Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔ



2010թ. աշնանային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովին է դիմել 1992թ. ծնված զորակոչիկ Գ. Տեր-Գրիգորյանի հորաքույրը եւ տեղեկացրել զորակոչիկի ընտանիքում տիրող սոցիալական ծանր վիճակի մասին` խնդրելով տարկետում տրամադրել Գ. Տեր-Գրիգորյանին։

Դիմումում նշվել է, որ զորակոչիկի հայրը երկրորդ կարգի անժամկետ հաշմանդամ է, տառապում է «Շաքարային դիաբետ 1-ին տիպի» հիվանդությամբ։ Մայրը քաղցկեղով հիվանդ է, 2010թ. օգոստոսի 19-ին ենթարկվել է վիրահատության, քիմիաթերապիայի, այժմ գտնվում է ուռուցքաբանի հսկողության տակ, վիճակը ծանր է։ Զորակոչիկի ավագ եղբորը 2009թ. գարնանային զորակոչին անբավարար տեսողության պատճառով (-12 աստիճան) տրվել է տարկետում 3 տարի ժամկետով։ Ստուգումներից պարզվել է, որ տղան տառապում է շաքարային դիաբետ 1-ին տիպի հիվանդությամբ եւ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հսկողության տակ։ Զորակոչիկի փոքր եղբայրը 10 տարեկան է եւ մինչեւ 2012թ. ճանաչվել է հաշմանդամ։

Զորակոչիկ Գ. Տեր-Գրիգորյանը զորակոչի պահին չի համարվել խնամակալ, քանի որ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ունեցել հաշմանդամության եւ անաշխատունակության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։ Ուստի եւ տարածքային զինկոմիսարիատը 2010թ. նոյեմբերի 18-ին զորակոչվելու մասին Գ. Տեր-Գրիգորյանին ծանուցագիր է տվել։

Զորակոչիկի գործի վերաբերյալ ՀԽ-ն զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին եւ միջնորդել առկախելու զորակոչը` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն (որպես օրենքով չնախատեսված դեպք) ընտանեկան դրության բերումով Գ. Տեր-Գրիգորյանին տրամադրելով տարկետում։

Միջնորդությունը բավարարվել է։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Սոցիալ-իրավական


02/11/2011