Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ



ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔՀոգնած էր: Ոտքերը հազիվ էին շարժվում: Տղաներն առաջ էին ընկել: Ինքը քայլում էր հետևից: Չէր քայլում, գլորվում էր: Սա ուրիշ հոգնություն էր: Արդեն 2 օր էր անցել գրոհից, բայց միտքը չէր անջատվում, ուղեղը չէր հանգստանում: Երեք գրոհ՝ մի գիշերվա մեջ: «Անօդաչուն» 40-60 ադրբեջանցու էր նկատել դիրքում: Մե՛ր դիրքում: Ավելի ճիշտ՝ ոչ թե ադրբեջանցու, այլ վարձկանների՝ «Յաշմա» կոչվող խմբից: Տղերքը, որոնց հետ օրեր առաջ հաց էին կիսում, սահման էին պահում, խոսում էին, ծիծաղում, տխրում, ուրախանում… Զինակից ընկերները մնացել էին դիրքում: Կռվել էին մինչև վերջին փամփուշտը, մինչև սրտի վերջին զարկը: Բայց թշնամին ոհմակով էր եկել: 40-60 հոգով՝ 7 հոգու դեմ: Կամ՝ գուցե ավելի շատ: Մերոնցից մեկը հասցրել էր նահանջել: Ասում են՝ վիրավոր է, բայց կապրի: Վեցը զոհվել էին:

… Տղերքն ինչ-որ բան էին խոսում ու ծիծաղում էին: Հրաշքի է նման, որ նրանք ողջ են:  Որ ինքը ողջ է: …Սասունը զոհվեց: «Հայկ, խփվել եմ»,- ասաց: Ինքը նայեց. Սասունը չոքած էր: Արյուն չկար: «Քեզ է թվացել,- ասաց,- ո՞նց ես խփվել, որ հանգիստ խոսում ես»: Ադրբեջանցիները կրակ էին թափում կարկուտի պես: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Հանկարծ Սասունը ոտքի կանգնեց ու սկսեց կրակել: Յաշմայականները թափվում էին հնձած խոտի նման: Հետո Սասունն ընկավ: «Նահանջե՛լ»,- գոռաց Արտյոմ Գևորգյանը: Երրորդ գրոհը սկսվեց 10-15 րոպե հետո: Մութը դանդաղ ցնդում էր: Շտապել էր պետք: Շտապել: Որ ժամանակ չունենան վերադիրքավորվելու: Որ չհասցնեն նկատել ուժերի անհավասարությունը: Որ չկարողանան անարգելու տղաների մարմինները: Որ համալրում չստանան: Շտապել: Շտապել: Շտապել: Քունքերը տրոփում էին ռիթմով: Գլուխը շարժեց, որ ազատվի աչքերի առաջ հայտնվող պատկերներից:

…Մի քանի օր առաջ Թալիշի մատույցներում հայկական բանակի զինվորականի համազգեստով ադրբեջանցիներ էին նկատվել: Ամեն տուն, ամեն ծառ ու քար դարանակալ վտանգ էր: Բայց իրենք հաջողեցին: Առանց դիտարկվելու հասան դիրքի մատույցներին: Գործողությունը հրաշալի էր կառուցված: Ադրբեջանցիների մտքով չէր անցնի, որ հարվածը կգա թիկունքից: Մեծ խումբը չէր կարող աննկատ սողոսկել թիկունք: Իսկ բարձունքը (որտեղից Թալիշ ու Մատաղիս գյուղերը ասես ափիդ մեջ էին) գրավելու համար մեծ ուժեր էին պետք: Մանավանդ ՝ դիրքում ավելի քան 5 տասնյակ մինչև ատամները զինված ադրբեջանցիները սպասում էին վերահաս մարտին: Բայց նրանց մտքով չէր անցնի, որ հայերը կգրոհեն թիկունքից, մի քանի հոգանոց խմբով: Ընդամենը մեկ ջոկ: Իր ջոկը՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Գևորգյանի հրամանատարությամբ:

…Անձրև էր գալիս: Ցրտից էր, թե հուզմունքից՝ մարմինը դողում էր: Ցեխը գունդ-գունդ կպել էր սապոգներից: Նոր առաջադրանք ունեն: Ազատագրված դիրքը հանձնեցին տղաներին ու իջան հերթական առաջադրանքը կատարելու:…. Ազատագրված: Դա կռիվ չէր: Վեցը հիսունի, վաթսունի դեմ: Հաստատ ավելի շատ էին: Տապալվում էին մեկը մյուսի հետևից, բայց չէին վերջանում, ասես նորից բուսնում էին գետնի տակից: Խելահեղություն էր: …Ադրբեջանցիները վախեցան: Նրանք պարտվեցին իրենց սարսափին: Հանկարծ հասկացան, որ ջնջվել են բոլոր օրինաչափությունները, բոլոր չափումները, և ուժերի հարաբերակցությունը արդեն ոչինչ չի նշանակում: Ու փախան: Պարզապես փախան՝ մարտի դաշտում թողնելով մի քանի տասնյակ դիակ: Ինքը նայում էր շուրջն ու ոչինչ չէր զգում: Գլխում, սրտի մեջ դատարկություն էր:

…Վերջապես շենքը նշմարվեց: Հասան: Եվս մի քանի մետր, ու կմտնի ներս: Կքնի: Քունը կմաքրի ուղեղը մղձավանջային պատկերներից:…Թվաց՝ երազում է: Մի՞թե ննջեց ոտքի վրա, թե՞, իրոք, գրադը խփեց: Ինչ-որ բան ճայթեց կողքին,, ու մի հուժկու ալիք տաշեղի պես օդ բարձրացրեց մարմինը, ծեփեց աստիճաններին: Ոտքերը ճոճվում էին անուժ: Երկու ձեռքերով կառչեց աստիճաններին: Ոտքերս կորցրի՝ մտածեց: Գրադը շարունակում էր խփել: Աչքերը չէին բացվում: Մարմինն ասես չկար, միայն ձեռքերն էր զգում, որոնք ձգվել-ձուլվել էին աստիճաններին:

-Չվախենաս, ամեն ինչ լավ է լինելու:

-Փառք Աստծու, ողջ ես:

-Ախպե՛րս, պինդ կաց:

Հետո անիվների աղմուկ լսվեց: Մեքենան գնում էր ճռնչալով, ու ցավն անտանելի էր դառնում:

-Չեմ դիմանում:

-Մորֆի…

-Ապրե՛ս, տղա՛ս, շա՛տ ապրես…

Ո՞վ ասաց՝ ապրես: Մոնթե՞ն: Հա, իհարկե, Մոնթեն էր: Զորամասում բոլորը սպասում էին Մոնթեին: «Մոնթեն գալու է մեր զորամաս»,- աչքալուսանք էին տալիս իրար: Ինքը ամեն օր էլ զորամասում էր: Նույնիսկ երբեմն քնում էր զորանոցում, զինվորների հետ: Բայց այդ օրը մի ուրիշ հուզմունքով գնաց զորամաս: Հայրը նախորդ օրը պատմել էր Մոնթեի մասին: Հեքիաթի էր նման: Բոլորը խմբվել էին Մոնթեի շուրջ, ինքը ծիկրակում էր հեռվից: Հանկարծ Մոնթեն նայեց իրեն: «Ո՞ւմ երեխան է»,- հարցրեց: «Բենիամին Սեխլիյանի»,- պատասխանեցին: Մոնթեն ձեռքով արեց, կանչեց: Ինքը մոտեցավ: Մոնթեն գրկեց իրեն, նստեցրեց ծնկին: «Ի՞նչ ես դառնալու»,- հարցրեց: Ինքը հուզմունքից դողացող ձայնով ասաց. «Զինվոր, էլ ի՞նչ»: «Ապրե՛ս»,- ասաց Մոնթեն:

…- Ապրես…դիմացիր:

-Հասանք Ստեփանակերտի հոսպիտալ:

«Ապրես, սերժանտ Սեխլիյան»: Բժի՞շկն էր, թե՞ զորամասի հրամանատարը: Իր զինվորները շարված էին ձիգ ու հպարտ: «Սերժանտ Հայկ Սեխլիյանը համաբանակային մրցույթում ճանաչվել է լավագույնը ու արժանացել լավագույն հետախույզի կոչման»: Ինքը նայեց իր զինվորներին: Բոլորին՝ առանձին-առանձին: Ուզում էր ասել. «Լավագույնը բոլորիդ կոչումն է», էդ պահին հրամանատարն ասաց. «Հայկ Սեխլիյանի ղեկավարած ջոկը լավագույնն է ճանաչվել համաբանակային մրցույթում ու արժանացել լավագույն հետախուզական ջոկ կոչման»: Իր զինվորները ցնծում էին: Սիրտը պայթում էր հպարտությունից:

«Հայկ Սեխլիյան»: «Ես եմ»: Դա իր ձայնը չէր: Ուրիշ մեկը գոռաց՝ ես եմ: Նայեց, մեծ պապն էր: Նա էլ էր Հայկ Սեխլիյան: Սովետական բանակի սպան, որը կռվեց Հայրենական պատերազմում, հետո ծառայեց Հայաստանում տեղակայված զորքում: Ինքը բարձրացրեց ձեռքը, մոտեցրեց ճակատին: Ձգվեց: Զինվորական պատիվ տվեց պապին: «Պա՛պ, մենք հաղթեցինք»: «Գիտեմ»: «Պա՛պ, ոտքերս»: «Մի՛ թուլացիր»:

…Բացեց աչքերը: Սպիտակ խալաթով կինը նայում էր ժպտալով:

-Ոտքերս կտրվե՞լ են,-հարցրեց:

-Չէ՛,- ասաց կինը,- տեղում են:

-Բա ինչո՞ւ ոտքերս չեմ զգում:

-Դիմացիր:

Հանկարծ անտանելի ցավ զգաց: Ասես դաշույն խրեցին մեջքը: Ցավը վայրկենաբար տարածվեց մարմնով, եկավ, կուտակվեց գլխի մեջ:

-Օդ չկա:

-Մորֆի:

-Արագ պատրաստեք վիրահատարանը:

…Ինչ-որ բան հոսեց երակների միջով՝ սրբելով ցավը: Երանելի թմբիր էր իջել վրան: Մարմինը սահում էր թեթև, անկշիռ ու անցավ…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/04/2020