Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



Օրերս ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում անցկացվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Զորավարժության սցենարի համաձայն` զորամիավորման զորամասերից մեկը բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի, ռազմերթ կատարեց և զբաղեցրեց պաշտպանական բնագիծ: Այնուհետև ստորաբաժանումները պաշտպանական մարտ վարեցին պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Մարտական իրադրությանը մոտ պայմաններում հատուկ ուշադրություն դարձվեց բոլոր օղակների հրամանատարների` ստորաբաժանումների և կրակի կառավարման ունակությունները զարգացնելու վրա:

Գործնական վարժանքների հիմնական թեմաներից էր նաև շրջանցող խմբերի գործողությունների մշակումը: Շատ դեպքերում հիմնական ուժերի հետ համագործակցող հենց այս խմբերն են որոշում մարտի բարեհաջող ելքը: Պայմանական մարտերի վարման ընթացքում առանձնահատուկ դեր է հատկացվել նաև հակագրոհի ճիշտ կազմակերպմանը և անցկացմանը: Տեղում ճշտվել, պարզաբանվել են կոնկրետ խնդիր կատարելիս հակագրոհի համար անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեզերվների օգտագործման անհրաժեշտությունը, կարգը, տեղանքի ճիշտ ընտրության կարևորությունը, ընդհանրապես հակագրոհի անցնելու նպատակահարմարությունը: Զորքերի մարտական պատրաստության խոշորածավալ այս միջոցառման արդյունքները փաստում են, որ զգալիորեն ավելացել է ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը, մարտական խնդիրներ կատարելու վարպետությունը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ազգային բանակ


02/11/2011