում եմ, որովհետեւ ղեկավարը պիտի իր ենթականերից ավելի բանիմաց լինի: Ես չեմ անտեսում անգամ ամենաչնչին մանրուքները մարդկային հարաբերություններում, որովհետեւ զինվորական կոլեկտիվում ղեկավարի բարոյական պարտականություններն ամենաշատն են, նա պիտի ավելի նրբանկատ լինի, ավելի ուշադիր, ավելի կարեկից, ավելի հոգատար… Կարմիր դիպլոմով ավարտեցի Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: Հեշտ չէր: Բայց ես ղեկավար եմ, պարտավոր եմ օրինակ լինել ենթակա անձնակազմի համար: Ես իրավունք չունեմ ենթակայից պահանջելու մի բան, որը ինքս ինձնից չեմ պահանջել:

-Ձեզ դուր է գալիս ղեկավարելը,- չեմ հարցնում, եզրահանգում եմ:

Փոխգնդապետը գլխով է անում:

-Այո՛, ղեկավար լինելու դժվարությունը, պատասխանատվությունն ու հպարտությունը:

Նարեկը մտել է ներս եւ ուշադիր լսում է հորը: Հետո նայում է ինձ ու ասում:

-Գիտեք, ես ամեն օր մարզվում եմ, որ աշխարհի չեմպիոն դառնամ: Պետք է քեզ տանջելով մարզվես, թե չէ՝ առաջինը չես լինի…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/03/2020