ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՏՈՒՆԸ, ՀՈՂԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ
Գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անձնակազմը շարված է շարահրապարակում: Մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների հետ մինչ այդ անցկացվել են գործնական պարապմունքներ: Այժմ ստուգվում է անձնակազմի պատրաստվածությունը, հանդերձանքը, զենքը: Մարտական դիրքերի ավագները մանրամասն հրահանգավորվում են անվտանգության կանոնների պահպանման, ծառայության կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ:
Սահմանային այս հատվածում մարտական հերթապահությունը հիմնականում իրականացվում է պայմանագրայինների ուժերով: Նրանց գերակշռող մասը այդ տարածքի բնակիչներ են, քաջածանոթ իրենց բնաշխարհին, ինչն էլ, բնականաբար, բավականին հեշտացնում է ծառայությունը, իսկ թիկունքում հարազատ մարդկանց ներկայությունն է՛լ ավելի է գոտեպնդում տղաներին: Նրանք ծառայում են մեծ պատասխանատվությամբ եւ պատվախնդրությամբ:
Շարքային Աշոտ Ղարիբյանը արդեն տասներկու տարի պայմանագրային ծառայություն է իրականացնում:
-Իմ ընտանիքից երեք հոգի հայրենիքի պաշտպան են,- հպարտությունը չի թաքցնում Աշոտը: -Ավագ որդիս՝ Արսենը, սպա է, ավագ լեյտենանտ, կրտսեր որդիս էլ՝ Արթուրը, ժամկետային զինծառայող է: Մեր տունն ենք պահում, մեր հողը, մեր երկիրը…
Շարային ստուգատեսից հետո նվագախմբի խրոխտ երաժշտությունը թնդում է զորամասում, այդպես հանդիսավորությամբ են ճանապարհում առաջնագիծ մեկնողներին: Մեքենաների շարասյունը ուղղություն է վերցնում դեպի մարտական հենակետեր:
Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանի ուղեկցությամբ մենք եւս ուղեւորվում ենք մարտական հենակետերից մեկը: Տեղ-տեղ երեւացող ձյան ծվենները հետզհետե փոխվում են ձյան հաստատուն շերտի: Փաստորեն, այստեղ օրացույցով է միայն գարուն… Այս հատվածում բնությունը հաճախակի է լուրջ խոչընդոտներ ստեղծում դիրքապահների համար. հատուկ տեխնիկայի միջոցով րոպեներ առաջ մաքրված ճանապարհները առատ տեղումների, բքի պատճառով մեկեն պատվում են ձյան հաստ շերտով: Պաշտպանական այս բնագծում հենակետեր կան, որտեղ հատկապես ձմռանը նույնիսկ ամենագնացներն են «նեղվում», և պայմանագրայինները ճանապարհի որոշ մասը երբեմն ոտքով են կտրում-անցնում:
Մեր այցելության պահին եղանակը պարզ էր: Մաքրված ճանապարհի երկու կողմերում ձյան բարձրությունը տեղ-տեղ գերազանցում էր մարդու հասակը՝ ամբողջովին փակելով տեսադաշտը:
Մարտական հենակետում ենք:
-Իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմը չի խախտվել:
Գումարտակի շտաբի պետ, մայոր Արայիկ Վարդանյանն է զեկուցում: Ծնունդով Արարատի մարզի Շահումյան գյուղից է մայորը, 12 տարի է՝ զինված ուժերում է: Զինվորական գործի հանդեպ սերը Արայիկը ժառանգել է հորից` խորհրդային բանակի սպայից:
Նկատելի են հենակետում կատարված ինժեներական եւ ամրաշինական աշխատանքները: Հենակետն ապահովված է տեսադիտարկման ժամանակակից բազմաֆունկցիոնալ համակարգով:
Դիրքի ավագ, ավագ սերժանտ Սիսակ Եղոյանը մեզ ուղեկցում է գետնատնակ: Վերջինս ժամկետային ծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության, արդեն 11 տարի բանակում է: Նրա եղբայրը՝ Հրայրը, նույնպես պայմանագրային սերժանտ է:
-Եղբայրներով, զինակից ընկերներով մի բռունցք դարձած՝ պաշտպանում ենք հայրենի եզերքը՝ ամուր կանգնած մեր հողին: Կարող եք գրել՝ սահմանագիծն ամբողջ երկայնքով հուսալիորեն վերահսկվում է:
Նվիրված ծառայության համար Սիսակ Եղոյանը «Մարտական հերթապահության» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել:
-Մեր խոհարարի՝ սերժանտ Արթուր Հովհաննիսյանի մասին էլ գրեք,- հուշում են տղաները,- արդեն քսան տարի ծառայում է: Չորս եղբայր են, երեքը՝ զինվորական:
-Զինվորական են դառնալու նաեւ որդիներս,- լրացնում է Արթուրը:- Մեծ տղաս՝ Մհերը, վաղուց է մտադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորել, իսկ փոքր որդիս 2014 թվականին որոշեց, երբ հակառակորդի կրակոցից վիրավորվեցի: Անընդհատ ասում էր՝ մեծանալու եմ զինվոր դառնամ, որ գնամ քեզ կրակողին կրակեմ…
Լեռնային սառը, կտրող քամին ու գարնան արեւի ջերմացնող ճառագայթները կարծես մրցում են իրար հետ: Իսկ կացարանում ջերմ մթնոլորտ է, տղաները կատակում են, ծառայողական կյանքից զվարճալի դեպք ու դրվագ պատմում: Նման պահերին գիտակցում ես՝ մարտական պատրաստվածությունից պակաս կարեւոր չէ միասնական ոգին, փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը:
-Դիրքը մեր երկրորդ տունն է, մի ընտանիքի պես ենք՝ մեկմեկու թեւութիկունք,- վստահեցնում են պայմանագրայինները:
Դիտակետերից մեկում պայմանագրային Արտյոմ Բակունցն է՝ մեծ գրողի զարմից: Արտյոմի անթարթ հայացքը հեռուներն է ընդգրկել:
-Ալպիական մանուշակներ չե՞ն երեւում,- Բակունցի պատմվածքն եմ հիշում:
-Ձնհալից հետո,- ժպտում է Արտյոմը:
-Ուրեմն՝ դեռ երկար պետք է սպասենք,- «աննահանջ» ձյան շերտին նայելով եզրակացնում եմ ու խաղաղ, անփորձանք ծառայություն մաղթելով՝ հրաժեշտ եմ տալիս ամեն դժվարություն արժանապատվորեն հաղթահարող մեր զինծառայողներին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում