ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Դպրոցականների նամակները առաջնագծում ծառայող հայ զինվորին
Բարև, իմ շատ սիրելի զինվորներ, ձեզ գրում է Ռուզաննան՝ Արցախ աշխարհից:
Ուզում եմ ձեզ ասել, որ հայրս՝ Էդիկ Մալոյանն էլ է զինվորական: Նա «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է, շատ եմ կարոտում նրան, նա համարյա միշտ ձեր կողքին է, և շատ հաճախ ես օրերով նրան չեմ տեսնում։ Բայց մայրիկս սովորեցրել է երբեք չնեղվել դրանից, որովհետև ձեր խիզախության շնորհիվ է, որ ես խաղաղ երկնքի տակ եմ ապրում, վայելում եմ անհոգ մանկությունս, կրթվում և դաստիարակվում եմ ձեր պաշտպանած հողում։ Հայրիկս ասում է, որ դուք քաջ հսկաներ եք, որ ձեզնից վախենում է թշնամին։
Գրկում եմ ձեզ մեկ առ մեկ և շնորհակալություն եմ հայտնում ինձ նվիրած խաղաղ երկնքի ու ջերմ արևի համար, որ լուսավորում է իմ մանկությունը։
Ռուզաննա Մալոյան
ք. Մարտակերտ
Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոց
2-րդ դասարան
♦♦♦
Ես երազանքով եմ նայում քեզ և անհամբեր սպասում, թե երբ իմ հերթը կգա արժանանալու զինվորի՝ հայրենիքիս պաշտպանի մեծագույն կոչմանը։
Ուզում եմ լսել քո պատմությունները բանակի մասին, քո առօրյայի մասին։
Իմ պաշտպան եղբայր, ես չունեմ հարազատ ավագ եղբայր, բայց արդեն մի քանի տարի է, ինչ հասկացել եմ, որ ունեմ շատ ավագ եղբայրներ, և բոլորի անունն է հայ զինվոր։ Ես զբաղվում եմ Դուքենդո մարզաձևով, որ ուժեղ զինվոր լինեմ: Ես բազմաթիվ մրցաշարերում եմ հաղթել և միջազգային Դուքենդո մարզաձեւի պատմության մեջ ամենակրտսեր սեւ գոտի ունեցողն եմ:
ԼԵՎոն Նիկողոսյան
ք. Երևան, Շենգավիթի թիվ 137 դպրոց
5-րդ դասարան
♦♦♦
Բարև, մեր բոլորի սիրելի հայ զինվորներ: Ես ինքս զինվորականի դուստր եմ: Հա՛յ զինվորներ, ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը, հաճախ կյանքի գնով թույլ չեք տալիս, որ թշնամին ներխուժի մեր տուն, ապահովում եք իմ խաղաղ ու երջանիկ մանկությունը: Ձեր շնորհիվ ես պաշտպանված եմ զգում ինձ եւ գիտեմ, որ դուք կանգնած եք սահմանին` հպարտ, անվախ, գեղեցկադեմ եւ հսկում եք հայ ժողովրդի անդորրը: Հայո՛ց բանակի քաջ զինվորներ, ձեզ ցանկանում եմ խաղաղ երկինք, պայծառ գարուններ ու միայն հաղթանակներ, թող ձեր ծառայությունն անցնի առանց պատերազմի, եւ դուք պատվով ավարտելով ձեր ծառայությունը՝ վերադառնաք հայրենի տուն:
Ասյա Հակոբյան
Սիսիանի Վուրգ Ոսկանյանի թիվ 4 դպրոց
2-րդ դասարան
♦♦♦
Հայ զինվորներ, շնորհակալ եմ ձեզ մեր խաղաղ ու հանգիստ գիշերների համար: Ես ձեզ շատ եմ սիրում, քանի որ դուք եք մեր սահմանների պահապանները: Խոստանում եմ՝ երբ մեծանամ, ես էլ զինվոր կդառնամ եւ կգամ փոխարինելու ձեզ: Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, եւ մեր զինվորները լինեն միայն խաղաղության պահապաններ: Ձեզ մաղթում եմ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ տուն:
ՏԻԳՐԱՆ ԱՓԻՆՅԱՆ
Երեւանի Մուրացանի անվան
թիվ 18 դպրոց
4-րդ դասարան
♦♦♦
Ամեն մի զինվոր մի տան պարծանք է, մի տան ճրագ: Ամեն մի մայր, որ հայրենիքի համար զինվոր է ծնել, արժանի է մեծ հարգանքի:
Սիրելի՛ զինվորներ, խոնարհվում եմ ձեր ու ձեր ծնողների առաջ:
Թող միշտ դողա թշնամին ձեր բազկի ուժից եւ մտքի ամենահեռավոր ծայրով անգամ չանցնի ոտք դնել մեր հողին:
ԱԼԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւանի Հ. Շիրազի անվան
169 դպրոց
8-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, հայոց բանակի քաջ ու արի զինվոր:
Իմ եղբայրը՝ Մխիթարը, նույնպես զինվոր է ու ձեզ հետ միասին պաշտպանում է մեր հայրենիքը:
Կանցնի մի քանի տարի, ես էլ կկանգնեմ սահմանին ու ձեզ պես ամուր-ամուր կպահեմ մեր հայրենիքը:
Նորայր Բաբայան
ք. Սիսիան
3-րդ դասարան
♦♦♦
Պատիվ եւ հպարտություն է հայոց սահմաններին աներեր կանգնած զինվորին նամակ գրելը:
Սիրելի՛ զինվորներ, մենք հպարտ ենք ձեզանով ու անսահման շնորհակալ ձեզ մեր խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար:
Աստված պահապան լինի բոլորիդ, խաղաղ ծառայեք եւ անփորձանք տուն վերադառնաք՝ մեծ ուրախություն պարգեւելով ձեր հարազատներին:
Էլեն Բաբայան
ք. Սիսիան
10-րդ դասարան
♦♦♦
Մեր փառապանծ բանակի հզոր զինվորներ, մեր հայրենիքի հուսալի վահաններ, շնորհակալ ենք, որ դուք օր ու գիշեր, ձմեռ թե ամառ ամուր կանգնած եք հայոց սահմանին: Դուք ամեն օր վտանգում եք ամենաթանկը՝ ձեր կյանքը՝ հանուն մեր խաղաղ օրերի: Բոլորիդ անփորձանք ծառայություն եմ մաղթում, բարի վերադարձ աշխարհի ամենահարազատ ու ջերմ անկյունը՝ հարազատ տուն:
Մարինե Հարությունյան
Երևանի պետական տեխնիկական
հումանիտար քոլեջ
10-րդ դասարան
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Բանակ և հասարակություն