Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԴՈ-ՐՅՈՒ»



Շուրջ 30 տարի է, ինչ Երեւանում գործում է «Սինդո-րյու կարատե» մարտարվեստի դպրոցը: Նրա հիմնադիրն ու ղեկավարը սենսեյ-վարպետ Հենրիկ Շահբազյանն է: Նա նաեւ նկարիչ է, երաժիշտ, բուսաբույժ: Երկար տարիների ընթացքում սենսեյն անցել է ֆիզիկական ու հոգեւոր կատարելության դժվարագույն ուղի եւ ստեղծել մարտարվեստի իր ուղղությունը` հայկական սինդո-րյուի դպրոցը:

2008թ. Հ.Շահբազյանը հրավեր է ստանում մասնակցելու Կիոտոյում անցկացվող մարտարվեստների միջազգային փառատոնին եւ ցուցադրելու հայկական կարատեն Ճապոնիայում` մարտարվեստների կայսրությունում: Ծագող արեւի երկրում հայկական կարատեն բարձր գնահատվեց, եւ ճապոնացի վարպետների խորհրդով այն կոչվեց «Հայկական սինդո-րյու կարատե»` որպես հոգեւոր մարտարվեստ: Այնտեղ էլ Հ.Շահբազյանին շնորհվում է սամուրայական տիտղոս` կյոսի: Նա նաեւ միջազգային կարգի վարպետ է եւ վաստակել է հետեւյալ սեւ գոտիները. կարատե` 6-րդ դան, այկիդո` 3-րդ դան, իայդո` 2-րդ դան, կոբուդո` 2-րդ դան, սինդերյու ձյու ձյուցու սյոդեն, ինչպես նաեւ տայչի-ցյուան, չան-ցյուան, նան-ցյուան:

– Ձեր դպրոցի զինանշանը շատ հետաքրքիր պատկերում ունի. խնդրում եմ բացատրեք, թե ի՞նչ է խորհրդանշում այն:

– Դպրոցի զինանշանը ինքս եմ նկարել շատ տարիներ առաջ: Նրա վրա պատկերված է վայրի գազանի հետ պայքարող հզոր տղամարդ-ատլետ, որ կրծքին է սեղմում խաչը: Իսկ ներքեւում գրված է` «Ինքնասանձահարումով դեպի կատարելություն»: Գազանը խորհրդանշում է համաշխարհային չարիքը եւ մարդկային բազմաթիվ արատները: Իսկ դրանց դեմ պայքարում օգնում է Քրիստոսի զորության խաչը: Այսինքն` մեր դպրոցը ճշմարիտ քրիստոնեության վրա հաստատված հայկական-դյուցազնական մարտարվեստների դպրոց է: Իմ ստեղծած համակարգով, մեկ կամ մի քանի արեւելյան մարտարվեստ սովորելով (այկիդո, ձյու ձյուցու, ուշու եւ այլն), աշակերտը միաժամանակ սովորում է ազատվել սեփական արատներից եւ իր մեջ կատարելագործել բարոյական հատկանիշները: Նախեւառաջ աշակերտը պետք է իր հոգին մարզի, թե չէ առանց դրա նա դեւ կդառնա: Մարդն իր հոգում իսկական ներդաշնակություն պետք է ստեղծի, ներդաշնակ ապրի բնության, շրջապատի, ինքն իր հետ: Տիրապետելով առանց զենքի մարտարվեստին, մարդն առաջին հերթին պետք է կատարելագործի իր բանականությունը եւ հոգեւոր էությունը: Մարդը պետք է ոչնչացնի իր բնության ստորածին, անվայել որակները, բայց միայն Աստծո օգնությամբ:

Մեր դասերի ժամանակ աշակերտները սովորում են վերահսկել իրենց մտքերը, լեզու գտնել ամեն տեսակի մարդկանց հետ: Մարդը պետք է ուժեղ ու ճարպիկ լինի միայն նրա համար, որ դժվարին իրավիճակներում պաշտպանի ոչ միայն իրեն, այլեւ իր մտերիմներին: Մեր աշակերտները իրենց ուժն ու հմտությունները երբեք չեն գործադրի ի չարս` այլ միմիայն բռնացողին զսպելու համար եւ զերծ պահելու սխալ արարքից:

– Իսկ ո՞ր տարիքից են սկսում պարապել Ձեզ մոտ, եւ արդյո՞ք միայն տղաներ են պարապում:

– Մեզ մոտ պարապում են ե՛ւ դպրոցականներ, ե՛ւ մեծահասակներ, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք: Բացի մարտարվեստներից, մեր դպրոցում կան նաեւ առողջարարական մարմնամարզության դասընթացներ, որը ստեղծել եմ հայկական ժողովրդական բժշկության եւ բուսաբուժության հիման վրա: Սակայն մարդը պետք է հասկանա, որ բուժումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդն ապրում է բնության հետ ներդաշնակ: Այդպես կարող են բուժվել նույնիսկ այնպիսի ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնցից հրաժարվել է սովորական բժշկությունը:

-Դուք անընդհատ նշում եք, որ կարեւորը հոգեկան ուժն է: Կարո՞ղ եք արդյոք մի այնպիսի օրինակ բերել, երբ օգտագործվել է հոգեկան ուժը, երբ ապացուցվել է նրա գերակայությունը ֆիզիկականի նկատմամբ:

-Այո՛, եղել են դեպքեր: Մի դեպք պատմեմ: 2008 թվականն էր, Ճապոնիայի Կիոտո քաղաքում անցկացվում էր մարտարվեստների 46-րդ փառատոնը: Մրցումների ժամանակ 6-րդ դան ունեցող ֆրանսիացի վարպետը վզի վրա ընկավ եւ անշարժացավ: Բոլորս շոկի մեջ էինք: Բժիշկները վազելով եկան, սկսեցին արհեստական շնչառություն տալ, առաջին օգնություն ցույց տալ, բայց ֆրանսիացին անշարժ էր, կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս: Մենք նստած էինք նրանից ընդամենը 3մ հեռավորության վրա: Առաջին արձագանքս այն էր, որ վեր թռա տեղիցս եւ ցանկացա վազել` ֆրանսիացուն օգնելու: Հետո կանգ առա ու ինքս ինձ հարց տվի` դու` հասարակ մահկանացուդ, ի՞նչ կարող ես անել, ամեն բան Աստծո ձեռքերում է: Եվ ես նստեցի տեղս, աչքերս փակեցի ու սկսեցի աղոթել, մտա խորը մեդիտացիայի մեջ: Հայկական պատվիրակության մեր բոլոր անդամները հետեւեցին իմ օրինակին: Եվ հանկարծ ֆրանսիացին ցնցվեց, սկսեց կյանքի նշաններ ցույց տալ: Նրան իսկույն տարան հիվանդանոց: Պարզ է` մրցումները ժամանակավորապես դադարեցրին: Իսկ մենք շարունակում էինք մեր աղոթքը: Շուտով հիվանդանոցից լուր ստացանք, որ ֆրանսիացին կոմայից դուրս է եկել: Մի քանի օր անց, երբ իրավիճակը կարգավորվել էր, մրցումների կազմակերպիչը ելույթ ունեցավ, ողջունեց բոլորին եւ, նայելով հայկական պատվիրակությանը, ասաց. «Ձեր աղոթքների շնորհիվ հնարավոր եղավ փրկել մեր ընկերոջը»: Վերջում բոլորը ողջագուրվեցին: Եվ տեսնել էր պետք, թե ինչպես էին բուդդայականները խաչակնքում: Փաստորեն, մենք այնտեղ աստվածահաճո առաքելություն կատարեցինք եւ վերադարձանք:

– Իրոք, շատ ազդեցիկ օրինակ է: Մինչդեռ մեր օրերում շատերը մոռացել են մարդկային առաքինությունների մասին…

-Այո՛, այժմ աշխարհում առաքինությունն անկում է ապրում: Ամենուր դաժանություններ, բռնություններ, ահաբեկչություն ենք տեսնում: Եվ այս պարագայում անհրաժեշտ է, որ հայտնվեն ազնիվ, մաքուր էություն ունեցող մարդիկ: Խոսքը Աստծո պատվիրաններով ապրողների մասին է: Այժմ մարդիկ շատ նյութապաշտ են դարձել: Աշխարհում անտեր ոչինչ չկա. կա՛մ Աստծունն է, կա՛մ սատանայինը: Հարուստ լինելը վատ բան չէ, եթե փողի ստրուկը չես դառնում:

– Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

– Մարդը քանի դեռ չի տարբերել իրականությունը պատրանքից, տակավին մոլորության մեջ է` անկախ իր դիրքից, կարգից ու վարքից: Հոգով հզոր մարդը փորձությունից հետո ավելի է հզորանում:

Մեր զրույցին ներկա էր նաեւ Հ.Շահբազյանի տեղակալ Սարգիս Հակոբյանը, որ արդեն 23 տարի շարունակ զբաղվում է մարտարվեստով: Նա համառոտ ներկայացրեց իր անցած ուղին:

– Երբ եկա սենսեյի մոտ, այստեղ ասես նորովի սկսեցի շնչել, ուտել, շփվել մարդկանց հետ, հասկանալ կյանքը, սովորեցի զգացմունքներս կառավարել, մի խոսքով` այն ամենը, ինչ հարկավոր է մարդուն այս կյանքում: Տարիքը կապ չունի, երբեք էլ ուշ չէ սովորել: Երբ հանդիպում ենք սենսեյին, մեր առջեւ կարծես գիտելիքի անծայրածիր օվկիանոս է բացվում: Ցանկացած աշակերտ սովորում է կյանքի ճշմարիտ ընթացքը: Այն ամենը, ինչ ընկալում ենք մեր բոլոր զգայարաններով. այ դրա ուղնուծուծն ենք սովորում արժեւորել, իմաստավորել: Հարկավոր է զգալ ու հասկանալ կյանքն իր բոլոր դրսեւորումներով: Հասկանալ, թե ինչու ենք աշխարհ եկել, որն է մեր առաքելությունը: Իսկ այդ բարդ հարցերի պատասխանը հենց այնպես, պատրաստի չենք ստանում, այլ սեփական ճիգերի շնորհիվ` ամենքս փորձելով տիրապետել մեր ներաշխարհին: Ես գործի բերումով շատ եմ լինում Հայաստանից դուրս, սակայն ժամանակը, տարածությունը չեն խանգարում սովորել: Ընդամենը մեկ հեռախոսազանգ սենսեյին, եւ դու «վերականգնվում» ես: Սա խոսում է ուսուցիչ-աշակերտ խոր հոգեւոր կապի մասին:

– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Հենրիկ Շահբազյանի դպրոցի իսկական վարպետ դառնալու համար:

– Նախ պետք է սովորել կենդանի մնալ ցանկացած ծայրահեղ իրավիճակում, անկախ այն բանից` վայրի բնության մե՞ջ ես, թե՞ «քարե ջունգլիներում»: Չէ՞ որ արտառոց պայմաններում գործելու ընդունակությունը քեզ տրվում է ի վերուստ, եւ Աստծուն ապավինելու շնորհիվ էլ ձերբազատվում ես վախից ու անվճռականությունից: Մեր աշակերտները սովորում են գոյատեւել բնության մեջ առանց զենքի, տաք հագուստի, քիչ սնունդով կամ դրա իսպառ բացակայությամբ: Պետք է կարողանաս կացարան պատրաստել գազաններից փրկվելու համար. մի խոսքով` ողջ մնալ` թոթափելով վախի զգացողությունը:

Սենսեյի մոտ աշակերտը սովորում է նաեւ իրեն ճիշտ պահել ցանկացած շրջապատում` գողերի, թմրամոլների, ավազակների մեջ:

Աշխարհի տարբեր երկրներից անվանի մարտիկներ եւ սենսեյներ հատուկ գալիս են Հայաստան` Հենրիկ Շահբազյանի հետ շփվելու, ինչպես նաեւ իրենց փորձն ու գիտելիքները նրա աշակերտներին ցուցադրելու եւ փոխանցելու համար: Վերջերս, օրինակ, «Սինդո-րյու կարատե» կազմակերպության հյուրն էր Ճապոնիայում ձյու ձյուցու մարտարվեստի երկրորդ դեմքը, վարպետության 8-րդ դան ունեցող Տակաո Կիտանոն:

Մեջբերենք սենսեյի այն մի քանի պատվիրանը, որոնցով պետք է առաջնորդվի նա, ով ցանկանում է հոգեւոր բարձրության, ուժի հասնել:

Մերձավորի համար արա այն, ինչ ցանկանում ես, որ նա անի քեզ համար: Ապրելով ըստ այս պատվիրանի` հազվադեպ կարելի է սխալվել: Եվ միշտ կարելի է լինել բարձունքին, սեր ու հարգանք վայելել: Ամենագլխավորը` գիտենալ, որ մարդիկ աղոթում են եւ օրհնում քեզ:

Աստված այս հրաշք մոլորակը ներդաշնակ է ստեղծել յուրաքանչյուր կենդանի էակի համար: Մարդը բնության գերագույն Աստվածային արարումն է: Նրա լիարժեք երջանիկ, ներդաշնակ կյանքի համար բնության մեջ կան բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները եւ պայմանները: Հեռանալով բնությունից` մարդը կորցնում է իր արժանապատվությունը, առողջությունը եւ հոգեկան հավասարակշռությունը:

Հարցազրույցը վարեց
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խմբ.կողմից – Հարցազրույցում Աստծո, քրիստոնեության, հիվանդությունների, արատներից ազատվելու եւ բարոյական որակները կատարելագործելու ձեւերի, «ամեն տեսակի մարդկանց հետ լեզու գտնելու», աղոթքի, աղոթքով բուժելու, «մարդու եւ բնության ներդաշնակության», երջանկության, «այս աշխարհում սատանային ինչ-որ բան պատկանելու» մասին ասվածներն արտահայտում են Հ.Շահբազյանի եւ Ս.Հակոբյանի անձնական տեսակետը եւ տարբերվում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքից:

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Հոգևոր-մշակութային, Ռազմական


02/11/2011