Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ



1970թ. հոկտեմբերին Թուրքիայի տարածքում թռիչք իրականացնելիս ամերիկյան ինքնաթիռը կորցնում է կողմնորոշումը և հայտնվում Լենինական քաղաքում: Մինչ արեւմտյան մամուլը հոդվածներ էր հրապարակում «Կորած գեներալները պահվում են Հայաստանում» վերնագրով, խորհրդային քարոզչությունը միջադեպը ներկայացնում է որպես «օդային տարածքի կոպիտ խախտում և սադրանք», թեև ինքնաթիռում էին ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներ և թուրք մեկ ուղեկցող սպա:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տարածում է հաղորդագրություն, որում նշվում էր` ինքնաթիռի ուղևորներն են Թուրքիայում ԱՄՆ ռազմական ներկայացուցչության ղեկավար գեներալ-մայոր Էդվարդ Շերերը (Edward Scherrer), Անկարայում ԱՄՆ դեսպանատան ռազմական ներկայացուցիչ գեներալ-մայոր Քլաուդ Մոնրո Մաք Քերին (Claude Monroe McQuarrie) և օդաչուն` մայոր Ջեյմս Ռասսելը (James Russel): Ինքնաթիռի թուրք ուղևորը գնդապետ Կևաթ Դենելին էր (Cevat Deneli):

Գեներալները ռազմական ծրագրեր էին իրականացնում Թուրքիայում և թռչում էին Էրզրումից Կարս, սակայն ամպամած եղանակի և օդաչուի սխալի պատճառով խախտում են ԽՍՀՄ օդային տարածքը և հայտնվում Լենինականում: Երբ փոքրիկ ինքնաթիռը վայրէջք է կատարում խոտածածկ թռիչքուղու վրա, առաջինը, որ զարմացնում է ուղևորներին, թռիչքադաշտում կանգնած ուղղաթիռի վրայի կարմիր աստղն էր: «Դրա վրա պետք է կիսալուսին լինի»,- մրթմրթում է գեներալ Շերերը, եւ երբ հայտնվում են խորհրդային բանակի մեքենաները, նա հասկանում է, որ սխալվել է:

ԽՍՀՄ-ում հայտնված գեներալների շուրջ իրադրությունը լարվում է, քանի որ դեպքից մեկ շաբաթ առաջ լիտվացի հայր և որդի Բրազինսկասները առևանգել էին խորհրդային ինքնաթիռներից մեկը (48 ուղևորով) և փախել Տրապիզոն: Այս ահաբեկչության ժամանակ ինքնաթիռի ուղեկցորդուհիներից մեկը սպանվել էր, ևս երկու մարդ` վիրավորվել: Խորհրդային կառավարությունը Թուրքիայից պահանջել էր վերադարձնել հանցագործներին, սակայն պատասխան չէր ստացել: Իրավիճակի այս զուգադիպությունը հիմք էր տալիս ենթադրելու, որ «գերության» մեջ հայտնված գեներալներին թույլ չեն տա վերադառնալ: Հոկտեմբերի 26-ին Մոսկվայից Հայաստան են ժամանում ԱՄՆ հյուպատոսները և հանդիպում գեներալների հետ: Մեկ օր անց նրանք ցանկություն են հայտնում կրկին հանդիպելու, սակայն մերժում են ստանում:

Հանգամանքների տարօրինակ դասավորմամբ «գեներալների դեպքին» նախորդել էր Խորհրդային Միությունից ևս մեկ ինքնաթիռի առևանգում. երկու երիտասարդներ` Նիկոլայ Գինլովը և Վիտալի Պոզդեիրը, առևանգել էին Կերչից Կրասնոդար թռչող ինքնաթիռը և փախել Սինոպ (Թուրքիա): Արևմտյան մամուլը, մանրամասնորեն ներկայացնելով դեպքերը, մտավախություն ուներ, որ խորհրդային իշխանությունները կփորձեն շահարկել բարձրաստիճան զինվորականների «գերության» փաստը` դրա դիմաց պահանջելով վերադարձնել ԽՍՀՄ-ից փախած մարդկանց:

Զինվորականները խիստ հսկողության տակ բնակեցվում են բավականին շքեղ մի առանձնատանը: Նրանց հարցաքննության համար նույնիսկ ՊԱԿ-ի ոմն գնդապետ է ժամանում Մոսկվայից: «Մեզ մշտապես ընկերակցում էին երկու մայորներ և մի հայուհի թարգմանիչ: Մենք նարդի էին խաղում, իսկ երբեմն մեզ էին միանում երկու գեներալներ, որոնք հետաքրքրվում էին ամերիկյան բանակի մարտավարությամբ»,- հետագայում պատմում է գեներալ Շերերը:

20 օր անց Խորհրդային Միությունը, այնուամենայնիվ, վերադարձնում է ամերիկյան զինվորականներին և թուրք գնդապետին:

Պատրաստեց Մ.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Պատմության էջերից


02/11/2011