ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մարտի 9-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։ Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին։