Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ«Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»՝ մտքի հեղինակին իզուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:

Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային և քաղաքական գործիչ:

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը:

Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, որը միևնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:

«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, և ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փա´ռք քեզ, մե´ծ հայ:

Խորագիր՝ Նորություններ


05/03/2020