Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ Է
Մարտի հոգեբանական կառուցվածքի եւ առանձնահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ է մարտը հոգեբանական գիտության տեսանկյունից:
-Բոլոր զինվորականները գիտեն, որ ռազմագիտության տեսանկյունից մարտը պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի կազմակերպված զինված պայքարն է` հաղթանակի հասնելու համար: Դա զորքերի (ուժերի) մարտավարական գործողությունների հիմնական ձեւն է: Կարեւոր է հասկանալ, որ միայն ըստ նպատակի, տեղի ու ժամանակի համաձայնեցված հարվածներն ու զորամասերի, ստորաբաժանումների տարաշարժն են մարտ համարվում, եւ ոչ թե անկանոն գործողությունները: Մարտ-երեւույթը սահմանելու համար էական նշանակություն ունի նաեւ գործողությունների նպատակը` ոչնչացնել հակառակորդին եւ ռազմավարական առումով կարեւոր դիրքեր գրավել, կամ էլ դրանք պահպանելու եւ այլ մարտավարական խնդիրներ լուծել:
Սակայն հոգեբանական գիտության տեսանկյունից մարտը որոշակիորեն այլ երեւույթ է` կողմերի զինված հակամարտային փոխգործողություն, որը բխում է որոշ նյութական արժեքների պաշտպանության (զավթման) նպատակներից եւ շարժառիթներից:
-Ինչո՞ւ միայն նյութական: Մի՞թե մարտը չի կարող ունենալ նաեւ ոչ նյութական նպատակներ եւ շարժառիթներ: Օրինակ` 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա` ազատագրելու Քրիստոսի ս.Խաչը, որը պարսիկները դրանից 14 տարի առաջ գերել էին Երուսաղեմից: Ո՞րն է այդտեղ շարժառիթը:
-Դուք խոսում եք պատերազմի եւ ոչ թե մարտի նպատակի ու շարժառիթի մասին: Պատերազմը, այո՛, կարող է ունենալ ոչ նյութական նպատակ կամ շարժառիթ, բայց յուրաքանչյուր մարտ հետապնդում է խիստ որոշակի նյութական նպատակ` գրավել այս կամ այն դիրքը, պաշտպանել այս կամ այն բնագիծը, քանի որ առանց դրա հնարավոր չէ հաղթել նույնիսկ ոչ նյութական նպատակ հետապնդող պատերազմում:
-Ինչի՞ց է կախված զորքի հոգեբանական վիճակը մարտի ընթացքում:
-Եթե հարցը քննենք գիտականորեն, ապա մարտի հոգեբանական կառուցվածքի հիմնական բաղադրիչներն են անձնակազմի մարտական պատրաստականությունը եւ մարտական վիճակները:
-Այդ հասկացությունները, թերեւս, պարզաբանման կարիք են զգում:
-Մարտական պատրաստականությունը զորքերի (ուժերի) այն վիճակն է, որը նրանց հնարավորություն է տալիս սահմանված ժամկետներում սկսելու մարտական գործողությունները եւ հաջողությամբ կատարելու մարտական խնդիրները:
-Այսինքն` եթե զորքերը չեն կարողանում սահմանված ժամկետում սկսել մարտական գործողությունները կամ անհաջողության են մատնվում, «մարտական պատրաստականություն» հասկացությունը նրանց նկատմամբ կիրառելի չէ՞:
-Ոչ թե կիրառելի չէ, այլ մարտական պատրաստականության մակարդակը ցածր է:
-Իսկ ինչո՞վ է որոշվում այդ մակարդակը:
-Զինծառայողի առավել կարեւոր անձնային հատկություններով` մարտական վարպետությամբ, բարոյահոգեբանական վիճակով եւ հոգեբանական կայունությամբ:
-Դարձյալ պետք է խնդրեմ, որ պարզաբանեք:
-Մարտական վարպետությունը հոգեբանական որակ է, որը զինավարժությունների շնորհիվ (մարտական պատրաստման ընթացքում) ձեւավորվում է անհրաժեշտ ընդունակությունների հիման վրա: Վարպետության բաղադրիչներն են` գիտելիքները, հմտությունները, կարողությունները, այսինքն` վարպետությունը ենթադրում է շարժողական եւ հոգեկան ճանաչողական պրոցեսների ձեւավորում ու զարգացում: Սակայն այս որակները մարդուն կարող են մղել որոշակի գործունեության միայն այն դեպքում, երբ կա համապատասխան շարժառիթավորում. մարտական բարձր վարպետությունն ինքնին դեռեւս հաջողության երաշխիք չէ:
-Երեւի հենց այստեղ էլ «օգնության է գալիս» բարոյահոգեբանական բարձր վիճակը:
-Այո՛: Բարոյահոգեբանական վիճակը զինծառայողի` ակտիվ գործողություններին պատրաստ լինելու աստիճանն արտացոլող հոգեկան երեւույթների համախումբն է: Այդ պատրաստությունը կապված է զինծառայողի անձի շարժառիթավորման ոլորտի զարգացման հետ եւ ձեռք է բերվում բարոյահոգեբանական ապահովման միջոցառումների շնորհիվ:
-Նշանակում է` այդ միջոցառումները թերի կատարելու դեպքում զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը կարող է ընկնել «զրոյական մակարդակի՞»:
-Այդքան կտրուկ չէի ասի, քանի որ գոյություն ունի նաեւ «հոգեբանական կայունություն» որակը: Դա հանկարծակիության, վտանգի եւ մարտի այլ հոգեբանական գործոնների ազդեցության դեպքում հոգեկանի կանոնավոր ակտիվությունը պահպանելու ընդունակությունն է: Զինծառայողների հոգեբանական կայունությունը ձեւավորվում է նրանց հոգեբանական պատրաստման ընթացքում, այսինքն` ինչ-որ չափով ձեռքբերովի որակ է: Բայց կան հեղինակներ, որոնք այն համարում են անձնավորության բարոյահոգեբանական բաղադրիչներից մեկը, այսինքն` անձի բնածին որակ:
-Եթե ձեր թվարկած երեք անձնային որակները` մարտական վարպետությունը, բարոյահոգեբանական վիճակը եւ հոգեբանական կայունությունը, ձեւավորվում են վարժանքով, արհեստականորեն, ապա կարելի՞ է ասել, որ մարտի ընթացքում զորքի հոգեբանական վարքագիծը սկզբունքորեն կանխատեսելի է:
-Միայն ինչ-որ չափով, բայց ոչ` 100%-ով: Բանն այն է, որ մարտի ընթացքում զինծառայողը հայտնվում է մի ժամանակավոր հոգեվիճակում, որը կոչվում է մարտական վիճակ: Մարտական գործունեության ընթացքում այն ազդում է զինծառայողի հոգեկան պրոցեսների վրա եւ պայմանավորում տվյալ մարտական իրադրությունում նրա վարքի կոնկրետ ձեւերը: Մարտական վիճակի վրա ազդում են ինչպես անձնային գործոնները (անձի մարտական պատրաստությունը), այնպես էլ իրավիճակայինները: Այդ իսկ պատճառով զինծառայողի հոգեբանական վարքագիծը մարտի ընթացքում չի կարող լիովին կանխատեսելի լինել:
-Իսկ ինչի՞ց է կախված զինծառայողի մարտական վիճակը:
-Նախ` նրա ճանաչողական ոլորտի հատկություններից` մարտական վարպետություն` գումարած մարտի պլանի, կոնկրետ իրավիճակի ու հակառակորդի գործողությունների ըմբռնում: Երկրորդ` շարժառիթավորման ոլորտից` ի՞նչ շարժառիթով է մասնակցում պատերազմին: Երրորդ` հոգեվիճակից` ակտիվություն, շվարածություն, ոգեւորություն եւ այլն: Զինծառայողի մարտական վիճակը բնութագրվում է այնպիսի տերմիններով, ինչպիսիք են վստահությունը, առույգությունը, բարձր տրամադրությունը, մարտական ոգեւորությունը կամ ընդհակառակը` ճնշվածությունը, հուսահատությունը, անտարբերությունը, հոգնածությունը:
-Ուրեմն` մարտի ընթացքում հրամանատարը պետք է ոչ միայն ղեկավարի իր ստորաբաժանումը, այլեւ անընդհատ հետեւի ենթակաների մարտական վիճակին: Գերմարդու գործ է թվում:
-Հրամանատարի վարպետությունը կոնկրետ իրավիճակում մարտի բոլոր հոգեբանական տարրերի համադրման մեջ է: Պարզաբանելով իրադրությունը եւ խնդիրներ առաջադրելով ենթակա անձնակազմին` հրամանատարը ձգտում է հասնելու այն բանին, որ զինծառայողը, հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների վրա, կարողանա մարտում կազմել իր գործողությունների պլանը: Հրամանատարը նրա ակտիվությունը ուղղում է կոնկրետ մարտական նպատակների:
Այո՛, հրամանատարը անընդմեջ պետք է վերահսկի զինծառայողի հոգեվիճակը, ինչը բավականին բարդ խնդիր է: Այն ներառում է այնպիսի հարցերի համալիր, ինչպիսիք են մարտում բացասական հոգեվիճակների առաջացման կանխումը եւ կասեցումը, ստորաբաժանումներում դրանց հետեւանքների վերացումը եւ այլն: Այդ ամենը կատարելու համար հրամանատարը պետք է գիտենա իր ենթակաների անհատական-հոգեբանական առանձնահատկությունները եւ նրանց բարոյահոգեբանական կայունության ու մարտական որակների ձեւավորվածության մակարդակը, նրանց շարժառիթները, պահանջմունքները, նպատակները, դիրքորոշումները` մարտական իրադրության բարդ պայմաններում:
Չէի ասի, թե սա գերմարդու գործ է, բայց որ ամեն մարդու գործ էլ չէ` ակնհայտ է: Իսկ ո՞վ ասաց, որ հրամանատար լինելը հեշտ է:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ռազմական