Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Լոզանի խորհրդաժողովն ավարտվեց 1923թ. հուլիսի 24-ին։ Թուրքիայի հետ Սեւրի պայմանագրի փոխարեն կնքվեց նոր պայմանագիր, որը բաղկացած էր 143 հոդվածից։ Դրանցից 21-ը վերաբերում էին Թուրքիայի փոքրամասնություններին` առանց Հայաստանի եւ հայերի մասին ակնարկի կամ հիշատակության։

Լոզանում մեծ տերություններն ու Ռուսաստանը յուրովի լուծում տվեցին Հայկական հարցին։ Այն մեկ անգամ եւս վաճառվեց թուրքական բռնատիրությանը։ Սակայն տերությունների ներկայացուցիչները, մոռացության մատնելով Հայոց խնդիրն ու իրավունքը, չպետք է անուշադրության մատնեին Քերզոնի զգուշացումը, թե` հայերն ունեն «ազգային ոգի», վճռականություն, որ հայ ժողովուրդը «ուժեղ է»։ Ասել է թե` ինչքան ցավոտ ու վհատեցնող լիներ դաշնագիրը, հայությունը, որ դարեր շարունակ եղել է անարդարությունների զոհը, երբեք չի մոռացել իր ազգային գերխնդիրը, չի հրաժարվել ազգային գաղափարախոսությունից, ինչպես հպարտորեն ընդգծում էր Ա.Ահարոնյանը՝ «Միացյալ Հայաստանը պիտի լինի մեր իդեալը»։

 

Ազգային քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները Հայկական հարցում

 

1880թ. սկսված ազատագրական շարժումները առաջադրեցին պայքարի 61-րդ հոդվածը իրագործելու, Եվրոպայի օգնությամբ ազատագրության հասնելու եւ զինված պայքարի գաղափարները, որոնք էլ հայ ազգային-քաղաքական կուսակցությունների ուղղվածության հիմքը դարձան։

1885թ. Վանում Մ.Թերլեմեզյանը հիմնադրեց «Արմենական» կուսակցությունը։ Նոր կուսակցության ծրագիրը դարձավ Ռ.Պատկանյանի 1883թ. գրած «Վարդապետարանը», որը 1889թ. լույս ընծայեց Մ.Փորթուգալյանը։

«Վարդապետարանը» առաջադրում էր ազատագրության հասնելու երեք ճանապարհ՝ զենքով, փողով եւ օտարի օգնությամբ։ Ընտրությունը թողնվում էր ստեղծված իրադրությանը։ «Վարդապետարանը», սահմանելով «մահ կամ ազատություն» նշանաբանը, նշում էր, որ հեղափոխության ճանապարհով է միայն հնարավոր իրականացնել Հայաստանի ազատագրությունը, Հայկական հարցի լուծումը։ «Վարդապետարանը», լինելով կուսակցական ծրագիր, իր մեջ ամփոփում էր հայ ազգային գաղափարախոսության բաղադրիչներ, ամրագրում էր ազատագրության հասնելու միակ արդարացի ճանապարհի՝ զինված պայքարի գաղափարը։

Արմենականների սկսած բուռն գործունեությունը իր շուրջ համախմբեց արեւմտահայ ստվար զանգվածներին։ Միայն Վանում եւ նահանգում 90-ական թվականներին կազմակերպությունն ուներ 12 հոգանոց 150 խումբ։

Արմենականների գործունեության կարեւոր դրվագներից էր Վանի 1896թ. ինքնապաշտպանությունը։ Համիդյան կոտորածները, համընդհանուր պայքար ծավալելու ուղղությամբ անհաջողությունները պատճառ դարձան, որ կուսակցությունը լայն ճանաչման չարժանանա, շարքերում սկսվեցին անհամաձայնությունները, եւ 1921թ. Կ.Պոլսում գումարված համաժողովում կուսակցությունը վերակազմվեց` ստանալով «Ռամկավար Ազատական կուսակցություն» անունը։

1887թ. Ժնեւում կազմավորվեց «Հնչակյան» կուսակցությունը։ Ապագա հնչակյանները Մ.Փորթուգալյանի «Արմենիայի» շուրջ համախմբված կովկասահայ ուսանողներն էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկ), Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գեւորգ Ղարաջյանը (Արկոմեդ), Ռուբեն Խանազատյանը (Խանզատ) եւ ուրիշներ։

Ընդունելով «Վարդապետարանի» պայքարի գաղափարը, նրանք հանգեցին այն հետեւության, որ հեռավոր Եվրոպայից միայն քարոզչության ճանապարհով հնարավոր չէ հասնել ազատության, եւ որոշեցին տեղափոխվել բուն երկիր ու սկսել հեղափոխական գործունեություն։

1888թ. մշակվեց Հնչակյան կուսակցության ծրագիրը, որը հանգում էր Հայկական հարցի լուծման արմատական ուղղությանը՝ թուրքական բռնապետության տապալում, Հայոց անկախ պետականության ստեղծում։

Մինչեւ 1890-ական թթ. հնչակյանները ստեղծեցին կուսակցական բավականին ընդարձակ ցանց՝ հատկապես Կարինում։ 1890թ. հունիսի 10-ին հնչակյանները, Գ. Չիլինկարյանի գլխավորությամբ, Կարինում կազմակերպեցին բողոքի ցույց` ուղղված թուրքական իշխանությունների դեմ, որն արյունալի ավարտ ունեցավ՝ սպանվեց 30 հայ։ Կիրառելով ահաբեկումների գործելաձեւը` հնչակյանները ձգտում էին բարձրացնել ժողովրդի հայրենասիրական ոգին եւ նախապատրաստել համաժողովրդական ապստամբության։

-Հայը մի անգամ էլ պիտի մեռնի, որ հայը ապրի…,- քարոզում էր Փարամազը։

1895թ. համիդյան կոտորածների բուռն շրջանում հնչակյանները, իբրեւ բողոքի նշան, կազմակերպեցին Բաբը-Ալիի ցույցը, պահանջելով պատասխանատվության ենթարկել ջարդերի կազմակերպիչներին եւ իրագործել 61-րդ հոդվածը։ 4000 ցուցարարի ձայնը չլսեց Եվրոպան, սուլթանը արյան մեջ խեղդեց հայության բողոքը։

Հնչակյանների՝ Հայկական հարցի լուծման առաջին փուլը Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է՝ «ժողովրդային ընդհանուր ապստամբության միջոցով»։ Գործունեության հիմնական ասպարեզ դառնում էր Արեւմտյան Հայաստանը, որտեղ տարվելու էր քարոզչական, հեղափոխական ուժեր ստեղծելու («ապստամբական գնդեր»), ահաբեկչական գործունեություն ծավալելու (որպես ինքնապաշտպանության միջոց) աշխատանք։

1894-1896թթ. կոտորածները, մի քանի միջոցառումների տապալումը կամ սպասված արդյունքի չհասնելը հուսալքություն ու տարաձայնություններ առաջ բերեցին կուսակցության շարքերում, եւ 1896թ. Լոնդոնում գումարված համագումարում հնչակյանները բաժանվեցին երկու խմբի։ Ա.Նազարբեկի կողմնակիցները մտան Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի շարքերը, իսկ Ա.Արփիարյանի կողմնակիցներն իրենց անվանեցին «Վերակազմյալներ» ու որոշեցին շարունակել հեղափոխական պայքարը։

Թե՛ Արմենականների, թե՛ Հնչակյանների պառակտումը, ինչ խոսք, թուլացնում էր հայ ազատագրական շարժումը։ Ազատագրական գաղափարախոսության մեջ առաջանում էին ճեղքվածքներ, որոնք իրենց բացասական ազդեցությունն էին ունենում պայքարի հետագա ընթացքի վրա։ Այնուամենայնիվ, Արմենականների ու Հնչակյանների` Հայկական հարցի լուծմանն ուղղված ծրագրերը նորույթ եւ լուրջ ներդրումներ էին հայ ազգային գաղափարախոսության մեջ։

Դաս առնելով նախորդ շրջանում կազմավորված կուսակցությունների ու խմբակների թույլ տված սխալներից` Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ) 1892թ. առաջին Ընդհանուր ժողովի ընդունած ծրագրով հաստատում էր, որ կուսակցության գերագույն նպատակը արեւմտահայության տնտեսական ու քաղաքական ազատությունն է։

Նման գործունեության ծավալումը չէր նշանակելու, որ հայը «շլինքը ծռած» նորից ազատություն է աղերսելու. «Հայը այլեւս չի խնդրում, այլ պահանջում է եւ պահանջում է զենքը ձեռքին» (Ս.Վրացյան)։

Հայ քաղաքական միտքը, հենվելով դարերի խորքից եկող ազգային գաղափարախոսության ակունքների վրա, յուրաքանչյուր դարաշրջանում մշակում էր հայության գոյապահպանության մարտավարությունն ու ռազմավարությունը։ Դժնդակ այն ճակատագիրը, որ բաժին էր հասել հայ ժողովրդին, նրան ստիպում էր գոյապահպանության համար զարգացնել իր ազգային մտածողությունը, հակառակ դեպքում՝ պատմական չարագուշակ ժամանակները կուլ կտային ազգային ինքնությունը։ Ազգային գաղափարախոսությունը ազգային գոյապահպանության, ազգային գերխնդիրների լուծման գիտական համակարգ է, չի մշակվում առանձին անհատների կամ իշխանությունների, կամ կուսակցությունների կողմից։ Այն, ժողովրդի գոյապահպանության բնազդային մտածողությունը լինելով, դարերի ընթացքում ձեւավորվում է որպես մտածողության հստակ համակարգ, կուռ ուսմունք։

19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական շարժումները, Առաջին աշխարհամարտում կամավորական խմբերի գործունեությունը, Մայիսյան հերոսամարտերը մոտեցնում էին հայ ազգային գաղափարախոսության ավարտական փուլը։ Այն հաստատվեց Առաջին Հանրապետության կազմավորմամբ, իսկ 1919թ. Հայաստանի պառլամենտի որոշումով վերջնականապես ձեւավորեց հայ ազգային գաղափարախոսությունը, եւ պետականորեն այն ճանաչվեց որպես համազգային գաղափարախոսություն։

Այժմ ազգային գաղափարախոսությունը Հայկական հարցը պետական քաղաքականության հիմք դարձրած՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների լայն ասպարեզ է դուրս եկել։ Դարեր շարունակ անլուծելի մնացած մեր ազգային գերխնդիրը հրամայական պահանջ է դարձնում համայն հայության ուժերի համախմբմամբ նոր մակարդակի ապահովումը աշխարհի քաղաքական հարաբերությունների հանգուցակետում գտնվող Հայոց նոր պետականության բարգավաճման համար։

Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Պատմության էջերից


26/03/2020