Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ



ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՄարտի 9-ից 13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը:

Այցի նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումն էր:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական  ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները:

Կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են ռուհերի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի ու ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Որոշումների կայացման գործընթացը ռազմավարական մակարդակում», «Համատեղ ցամաքային գործողություններ» և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով կենսափիլիսոփայությունը արևմտյան զինված ուժերում» թեմաներով բանախոսություններ:

Խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են այցի արդյունքները, քննարկվել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվել են հետագա փոխգործակցության ուղիները:

Խորագիր՝ Նորություններ


16/03/2020