ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Մերձմոսկովյան Լուգովայա կայարան: Այստեղ է գտնվում «Տանկաշինարարների հիշատակին» թանգարանը: Այս թանգարանի բակում 1977թ. ամռանը ես վերջին անգամ հանդիպեցի Համազասպ Բաբաջանյանին՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալին, ԽՍՀՄ տանկային զորքերի հրամանատարին:
Թանգարանում շատ մարդ կար: Այստեղ էին բարձրագույն ակադեմիական դասընթացների հարյուրավոր ունկնդիրներ:
…Զրույցի ընթացքում նա հանկարծ սպաների բազմության մեջ նկատեց ինձ: Ժպտաց:
-Մորո՛ւք. մի քիչ հետո մոտեցիր, կզրուցենք:
Մոտենում եմ խմբին, որը շրջապատել էր Համազասպ Բաբաջանյանին ու հարցերի տարափ էր տեղում: Լսում եմ գլխավոր տանկիստի ծանոթ ձայնը:
-Մի անգամ անգլիացի լրագրող Ջոն Միլթոնի հետ հարցազրույցում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը մոտավորապես հետեւյալ միտքն է արտահայտել. «Անցած պատերազմում երեք մեծ զենք է եղել՝ անգլիական հրանոթը, գերմանական «Մեսսերշմիդտ» կործանիչը եւ ռուսական Տ-34 տանկը»:
Ինչ վերաբերում է առաջին երկուսին, ապա պարզ է՝ դրանք ստեղծվել են զարգացած երկրներում: Բայց Չերչիլը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է այս «վայրենի երկիրը» այդքան կատարյալ զենք ստեղծել:
…Ես մտովի վերադառնում եմ 1960 թվականի հուլիս, երբ առաջին անգամ ծանոթացա փառապանծ զորահրամանատարի հետ:
Ավարտելով Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայի հիմնական ֆակուլտետի երկրորդ կուրսը, ստաժավորման մեկնեցի Օդեսայի զինվորական օկրուգ: Այնտեղ ինձ առաջարկեցին ստանձնել հրետանային գնդի հրամանատարությունը: Դեռ չէի հասցրել ինչպես հարկն է ընդունել գունդը, երբ հայտնի դարձավ, որ օկրուգի զորքերի հրամանատար Համազասպ Բաբաջանյանը հրամանատարական հավաք է անցկացնում ուսումնական կենտրոնում:
Նշանակված օրը մեկնեցի հավաքի վայր:
…Հայտնվեց մի մեծ շքախումբ, որի առջեւից քայլում էր միջահասակ, ձիգ կեցվածքով մի գեներալ: Բաբաջանյանի շքախումբը դանդաղ էր շարժվում: Հավանաբար, զորքերի հրամանատարը օգտվելով հրամանատարական կազմի հավաքի առիթից, հանգամանորեն զրուցում էր յուրաքանչյուրի հետ:
Ահա հերթն ինձ էլ հասավ, ես ներկայացա, նա պարզեց ձեռքը, նայեց ինձ, իմ փոշոտ սապոգներին եւ դժվարությամբ թաքցնելով ժպիտը, ասաց:
-Հայրենակի՛ց, քեզ բա՞ց մեքենայով են բերել:
-Ո՛չ, ընկեր հրամանատար, մեքենան փչացավ, հարկ եղավ ոտքով տեղ հասնել:
…Երեկոյան նրա հանձնակատար Իվան Չեսնիկը եկավ իմ հետեւից:
-Շեֆը հրավիրում է,-փոքր-ինչ խորհրդավոր տոնով ասաց նա:
Օդեսայի ճանապարհին գնդապետ Չեսնիկը մի հետաքրքիր դեպք պատմեց: Քառամյա պատերազմի ճանապարհներին տանկիստ-զինվոր Վիկտոր Զելյոնին Գերմանիայում հանդիպեց մի որբ մանչուկի, ու նրա սիրտը հանկարծ քնքշացավ: Որոշեց որդեգրել տղային: Սակայն տանկային կորպուսի «գերսթափ հայրենասերները» զինվորի արարքը որակեցին իբրեւ «հակախորհրդային»: Մի՞թե մեր երկրում քիչ որբեր կան: Վերադարձիր հայրենիք ու որդեգրիր թեկուզ մի ամբողջ վաշտ…
Մի անգամ, 1945-ի մայիսի կեսերին, զինվոր Վիկտոր Զելյոնին հանդիպեց կորպուսի հրամանատարին: Զինվորը սիրտը բացեց մի մարդու առջեւ, որի հետ անցկացրել էր ամբողջ պատերազմը: Գնդապետ Համազասպ Բաբաջանյանը հասկացավ զինվորին ու հավանություն տվեց նրա որոշմանը:
Եվ ահա, տասնհինգ տարի անց, գտնվել է տղայի մայրը եւ որոշել անձամբ շնորհակալություն հայտնել Բաբաջանյանին:
Բարձրացանք երկրորդ հարկ եւ մտանք ընդարձակ ընդունարան. մեր առջեւ մի հուզիչ տեսարան բացվեց: Երիտասարդ ու հմայիչ մի շիկահեր կին բարձրաձայն հեկեկում էր Համազասպ Բաբաջանյանի գրկում: Շփոթված հրամանատարի աչքերում նույնպես արցունքներ էին երեւում:
Այդ երեկո Համազասպ Բաբաջանյանը փոքր-ինչ ամաչելով խոստովանեց, որ հուշեր է գրում, որոշել է ցույց տալ մի մարդու, որը որոշ առնչություն ունի գրականության հետ: Նրա սենյակից դուրս եկա մի հաստ թղթապանակ թեւիս տակ:
Ինչ մեղքս թաքցնեմ, ձեռագրի իմ ընթերցած տարբերակում, ըստ իս, հանրահայտ ճշմարտություններ շատ կային, հեղինակը չէր կարողացել բացահայտել իր անհատականությունը: Ցավոք, հիմա չեմ հիշում, թե ինչ ասացի այն ժամանակ, բայց լավ հիշում եմ, թե ինչ պատասխանեց Բաբաջանյանը՝ լսելով իմ «դատավճիռը».
-Շնորհակալ եմ, զավա՛կս: Նույնն էլ ես էի մտածում…
Հարցրեց.
-Իսկ ի՞նչը քեզ ամենից շատ դուր եկավ:
Ես բացեցի գրառումներիս ծոցատետրը.
-Հայրենի գյուղի՝ Չարդախլուի բնակիչների բնավորությունների նկարագրությունը:
…Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ ուղիղ տասը տարի անց: Պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Անդրեյ Գրեչկոն երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ գնդերի ու դիվիզիաների հրամանատարներին թույլատրել էր տարեկան մեկ անգամ ստուգում անցկացնել իրենց զորամասերում ու զորամիավորումներում:
Այդ ժամանակ ես մոտոհրաձգային գնդի հրամանատար էի: Ստուգեցի գունդս ու նշանակեցի «բավարար»:
Լավ լուր ստացանք, որ Մոսկվայից հանձնաժողով է ժամանում մարշալ Բաբաջանյանի գլխավորությամբ:
…Մարշալը նկատելիորեն ծերացել էր: Այդ ժամանակ նա 64 տարեկան էր: Նա բացատրեց, որ եկել է որոշակի առաջադրանքով. վերստուգելու այն զորամասերը, որոնք վերջին ստուգումների ժամանակ, հրամանատարների զեկույցների համաձայն, «լավ» ու «գերազանց» գնահատականներ են ստացել, եւ առաջարկեց դիվիզիայի հրամանատարին անվանել երկու գունդ՝ իր ցանկությամբ:
Հրամանատարն ասաց.
-Առաջարկում եմ գնդապետ Հայրապետյանի եւ գնդապետ Նովիկովի զորամասերը:
Մարշալը քմծիծաղեց.
-Նովիկովի հարցում առարկություն չունեմ, հաստատում եմ: Ինչ վերաբերում է իմ հայրենակցին, նա «բավարար» է նշանակել, թող այս անգամ հանգստանա: Իսկ, այ, գնդապետ Արխիպովը՝ տանկային գնդի հրամանատարը, թող համոզի մեզ, որ գունդն իրոք արժանի է «գերազանց» գնահատականի: Իմ շտաբն ու անձամբ ես կտեղավորվենք ընկեր Հայրապետյանի մոտ: Հարցեր կա՞ն: Կհանդիպենք զինափորձարաններում եւ ուսումնական կենտրոններում:
Մարշալը ստուգեց իմ գնդի «տնտեսությունը»: Սպայական ճաշարանում հանդիպեց գերժամկետ ծառայության ավագ, խոհարար Գարեգին Մարգարյանին՝ իր համագյուղացուն եւ, կարծեմ, ազգականին: Ուրախացավ.
-Լսի՛ր, տղա՛ս, հայրդ լավ ձայն ուներ, իսկ դո՞ւ:
Ավագն ասաց.
-Աստված ինձ էլ չի զրկել,- եւ անմիջապես հարցրեց.
-Ի՞նչ պատրաստեմ ընթրիքի համար:
-Որեւէ հայկական բան… Կարո՞ղ ես՝ թանով ապուր՝ սպաս…
-Թանով ապուր կլինի, էլ ի՞նչ:
-Ա՛յ, եթե խաղողի թփով տոլմա լիներ… բայց Գոբի տափաստաններում որտեղի՞ց ճարես…
Ավագն ընդհատեց նրան:
-Խաղողի թփով տոլմա էլ կլինի:
Երեկոյան մարշալն ընթրիքի եկավ մի գեներալի, երկու փոխգնդապետի եւ մի մայորի ուղեկցությամբ:
Գարեգին Մարգարյանը խոհանոցում երգում էր: Հայկական հին երգեր: Հանկարծ մարշալը, որն ինչ-որ բան էր պատմում, լռեց ու մատը տարավ շուրթերին: Երգիչը լռեց: Խոհանոցում զայրացած ձայներ լսվեցին: Մարշալը թափով տեղից վեր կացավ, ձեռքով նշան անելով, որ իրեն ուղեկցել պետք չէ: Այդ նշանը վերագրելով հանձնաժողովի անդամներին, բայց ոչ «տանտիրոջը», հետեւեցի նրան: Խոհանոցի մեջտեղում ձիգ կանգնած էր Գարեգին Մարգարյանը եւ լսում էր հանձնաժողովի անդամ մի գեներալ-լեյտենանտի հանդիմանանքը.
-Ո՞վ է ձեզ թույլ տվել երգել աշխատավայրում: Խայտառակությո՛ւն: Ի՞նչ կմտածի մարշալը ձեր զորամասի մասին…
Այդ պահին մարշալը ներս մտավ.
-Կուպրիյա՛նով… Ինչպե՞ս համարձակվեցիք… վախեցնել երգը: Այդպիսի երգը… Նա մոտեցավ ավագին, ապա ձեռքից բռնած բերեց ճաշարան: Երբ ավագը հանեց արտահագուստը եւ տեղ գրավեց սեղանի շուրջ, մարշալը խնդրեց.
-Մի անգամ էլ երգիր այդ երգը, հայրենակի՛ց:
Գարեգին Մարգարյանը կանգնեց, սեղանից փոքր-ինչ հեռացավ ու սկսեց երգել: Նա երկար երգեց, ու մարշալը բոլորին թույլատրեց գնալ:
Կեսգիշերին ավարտելով գործերը՝ գնացի հյուրանոց: Հերթապահը զեկուցեց, որ մարշալը դեռ չի եկել: Ո՞ւր կլինի նա: Մի՞թե դեռ ճաշարանում է: Գնացի ճաշարան: Մուտքի մոտ հանդիպեցի ավագ Սիդորենկոյին: Զեկուցեց, որ մարշալը դեռ այստեղ է: Բացեցի դուռը, եւ ականջիս հասավ ծանոթ մեղեդին: Ոտնաթաթերի վրա մոտեցա: Մարշալն ու ավագը կիսաձայն երգում էին: Աննկատ հեռացա…
Այսպես, քանի դեռ աշխատում էր մարշալ Բաբաջանյանի գլխավորած հանձնաժողովը, նա ու ավագը ամեն օր ընթրիքից հետո երգում էին:
Մի շաբաթից հանձնաժողովն ավարտեց ստուգումը: Ընդհանուր գնահատականը «բավարար» էր: Հանձնաժողովի անդամները չէին հասցրել մեկնել, երբ հայտնի դարձավ, որ ժամանում է պաշտպանության նախարարը: Պարզվեց, որ մեզ մոտ նոր տանկ է փորձարկվելու: Կենտրոնից շատ մարդ էր եկել: Մարշալի խմբին միացել էր նաեւ կոնստրուկտոր Արտավազդ Հակոբյանը:
Փորձարկումները հաջող անցան: Նախարարը գրկեց կոնստրուկտորին ու մեկնեց: Երեկոյան, բաղնիքից հետո, մարշալ Համազասպ Բաբաջանյանը ճաշկերույթ տվեց կոնստրուկտորի պատվին…
ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Պատմության էջերից