ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1924թ. հոկտեմբերի 15-ին Բաքվում՝ Քարինտակ գյուղից (Շուշիի շրջան, Լեռնային Ղարաբաղ) վերաբնակված բանվորի ընտանիքում:
Հրանտ Արսենի Ավագյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գնդապետ:
1941թ. նոյեմբերի 30-ից Կարմիր բանակում է, 1942թ. օգոստոսից՝ ռազմաճակատում: Ծանր վիրավորվել է:
Եղել է 1054-րդ հրաձգային գնդի (301-րդ հրաձգային դիվիզիա, 5-րդ հարվածային բանակ, Բելոռուսական 1-ին ռազմաճակատ) 1-ին գումարտակի կոմերիտկազմակերպիչը:
Հակատանկային զենքի նշանառու, ապա գնդացրային հաշվարկի հրամանատար Հ.Ա.Ավագյանը մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Ուկրաինական 3-րդ եւ 4-րդ, Բելոռուսական 1-ին ռազմաճակատներում:
…1945թ. ապրիլի 16-ին Զելով քաղաքի (Գերմանիա) հյուսիս-արեւելքում Վերբիգ երկաթուղային կայարանի համար մղված մարտերից մեկում լեյտենանտ Հրանտ Ավագյանն իր ընտրած ավտոմատավորի հետ աննկատ մոտեցավ հիտլերականներով լեցուն մի տան եւ պատուհանից ներս նետեց 3 նռնակ: Խուճապահար ֆաշիստները տնից դուրս փախան, սակայն գումարտակի ավտոմատավորների դիպուկ գնդակները հասան նրանց: Մարտի ընթացքում լեյտենանտ Ավագյանն իր զինակիցների հետ ոչնչացրել է 56 հիտլերականի, գերեվարել 14-ին՝ ավարառելով նաեւ 2 զրահամեքենա: Տան վրա բարձրացավ գումարտակի Կարմիր դրոշը:
1946թ. մայիսի 15-ին լեյտենանտ Հրանտ Արսենի Ավագյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:
Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի 3 շքանշաններով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշանով, մեդալներով:
Պատերազմից հետո Հրանտ Ավագյանը շարունակել է ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում: 1947թ. ավարտել է քաղանձնակազմի դասընթացները, 1953թ.՝ ռազմաքաղաքական ակադեմիան, 1972թ.՝ բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1953-1959թթ. Անդրկովկասյան եւ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգներում եղել է գնդի հրամանատարի՝ քաղգծով տեղակալ, 1956-1968թթ.՝ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, քաղբաժնի պետ, 1968-1973թթ.՝ Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորախմբի տանկային բանակի քաղբաժնի պետի 1-ին տեղակալ, 1973-1985թթ.՝ Օդեսայի միացյալ ռազմական ուսումնարանի քաղբաժնի պետ: Նրան շնորհվել է «Ադրբեջանական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ» կոչումը:
1985թ. Հ.Ա.Ավագյանը գնդապետի կոչումով արձակվել է պահեստազոր:
Ապրել է Բաքվում: 1990թ. հունվարին այնտեղ իրականացված հայերի ջարդերի ժամանակ ստիպված է եղել ընտանյոք հեռանալ քաղաքից՝ փրկվելով ազգայնամոլների արյունոտ դատաստանից: Ապրել է Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա): Վաստակած հանգիստը նա փոխարինել է հասարակական գործունեությամբ: Հյուսիսային Օսիայի Մայրամադաղ գյուղի պատվավոր բնակիչ էր:
Մահացել է 2017թ. փետրվարի 2-ին Կրասնոդարում:
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Ճակատագրեր