Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԲԱՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1901թ. օգոստոսի 15-ին Ժըրչի գյուղում (Կարսի շրջան, Արեւելյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա):

Հմայակ Գրիգորի Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, խորհրդային զորավար, գեներալ-մայոր:

1917թ. կամովին մտել է ցարական բանակ եւ կռվել է ընդդեմ թուրքերի: Ցարական իշխանության անկումից հետո հաջորդ տարվա մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի կազմում մասնակցել է Սարդարապատի բախտորոշ ճակատամարտին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920թ. անցել է կարմիր բանակի շարքերը:

1924թ. ավարտել է Երեւանի՝ Ա.Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը, իսկ 1926թ.՝ Կիեւի հրամանատարական ուսումնարանը: 1938թ. փոխգնդապետի կոչումով ծառայել է Մինսկի զինվորական օկրուգում:

Հմայակ Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի սկզբին հրամանատարն էր 79-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի, որի հետ մարտական փառավոր ուղի է անցել Օրյոլից մինչեւ Կաունաս, այնուհետեւ՝ մինչեւ Բեռլինի արվարձանները:

1942թ. ապրիլ-մայիսին Կերչում ղեկավարել է 390-րդ հայկական դիվիզիայի մարտական գործողությունները: Մասնակցել է Ելնյա քաղաքի ազատագրմանը:

1943թ. հուլիսի 15-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

1944թ. կատարելագործման դասընթացներ է անցել Մոսկվայի՝ Մ.Վ.Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայում:

1945թ. իբրեւ Բելոռուսական ռազմաճակատի 35-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար մասնակցել է Վիլնյուսի, Լեհաստանի ազատագրմանը եւ Բեռլինի գրոհին:

…1945թ. ապրիլի 20-ին բրիգադը Բրանդենբուրգի շրջանում տիրացավ Բեռնաուին եւ հաջորդ օրավերջին մարտի բռնվեց Բեռլինի արվարձանում՝ Վայսենզեե բնակավայրի համար: Հաղթահարելով թշնամու համառ դիմադրությունը եւ մղելով փողոցային թեժ մարտեր՝ բրիգադը հասավ Վայսենզեեի հարավային ծայրամաս, մարտեր սկսեց Բեռլինի փողոցներում եւ նշանակալի վնաս պատճառեց հակառակորդին: Ոչնչացրեց 350 զինվոր ու սպա, 14 տանկ ու ինքնագնաց հրետանային միջոց, տարբեր տրամաչափի 22 թնդանոթ, 38 ավտոմեքենա, 41 գնդացիր, 111 հրացան ու ավտոմատ, գերեվարեց 42 հոգու, առգրավեց 11 տանկ ու ինքնագնաց հրետանային միջոց, 49 ավտոմեքենա, 95 հրացան ու ավտոմատ:

1945թ. ապրիլի 21-ին գեներալ-մայոր Բաբայանն անձամբ տանկ նստեց եւ բրիգադն իր հետեւից տարավ դեպի Բեռլին: Ֆաշիստական Գերմանիայի մայրաքաղաքի մատույցներում՝ Զոլդին փոքր քաղաքի (այժմ՝ Միսլիբուժ, Արեւմտապոմորյան վոյեվոդություն, Լեհաստան) հրապարակում նա հերոսաբար զոհվեց: Հանգչում է զոհված վայրում՝ խորհրդային ռազմիկների  18-րդ եղբայրական գերեզմանում:

1945թ. մայիսի 31-ին գվարդիայի գեներալ-մայոր Հմայակ Գրիգորի Բաբայանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով:

Հերոսի անունն են կրում մի լցանավ, փողոցներ Միսլիբուժում ու Երեւանում:

 

Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Պատմության էջերից


09/04/2020