«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է»
Երբ մի մարդու մեջ ներդաշնակ են չորս կարեւոր դերեր՝ կին, մայր, բժիշկ եւ զինվորական, նրան մի ընդհանրացնող բնորոշում կարելի է տալ. ուժեղ անձնավորություն: Զորամասի բուժկետի պետ, բուժծառայության պետ Քնարիկ Հակոբյանը 2000թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: 2007թ. ավարտել է ինտերնատուրան: Այնուհետեւ ամուսնացել, երկու զավակ է ունեցել՝ երկու ապագա զինվոր: 2011թ. ծառայության է անցել այս զորամասում, որտեղ նրա առաքելությունը նույնքան կարեւոր է, որքան ընտանեկան օջախում ունեցած դերը:
Այն, որ բժշկությունը դեռ մանկուց եմ շատ սիրել, պարզապես խոսքեր չեն: Իսկական, մեծ սեր էր: Խաղալիք ներարկիչները, դեղերի դատարկ սրվակները, ստետոսկոպը իմ սիրելի զբաղմունքն էր… Իսկ հենց զինվորական բժիշկ դառնալու գաղափարը զինվորական հորիցս է եկել: Նա մաթեմատիկոս էր, դասախոսում էր բուհերից մեկում, բայց որոշեց զինծառայության անցնել, և, կարծում եմ, սա իր կյանքի կարևոր քայլերից էր: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ է եղել: Խիստ, ճշտապահ, խելացի, հավասարակշիռ մարդ լինելով` նաև բարի սիրտ ու հոգեբանի նրբանկատություն ունի: Այնպես որ, միանգամայն համապատասխանում էր այս պաշտոնին: Փոքրուց զգացել եմ ծառայակիցների մեծ հարգանքը հորս նկատմամբ և ոգևորվել ու հպարտացել եմ: Այսպես է ձևավորվել սերս զինվորական համազգեստի հանդեպ: Հայրս տանը չէր խոսում իր ծառայողական դժվարություններից: Հպարտանում էր մեր բանակով, մեր երկրով և մեզ միշտ այն միտքն է ներշնչել, թե ամեն ինչ մեզանից է կախված. եթե յուրաքանչյուրս մեր հանդեպ պահանջկոտ լինենք, հարկ եղածի պես մեր գործն անենք, մեր երկիրը դրախտավայր կդառնա:
Երբ մասնագիտություն ընտրելու իմ հերթը եկավ, ծնողներս հույս ունեին, որ իմանալով, թե որքան դժվար է այս բուհում սովորելը, ետ կկանգնեմ այդ մտքից, բայց այդպես չեղավ: Ընտրեցի ոչ թե պարզապես բժշկի, այլ՝ ռազմական բժշկի մասնագիտությունը:
Զինվորական բժիշկ լինելը ընտանիքի մոր, տանտիկնոջ դերի ու պարտականությունների հետ համատեղելը, իհարկե, հեշտ գործ չէ: Եթե ընտանիքս, երեխաներիս դաստիարակությունն իմ կյանքի առաջնահերթ խնդիրներից են, ապա ծառայությունս համարում եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը: Ուրախ եմ, որ կարողանում եմ իմ փոքրիկ լուման ներդնել մեր բանակի զարգացման, կատարելագործման գործում:
Աֆորիզմով ասեմ. «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է»: Կյանքիս մի շրջանում իմ երկրից դուրս եմ ապրել: Կարող էի ավելի հեշտ, թեթև կյանք ունենալ, բայց օտարության մեջ, հայրենիքից հեռու ապրելն ինձ համար ամենադժվարն էր… Երկու որդիներս մեծանում էին. որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ Հայաստանում մեծանան, այստեղ ծառայեն: Նրանք հիմա 11 և 12 տարեկան են: Լավ են սովորում, խելացի են, աշխույժ՝ ինչպես իրենց տարիքի բոլոր տղաները: Բոլոր ավանդապաշտ ընտանիքների պես ձգտում ենք նրանց այնպես դաստիարակել, որ կարգին մարդ մեծանան, բայց և դրսում իրենց ճիշտ դրսևորեն, ճկուն լինեն, իրենց պաշտպանել կարողանան: Մեր ազգն օժտված է խելքով, աշխատասիրությամբ, բարությամբ, հնարամտությամբ: Շատ դրական հատկանիշներ ունենք: Որպես զորամասում ծառայող կին, երկու ապագա զինվորի մայր՝ կուզեի, որ կարողանայինք մեր տղաների, մեր ապագա զինվորների մեջ մեկը մյուսի հանդեպ հարգանք, հանդուրժողականություն, ազնվություն, գործին նվիրվածություն ձևավորել:
Զորամասային օղակում, որտեղ այժմ ծառայում եմ, բժշկի հիմնական գործառույթը ոչ այնքան բուժումն է, որքան կանխարգելումը: Մինչև զինծառայողների նախաճաշի, ճաշի, ընթրիքի` սեղանին դրվելը կատարում ենք սննդի որակի օրգանոլեպտիկ ստուգում (հոտով, համով): Բուժկետի անձնակազմով շրջում ենք ամբողջ զորամասում, ստուգում շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը, համապատասխան ցուցումներ տալիս:
Հատկապես ուշադիր ենք գարնանային այս օրերին սեզոնային վարակների դեմ կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ: Կորոնավիրուսի մասին զորամասում իրազեկման, վիրուսի զորամաս ներթափանցման կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում: Զինծառայողներին զգուշացնում ենք, որ դրսում, տուն գնալիս շփում չունենան հիվանդ մարդկանց հետ: Ի դեպ, զինծառայողի ընտանիքի անդամների բուժապահովումը կրկին մեր տիրույթում է, և եթե որևէ մեկը առողջական գանգատներ է ունենում, անմիջապես որոշում ենք ընդունում՝ ինչպես օգնել, որ բուժհաստատություն ուղեգրել:
Թեև այս ընթացքում զորամասում սուր շնչառական հիվանդությունների լուրջ դեպքեր չկան, մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում խնդիրը, ծանուցում ենք վարակից խուսափելու և դրա մուտքը զորամաս կանխարգելելու առաջնահերթ կանոնները: Ասեմ, որ կորոնավիրուսին բնորոշ ջերմություն է համարվում 38 և ավելի ջերմաստիճանը` դրան ուղեկցող որոշակի նախանշանների՝ չոր հազ, տենդ, գլխացավ և այլ նախանշանների համադրությամբ, բայց անգամ 37 աստիճան ջերմության դեպքում զինծառայողը պետք է դիմի բուժկետ և համապատասխան հետազոտություն անցնի:
Նախատեսված օրերին պայմանագրայինների, ենթասպաների ու սպաների հետ անցկացնում եմ ռազմաբժշկական դաս: Նրանք սովորում են առաջին բուժօգնություն ցուցաբերել, օրինակ՝ շոգ եղանակներին օձերի, կարիճների խայթոցների դեպքերում: Պարբերաբար դասընթաց եմ անցկացնում զինծառայողի կյանքին վտանգ սպառնացող բոլոր դեպքերում առաջին բուժօգնության քայլերի հաջորդականության մասին՝ թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում:
Երբ զորամասային օղակում հնարավոր չէ լիարժեք հետազոտում կամ բուժում իրականացնել, անպայման ուղղորդում ենք հոսպիտալային օղակ:
Իմ խորին համոզմամբ՝ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի: Մեր գործում շատ կարևոր է արագ կողմնորոշվելը, բուժկետ դիմած հիվանդին առողջից զանազանելը: Երբեմն, սա հատկապես ժամկետային զինծառայողներին է վերաբերում, փորձում են ընտանեկան, միջանձնային կամ ներանձնային խնդիրը որպես սոմատիկ հիվանդություն ներկայացնել, դրանով քողարկել: Ոչ մի դեպքում չի կարելի չլսել զինծառայողին և ասել՝ բուժվելու կարիք չունես: Պետք է բուն պատճառը հասկանալ, հասնել մինչև արմատները: Եղել են դեպքեր, երբ համոզվել եմ, որ առողջության հետ չառնչվող պատճառը շատ ավելի հրատապ լուծման կարիք ունի:
Զինվորական կին բժշկի դժվարություններից մեկն էլ այն է, որ հետևելով զինվորական կարգապահությանը, խստությանը, ռեժիմին, պարտավոր ես նաև հոգատար մոր, ընկերոջ պես լինել: Եթե որոշ դեպքերում կին լինելը խանգարում է, շատ դեպքերում էլ օգնում է հարցերի լուծումը գտնել մի բարի խորհրդով, մեղմ ասված խոսքով: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է նաև խստություն, անգամ որոշակի չորություն դրսևորել: Շնորհակալ եմ զինվորական կոչմանս: Դրա շնորհիվ է, որ տարիների ընթացքում կոփվել է իմ զգայուն ու փխրուն էությունը:
…Շատ կուզեի, որ ծառայությանս վերջում, երբ ետ նայեի, տեսնեի, որ ինչ-որ կերպ կարողացել եմ օգուտ բերել բանակիս, երկրիս: Երկու կարևոր երդում եմ տվել՝ զինվորական և բժշկական: Շնորհակալ եմ ենթակա անձնակազմի անդամներին, որոնց սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ հաջողվում է հարկ եղածի պես կատարել մեր բուժծառայությանը վերապահված խնդիրները:
Անչափ շնորհակալ եմ ամուսնուս, քանի որ նա մեծ ըմբռնումով է մոտենում իմ ծառայությանը: Որոշ հայ տղամարդկանց պես չի ասում, որ զորամասը կնոջ տեղը չէ: Ճանաչելով ինձ, իմանալով մեր հրամանատարի՝ կանանց հանդեպ զորամասում ձևավորած հարգալից ու հոգատար վերաբերմունքը, լիովին սատարում է ինձ:
Մեր հրամանատարը շատ խիստ, պահանջկոտ անձնավորություն է: Եվ միաժամանակ մարդկային շատ բարձր նկարագիր ունի: Հրամանատարի օրինակելի ներկայությունը, շունչը զորամասում զգացվում ու ուղենիշ է մյուսների համար: Հատկապես կանանց հանդեպ անվերապահ հարգանքի ու հոգատարության մթնոլորտն է, որ հնարավորություն է տալիս զորամասում յուրաքանչյուրիս իր տեղում լինել ու որպես մասնագետ լիարժեք դրսևորվել:
Վերջում ուզում եմ դիմել մեր սիրելի հայ կանանց, որոնց կարևորությունը մեր հասարակության մեջ հնարավոր չէ ուրանալ: Սիրելի՛ կանայք, աղջիկնե՛ր, ուզում եմ շնորհավորել բոլորիդ մայրության և գեղեցկության տոնը: Հատուկ սիրով ու ակնածանքով ուզում եմ դիմել հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայող մեր կանանց, զինվորների մայրերին և խորին շնորհակալությունս հայտնել նրանց: Այն ազգանվեր գործը, որ նրանք իրականացնում են, անգին է, ուժն ու եռանդը, որ պահանջվում է նրանցից՝ հսկայական: Խոնարհումս ու շնորհակալությունս նախ և առաջ ձեզ…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ