ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՍՈՒՐԵՆ ԱՐՏԵՄԻ ԱՍԼԱՄԱԶԻՇՎԻԼԻ (ԱՍԼԱՄԱԶՅԱՆ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1914թ. մարտի 1-ին Կավթիսխեվի գյուղում (Կասպի շրջան, Վրաստան):
Ստացել է նախնական կրթություն: Աշխատել է Թբիլիսիի ավտոնորոգման գործարանում:
Ավարտել է ֆաբրիկագործարանային ուսումնարանը: 1931թ. դարձել է Թբիլիսիի շոգեքարշավագոնային գործարանի բանվոր: Մինչեւ 1938թ. աշխատել է խառատ: Նույն տարի էլ զորակոչվել է Կարմիր բանակ: Զորացրվելուց հետո աշխատել է ավտոնորոգման գործարանում:
1941թ. խորհրդային բանակում էր, գործող բանակում՝ 1942թ. օգոստոսից: Դնեպրի համար մղված մարտերում Սուրեն Ասլամազիշվիլին եղել է 110-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի (Տափաստանային ռազմաճակատ) 109-րդ գվարդիական առանձին կործանիչ հակատանկային դիվիզիոնի հակատանկային հրացանավորների ջոկի հրամանատար:
1943թ. հոկտեմբերին աչքի է ընկել Կրեմենչուկից հարավ Դնեպրի աջափնյա պլացդարմը պահպանելու համար մղված մարտերում: Հոկտեմբերի 14-ին, երբ հակառակորդը 177,1 աստիճան նիշակիր բարձունքի շրջանում 6 տանկով ճեղքել է հրաձգային ստորաբաժանման պաշտպանությունը, սարքին մնացած միակ հակատանկային հրացանով Ս. Ա. Ասլամազիշվիլին անձամբ խփել է 4 տանկ: Երբ հիտլերականները սկսել են սողալ դեպի նրա խրամատը, չնայած իր ստացած վերքին, մինչեւ յուրային օգնական ուժերի մոտենալը, նա շարունակել է կասեցնել թշնամու հարձակումը:
Մասնակցել է նաեւ Մոլդովայի, Ռումինիայի եւ Հունգարիայի ազատագրման մարտերին:
1944թ. փետրվարի 22-ին գվարդիայի ավագ սերժանտ Սուրեն Արտեմի Ասլամազիշվիլիին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:
Պարգեւատրվել է նաեւ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով եւ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարի» հուշամեդալով:
Իր մարտական ուղին ավարտել է Չեխոսլովակիայում:
Պատերազմից հետո զորացրվել է, ապրել է Թբիլիսիում, աշխատել տարբեր ձեռնարկություններում ու կազմակերպություններում:
Սուրեն Արտեմի Ասլամազիշվիլին մահացել է 1970թ.:
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ճակատագրեր