ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցել է Միացյալ Թագավորության զինված ուժերի գերագույն դատավոր Ջեֆֆ Բլակեթը:
Թեմատիկ քննարկումներից առաջինը, որը կազմակերպվել էր ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ համատեղ, նվիրված էր կարգապահական խախտումների արդյունավետ քննության, պատժի համաչափության, կարգապահական և քրեական պատասխանատվության հարաբերակցության հիմնախնդիրներին:
Երկրորդ թեմատիկ քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության կանանց հետ տարվող աշխատանքների բաժանմունքի հետ համատեղ, նվիրված էր զինված ուժերում բռնության կանխարգելման, հատկապես կին զինծառայողների նկատմամբ բռնության հնարավոր դեպքերի նույնականացման և արձագանքման արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերին:
Քննարկումներին մասնակցել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ կանանց խորհուրդների նախագահներ և անդամներ:
Դատավոր Ջ. Բլակեթը մասնակիցներին ներկայացրել է վերը նշված հարցերի շուրջ Մեծ Բրիտանիայի փորձը, այն ինստիտուտները և մեխանիզմները, որոնք ներդրված են Միացյալ Թագավորության զինված ուժերում կարգապահական խախտումների, զինվորական հանցագործությունների քննության և դատաքննության արդյունավետության ապահովման, կանանց նկատմամբ սեռական բռնությունների կանխարգելման նպատակով:
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում: