Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՆԱԽԱՏԻՊԸ



Այսօր գործնականում անհնար է գտնել մի մարդու, որը լսած չլինի հայտնի բրիտանական հետախույզի մասին։ Ո՞վ է Ջեյմս Բոնդը` գրական հերո՞ս, թե՞ իրական մարդ։ Իրականում եղե՞լ է գործակալ 007-ի նախատիպը, թե՞ նա պարզապես հեղինակի երեւակայության արգասիքն է։

Ի՞նչ գիտենք մենք գործակալ 007-ի մասին։ Նա ընտրում է շքեղ ավտոմեքենաներ, սիրավեպեր է ունենում ամենագեղեցիկ կանանց հետ։ Նա քնում է ատրճանակը բարձի տակ, ունի «սպանության արտոնագիր»` բրիտանական MI-6 հատուկ ծառայության կողմից։ Նա տիրապետում է բոլոր տեսակի զենքերին, ղեկավարում է ուղղաթիռը, սահում է լեռնային դահուկներով, վարպետորեն լողում է եւ տիրապետում բոլոր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են գաղտնի գործակալին։

Ինքնին հասկանալի է, որ Ջեյմս Բոնդի պատմությունը սկսվում է անգլիացի գրող Յան Ֆլեմինգից։ Նա է հեղինակը գործակալ 007-ի մասին պատվող վեպերի։ Լինելով հարուստ եւ հայտնի ծնողների զավակ` Յանն առանձնապես չէր անհանգստանում ապագայի մասին, ուսումը նրան չէր հետաքրքրում, նախընտրում էր ժամանակն անցկացնել աղմկոտ ընկերախմբերում եւ հրապուրվում էր կանանցով։ Սկզբում նրան հեռացրին Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկից՝ Իտոնի համալսարանից, այնուհետեւ՝ Թագավորական զինվորական ակադեմիայից։ Բայց դա բնավ չի նշանակում, որ երիտասարդը հիմար էր։ Նա արագ յուրացնում էր օտար լեզուները, գերազանց տիրապետում էր գերմաներենին, ֆրանսերենին, ռուսերենին։ Մոր կապերի շնորհիվ Ֆլեմինգը սկսեց աշխատել «Ռոյթեր» ինֆորմացիոն գործակալությունում։

1933թ. Մոսկվա իր առաջին լրագրողական գործուղման ժամանակ նա կատարում է անգլիական հետախուզության հանձնարարությունները։ Ֆլեմինգը մի քանի տարով հեռանում է ժուռնալիստիկայից եւ գաղտնի գործերից, բայց արկածախնդրության ծարավը նրան հանգիստ չի տալիս, եւ 1939թ. ծառայության է անցնում ռազմածովային հետախուզությունում։ Նույն թվականին էլ նրան ուղարկում են Մոսկվա` որպես «Թայմսի» պաշտոնական ներկայացուցիչ, սակայն իրականում գործուղվել էր բոլորովին այլ նպատակով. նա պետք է տեղեկություններ հավաքեր խորհրդային զինվորական վերնախավի մասին։

Ֆլեմինգը շփվում է Խորհրդային Միության այն ժամանակվա շատ հայտնի մարդկանց հետ՝ պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի, արտաքին առեւտրի գործկոմ Անաստաս Միկոյանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆլեմինգը բազմաթիվ գաղտնի օպերացիաների է մասնակցում։ Նա համարվում էր «դասական լրտեսի» կատարելատիպ։ Պատերազմի ժամանակ ծառայության բերումով հայտնվում է Յամայկայում եւ հենց այստեղ էլ սկսում է գրել իր առաջին վեպը Ջեյմս Բոնդի մասին: Յամայկայում նա կարդում է ամերիկացի թռչնաբան Ջեյմս Բոնդի «Վեստ Ինդիանայի թռչունները» գիրքը։ Հեղինակի անունը դուր է գալիս Ֆլեմինգին, եւ հենց այդպես էլ անվանակոչվում է նրա հայտնի 007 գործակալը։

Ֆլեմինգի առաջին իսկ վեպը՝ «Կազինո «Ռոյալը», դարձավ իսկական հիթ, հմայեց ընթերցողին։ 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ ազատ ժամանակ պաշտում է կարդալ Ֆլեմինգի գրքերը։ Գործակալ 007-ը գերել էր աշխարհը։

1954թ. «Կազինո «Ռոյալը»» հայտնվեց էկրանին, այնուհետ՝ «Բժիշկ Նոն», որտեղ գլխավոր հերոսի դերում խաղաց Շոն Քոներին։ Տարբեր տարիների Բոնդի դերերը մարմնավորել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալտոնը, Պիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը։ Այդ դերը նրանց բերեց ճանաչում, փառք եւ հարստություն։ 2007թ. էկրանին հայտնվեց հերթական ֆիլմը, որը կրում էր «Ջեյմս Բոնդ»-23» աշխատանքային անվանումը։

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ գործակալ 007։ Ֆլեմինգը վստահեցնում է, որ այդ համարը վերցրել է Վաշինգտոնի Ջորջթաուն շրջանի փոստային ինդեքսից (20007), որտեղ ապրում էին ԿՀՎ-ի շատ աշխատակիցներ։ Այսպես ի հայտ եկավ Ջեյմս Բոնդի կոդային նշանակումը, մի փոքր կրճատ՝ 007։ Շատերին է հետաքրքրում, թե ով է եղել հայտնի լրտեսի նախատիպը։ Ոմանք պնդում են, որ հեղինակը ստեղծել է պատմություն հենց ինքն իր մասին, ոմանք էլ պնդում են, որ Բոնդը լավագույն լրտեսների հավաքական կերպար է։

Մեկ այլ վարկած. Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայության՝ MI-6-ի արխիվներն ուսումնասիրելու բացառիկ իրավունք ունեցող իռլանդացի պրոֆեսոր Քեյթ Ջեֆրին թուրքական «Հուրիեթ» պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ջեյմս Բոնդի կերպարը, ամենայն հավանականությամբ, վերցված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին լրտեսած բրիտանացի մի գործակալից։ Նա նշել է, որ MI-6 գաղտնի գործակալ Դանդերդեյլը 1920-ական թվականներին գաղտնի հետեւել է Աթաթուրքին, քանի որ վերջինս այդ շրջանում Լոնդոնի կողմից որպես սպառնալիք է ընդունվել։ Աթաթուրքին լրտեսող գործակալը, ինչպես Բոնդը, սիրել է գեղեցիկ հագնվել, թանկարժեք մեքենաներ վարել ու նաեւ հայտնի կնամոլ էր։

Ջեյմս Բոնդի նախատիպի մասին բազմաթիվ վարկածներ են շրջանառվում՝ իրական ու մշուշապատ։ Թերեւս, պետք է եւս մի 007 գործակալ, որ վերջապես պարզի, թե ով է եղել Բոնդի իսկական նախատիպը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Պատմության էջերից


02/11/2011