ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Գնդապետ Հասկելը իմ առաջարկով հավաքագրեց ամերիկյան կանոնավոր բանակի սպաների զորակազմ. դա մի առաջադրանք էր, որում նրան աջակցում էր գեներալ Փերշինգը»: Հերբերտ Հուվեր (Ամերիկյան օգնության վարչության տնօրեն):
Հայաստան ուղարկված երկու տասնյակից բաղկացած Միացյալ Նահանգների զորակազմը շատ փոքրաթիվ էր ողջ Կովկասում Մեծ պատերազմից հետո նշանակալի փոփոխություններ իրականացնելու համար: Ի տարբերություն գնդապետ Հասկելի, որի նստավայրը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում էր՝ տարածաշրջանի տրանսպորտային ու հաղորդակցման հանգույցում, և որը հաճախ էր ճամփորդում Թիֆլիսի ու Փարիզի միջև, գնդապետ Ջեյմս Ռիյան` որպես Դաշնակիցների գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար, ավելի մեծ տպավորություն գործեց: Վերջին հաշվով արտաքին ուժերը, հատկապես ազգայնական Թուրքիայի քեմալական զորքերը, ապակայունացրին իրավիճակը Հայաստանում: Այնուամենայնիվ, գնդապետ Ռիյային հաջողվեց բավարար ջանք գործադրել ազերիների ու հայերի միջև ժամանակավոր զինադադարի հասնելու համար: Դաշնակից ուժերի ներկայացուցիչները, որոնցից կազմված էր ամերիկյան ռազմարշավը, թեև նախկինում չէին առնչվել տարածաշրջանի մարտահրավերներին և չունեին ինչպես քաղաքական կառավարման, այնպես էլ միջազգային դիվանագիտության ոլորտներում գործունեության փորձ, սակայն, այնուամենայնիվ, զգալի ազդեցություն ունեցան այն անձանց շրջանում, ովքեր պատրաստ էին ճանաչել իրենց հեղինակությունը: Օրենքի և կարգի տապալումը հանգեցրեց Միացյալ Նահանգների սպաների հեռանալուն: Մյուս կողմից, ամերիկյան հանրությունն ու լրատվամիջոցները փառաբանեցին իրենց մարտիկներին, ովքեր դեպի հաղթանակ տարան իրենց երկիրը Արևմտյան ճակատում, և այժմ ակնկալվում էր, որ պետք է խաղաղություն բերեին այլ անհանգիստ սահմաններին:
Խաղաղության բանակցության հարցերով հանձնաժողովից
Պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրենկ Փոլկին
Փարիզ, 11 հուլիս, 1919թ.
Հետևյալ բանաձևն ընդունվել է Հինգի խորհրդի (Council of Five) կողմից իմ աջակցությամբ և նախագահի ու երկրների այլ ղեկավարների նախնական հաստատմամբ.
«ԱՄՆ գնդապետ Հասկելը սույն խորհրդի կողմից Հայաստանում նշանակվում է Գլխավոր հանձնակատար՝ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների անուններից: Հասկացվում է, որ գնդապետ Հասկելը համապատասխանաբար կնշանակվի ստանձնելու ամբողջ պատասխանատվությունը Հայաստանում բոլոր օգնության միջոցառումների համար, որոնք իրականացվում են այնտեղ գործող տարբեր օգնության կազմակերպությունների կողմից…»:
Գնդապետ Հասկելը գործելու է որպես Պետդեպարտամենտի գործակալ… Ներկայումս նա նշանակված է Հուվերի շտաբում, սակայն, քանի որ կանոնավոր բանակի բոլոր սպաները, որոնցից մեկն էլ նա է, հետ են կանչվում, և քանի որ բանակի իշխանություններն այստեղ հայտարարում են, որ հարցն այժմ իրենց վերահսկողությունից դուրս է, անհրաժեշտ է, որ դա կազմակերպվի Վաշինգտոնում: Նրան իր առաքելության հետ կապված նաև կարող են անհրաժեշտ լինել ավելի մեծ թվով սպաներ:
(Ռոբերտ) Լենսինգ
ԲԱՆԱԿԻ ՈՒ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՄԱՏՅԱՆ
20 մայիս, 1920թ.
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՍՊԱՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Նյու Յորքի Մերձավոր Արևելքի օգնության գրասենյակում ստացվել է հեռագիր Հայաստանում ծառայած Միացյալ Նահանգների բանակի սպաների աշխատանքի նկատմամբ հետևյալ մեծարման խոսքերով. «Մերձավոր Արևելքը խորը երախտագիտություն է տածում Միացյալ Նահանգների բանակի նկատմամբ՝ այս աշխատանքի նպատակով գործուղված սպաների հիանալի ծառայությունների համար: Հեռագրում հայտարարվում է նաև, որ ԱՄՆ զինված ուժերի գնդապետ Ուիլյամ Հասկելը, Հայաստանում Դաշնակից ուժերի գերագույն հանձնակատարը, հավատացած է, որ ռազմական վարչությունը կնշանակի մոտավորապես տասը սպաների և սերժանտական կազմի հինգ ներկայացուցչի, ովքեր կաջակցեն Կովկասում օգնության աշխատանքներին հետագա մեկ կամ երկու տարիների ընթացքում՝ որպես օգնության աշխատանք իրականացնող կազմակերպության հիմնաքար: Գնդապետ Հասկելն ասում է, որ փոխհատուցումը այս սպաների և սերժանտական կազմի ներկայացուցիչների համար կարող է կազմակերպվել տարեկան սկզբունքով՝ չգերազանցելով 40,000 ԱՄՆ դոլարը և պահպանություն. կկազմակերպվի նաև տեղափոխությունը՝ Միացյալ Նահանգների կառավարության տրամադրած գումարից ավելի գումարով: Գնդապետ Հասկելը սա առաջարկում է Մերձավոր Արևելքի օգնությանը, ասելով, որ պատրաստակամ կլիներ աջակցել այս նպատակին համապատասխան սպաների ընտրությանը և հավելում է, որ այս ծրագրի միակ այլընտրանքը կարող էր լինել քաղաքացիական կազմակերպությունների անհապաղ հիմնադրումը, ինչը կլիներ շատ ավելի թանկարժեք ու, հավանաբար, ավելի քիչ արդյունավետ, քան այն ռազմական կազմակերպությունը, որը գործել է Անդրկովկասում անցյալ տարվա հունիսից:
Անդրկովկասում ծառայելու գործուղված Միացյալ Նահանգների բանակի սպաներ են՝ գնդապետ Ուիլյամ Հասկել, ԱՄՆ Դաշնակիցների Գերագույն հանձնակատար և Կովկասի Մերձավոր Արևելքի օգնության տնօրեն, գնդապետ Ջեյմս Ռիյա, Դաշնակիցների գերագույն հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Փարիզում գնդապետ Հասկելի բացակայության ընթացքում՝ անցյալ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, գնդապետ Էդմունդ Դեյլի՝ Դաշնակիցների գերագույն հանձնակատարի շտաբի պետ, փոխգնդապետ Ջեյմս Շելի՝ որոշ ժամանակ տեղակայվեց թաթարական (ազերի) և հայկական զորքերի միջև սահմանին՝ Արաքս գետի վրա գտնվող Դավալու (այժմ՝ Արարատ) տարածքում, փոխգնդապետ Դոնալդ Ռոբինսոն՝ տեղակայված Ալեքսանդրապոլում, փոխգնդապետ Սամներ Ուեյթ՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Թիֆլիսում, փոխգնդապետ Լոներգան՝ Թիֆլիսում, փոխգնդապետ Ջեյմս Ուլիո՝ Թիֆլիսում, փոխգնդապետ Մաք Քեմոն, որը Նովոռոսիսկում կամավորական ջոկատի հետ կապի պատասխանատուն է եղել, փոխգնդապետ Սիդնեյ Սփալդինգ՝ շրջանի հրամանատար Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալքալաքում, փոխգնդապետ Կարլոս Թելֆորդ՝ շրջանի հրամանատար Հայաստանի մայրաքաղաք Էրիվանում, փոխգնդապետներ Դանֆորդ և Հարի Սթիվենսոն՝ երկուսն էլ Հայաստանում, Էրիվանում, փոխգնդապետ Ռոսն Ուորեն՝ շրջանի հրամանատար Հայաստանում՝ Կարսում, մայորներ՝ Գաներ ու Ռաթջեն, ովքեր տեղակայված էին Կարսում, մայոր Հարիսոն Մաք Ալփայնը և կապիտան Ֆիլիպ Քլեյթոնը Հայաստանում՝ Ղարաքիլիսայում, մայորներ Դայեր և Դեյլ Մաք Դոլանդ ու մայոր Ուեբսթեր Հայաստանում՝ Էրիվանում, մայոր Դենիս Մաք Սուինի՝ շրջանի հրամանատար Վրաստանի Հանրապետությունում՝ Բաթումում, մայոր Լոուֆ և կապիտան Լեո Ուորներ՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), մայոր Փեյթոն՝ Ախալքալաքում, կապիտան Ըրլ Դոջ՝ Թիֆլիսում, մայոր Սքին՝ Թիֆլիսում, մայոր Պարկեր Կելոք կրտսեր՝ Թիֆլիսում և մայոր Դևենփորթ՝ Հայաստանում և Վրաստանի Հանրապետությունում Մերձավոր Արևելքի օգնության համար բոլոր հիվանդանոցների և բժշկական աշխատանքների պատասխանատու:
«Երբ Տեխասցի գնդապետ Ջեյմս Ռիյան եկավ Անդրկովկաս, ամբողջ երկրում անկարգություն և անհանգստություն էր տիրում անմիջապես պատերազմի նախաշեմին, որի ծավալները ոչ ոք չէր կարող կանխատեսել: Երբ նա հեռացավ, երկիրը խաղաղության մեջ էր, և դրվել էին մշտական խաղաղության հիմքերը: Իր գործն արեց առանց զինվորների կամ ռազմանավերի ու գնդացիրների: Այն արվեց ոչ ավելին, քան համբերությամբ, նրբանկատությամբ և նախևառաջ մի մարդու լիակատար անշահախնդրությամբ, որը ոչ մի շահույթ չէր հետապնդում իր կամ իր երկրի համար: Հնարավոր է, ինչպես ասաց Ռիյան, որ ցանկացած ամերիկացի կարող էր դա անել: Եթե այդպես է, միգուցե Մերձավոր Արևելքի ամբողջ խառնաշփոթի մշտական լուծումը այն է, որը կիրառեց Տեխասցի գնդապետ Ջեյմս Ռիյան. ոչ թե ուժ՝ այլ արդարություն»:
Փաքսթոն Հիբեն. «Խաղաղության պահպանում Անդրկովկասում»՝ Ասիա, Արևելքում ամերիկյան ամսագիր, 1920թ. օգոստոս:
Նյութը պատրաստել է Վաշինգտոնի Հայ Ազգային Ինստիտուտը
Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Պատմության էջերից